Մեկնաբանություն

12.11.2011 01:09


Սերժ Սարգսյանը պատրաստվում է հրաժարականի և գնում «վա–բա՞նկ»

Սերժ Սարգսյանը պատրաստվում է հրաժարականի և գնում «վա–բա՞նկ»

Վերջին շրջանի կադրային փոխատեղումներին զուգահեռ իշխանական քարոզչամեքենան շեփորահարում է Սերժ Սարգսյանի ինքնավստահ դառնալու և պետական ապարատին լիարժեքորեն վերահսկելու թեզը։ Ըստ սերժականների՝ այդ ամենի ապացույցն է այն, որ պաշտոնյաներին նա փոխում է թաշկինակի պես։

Եթե մի պահ դեն նետենք նախագահականից ուղղորդվող տեղեկատվական աղբը, ապա կարելի է տեսնել, որ ընդամենը տեղի է ուցել փոթորիկ մեկ բաժակ ջրում և տեղի ունեցածն էլ ոչ թե Սարգսյանի հզորության, այլ ճիշտ հակառակի մասին է խոսում։ Այդ ի՞նչ մի հզոր քայլ էր սեփական փեսային հրաժարականի հասցնելը կամ «քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ» խոսքերի հեղինակի հավատարմությունը հրաժարականով ստուգելը։

Դատելով ամենից՝ խնդիր է դրված ցույց տալ, թե որքան ուժեղ է Սարգսյանը և ինչպես է բռի մեջ պահում բոլորին։ Իրականությունը, սակայն, լրիվ հակառակն է։ Սերժ Սարգսյանի վարկանիշը ցածր է ինչպես հասարակության, այնպես էլ պետական իշխանության ճյուղերի և կառավարման համակարագի լայն շրջանակների մոտ։ Ամենայն հավանականությամբ Սարգսյանը տեղյակ է այդ ամենից ու փորձում է իր վերարտադրության խնդիրը լուծել «վա–բանկ» գնալով։ Այսինքն՝ Սարգսյանը հիմա իրեն պահում է մոլի խաղամոլի պես՝ սեղանին դնելով ամեն ինչ, և անգամ իր կյանքը։

Շատերին է հիմա հետաքրքրում, թե ինչ նպատակ էին հետապնդում կադրային այն տեղաշարժերը, որոնք լայնորեն գովազդվեցին «ազատ, բայց սերժատու» մամուլով։

Քաղաքական ներկա զարգացումների ընթացքը հուշում է, որ Սերժ Սարգսյանն իր փեսային ուղարկելով նախընտրական շտաբ՝ պատրաստվում է ինքն էլ հրաժարական տալ ու միանալ Միքայել Մինասյանին։ Այսինքն՝ կարող են տեղի ունենալ արտահերթ նախագահական ընտրություններ։ Սա, իհարկե, վարկած է, բայց, վերլուծելով նախագահական թիմի քայլերը,  այլ եզրակացության հնարավոր չէ հանգել։

Շատ հնարավոր է, որ Սարգսյանը մտքափոխ լինի և հրաժարվի արտահերթի գնալու ծրագրից ու ընտրի իշխանության հանձնման սահուն տարբերակը, բայց քանի որ նա ամեն կերպ ցույց է տալիս, որ համառորեն կառչած է աթոռից, ուստի մեծ է հավանականությունը, որ նա արտահերթ նախագահականի տարբերակը գործի կդնի։

Սարգսյանը, թերևս, փորձում է կրկնել Սահակաշվիլու սցենարը և Նոր տարվա շրջանում կազմակերպել ընտրակեղծիքները, փեսային ենթակա քարոզչամեքենայով թամաշայացման վերածել ընտրական այդ գործընթացն ու գնալ երկրորդ ժամկետի, որից հետո արդեն հլու–հնազանդ ԱԺ ձևավորել (Երևանի ավագանու պես)՝ իշխանությունը դարձնելով ժառանգական՝ հորից որդի կամ «հորից» փեսա տարբերակով։

Սարգսյանն իր հրաժարականով խնդիր ունի նախագահական ընտրություններն առաջ գցել խորհրդարանականից, քանզի շատ լավ հասկանում է, որ ձախողված ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում չի կարողանալու մեծամասնություն վերցնել ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ, իսկ դա էլ իր հերթին նշանակում է վերարտադրման անհնարինություն և իշխանափոխություն։

ԱԺ ընտրություններից առաջ ընկնելուն նպաստող հանգամանքներից է նաև այն, որ Սարգսյանը չի ուզում բացահայտվել իր «թիմի»՝ ՀՀԿ–ի առաջ ու ժամանակից շուտ ցույց տալ, որ պատրաստվում է խունվեյբինական ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, իսկ «թիմակիցներից» էլ խլել սեփականությունը՝ թաքնվելով «գործարարությունը պետք է տարանջատվի իշխանությունից ու պետական համակարգից» դեմագոգիկ կարգախոսի ներքո։

Սարգսյանի հաշվարկով՝ հիմա ամենահարմար պահն է արտահերթի միջոցով «քցել» բոլորին ու կյանքի կոչել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» նեոբոլշևիկյան ծրագիրը։ Սակայն նկատենք, որ արտահերթ ընտրություններով Սարգսյանը կհեռանա քադաֆիական կամ մուբարաքյան տարբերակով, ինչը ցանկալի չէ Հայաստանի համար, քանզի մեր երկիրն այդ ընթացքում ցնցումների կենթարկվի։

Առիթ ունեցել եմ գրելու, որ Ս. Սարգսյանը երազում է կառավարել ինչպես Քադաֆին, բայց ես էլ, որպես ՀՀ քաղաքացի և մեր երկրի ապագայով մտահոգ մարդ, չեմ ուզում, որ Սարգսյանը հեռանա ինչպես Քադաֆին։ Սա՛ է խնդիրը։

Այն որ «ֆուտբոլասերը» պետք է հեռացվի նախագահական նստավայրից, և Հայաստանը պետք է առաջ շարժվի առանց Սերժ Սարգսյանի՝ անվիճելի է մեր ժողովրդի ճնշող մեծամասնության համար։ Հարցն այն է, թե ինչպես պետք է հեռանա Սերժ Սարգսյանը։

Ռադիկալ տրամադրված զանգվածները կողմ են նրա մուբարաքացմանը կամ քադաֆիացմանը։ Ես կարծում եմ, որ ճիշտը Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոյի տարբերակն է, ինչը հնարավորություն կտա խուսափել արյունահեղությունից ու կատակլիզմներից։ Ճիշտ է, «տիրացուն» դրանից հետո պետք է դատվի, բայց դա այն գինն է, որը պետք է վճարի Սերժ Սարգսյանն իր անձի անձեռնմխելիության դիմաց։

Ամփոփելով նկատեմ, որ արտահերթ ընտրություն լինի, թե հերթական՝ միևնույն է Սերժ Սարգսյանը շանս չունի մնալու և թերևս ինքն էլ է ենթագիտակցորեն դա հասկանում, բայց պաթոլոգիկ ագահությունը ստիպում է նրան դիմել ֆորս–մաժորային  տարբերակին։ Թե ինչպիսին կլինեն զարգացումները՝ պարզ կդառնա մինչև այս ամսվա վերջ։ Կրկնեմ՝ ներկայացվածը վարկած էր։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցածով հետաքրքրվողների համար ասեմ, որ ԱԺ խոսնակին համոզեցին  կամ ստիպեցին հեռանալ պաշտոնից, քանի որ նա հանդիսանում է Հայաստանի «դե–յուրե» 2–րդ դեմքը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ՀՀ նախագահի պաշտոնակատար կդառնա Հովիկ Աբրահամյանը՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Դա է պատճառը, որ նրանից ուզում են ձերբազատվել։

Հ. Աբրահամյանը նշել էր, որ նոյեմբերի 14–ին ինքը պաշտոնապես կներկայացնի իր հրաժարականը։ Ըստ ԱԺ կանոնակարգի՝ 5 օր անց, եթե նա չհրաժարվի  հրաժարականից, ապա հրաժարականը կհամարվի ընդունված։ Այսինքն՝ ՀՀ–ն նոյեմբերի 20–ից սկսած խորհրդարանի խոսնակ չի ունենա և մինչև ԱԺ նոր նախագահի ընտրությունը եթե Սերժ Սարգսյանը հարաժարական տա, ապա երկրի ղեկավարի պաշտոնակատար, ըստ ՀՀ Սահմանադրության, կդառնա վարչապետը։ Ասել է թե՝ Հովիկ Աբրահամյանին հրաժարականի են հասցրել, քանզի շուրջ քառասուն օր երկիրը նրա ղեկավարման տակ չեն ուզում թողնել, այլ վստահում են ղեկը մահապարտի կարգավիճակ ունեցող Տիգրան Սարգսյանին, որպեսզի երկրի «դե ֆակտո» ղեկավար շարունակի մնալ Սերժ Սարգսյանը, ինչը Հ. Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ մնալու պարագայում հնարավոր չի լինի։ Վերը նշված ժամկետները հաշվի առնելով և հաշվի առնելով, որ ՀԱԿ հանրահավաքը նշանակված է նոյեմբերի 24–ին՝ կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը սպասվում է նոյեմբերի 25–ից 30–նն ընկած ժամանակահատվածում։ Նա կսպասի հանրահավաքի ավարտին ու նոր հրաժարական կտա, որպեսզի պետական բյուրոկրատիային ցույց տա իր ինքնավստահությունը, բայց դե...

Ուշագրավն այն է, որ Աբրահամյանն իր հրաժարականը մեկնաբանելիս նշում էր, թե այդ քայլին դիմել է՝ ապացուցելու համար իր հավատարմությունը նախագահին։ Ի՞նչ իմանար խոսնակը, որ Բաղրամյան 26–ում լրիվ այլ նպատակներով են իրեն ՀՀԿ չեղած շտաբի պետ առաջարկում։

Դե իսկ Միքայել Մինասյանին ոչ թե պաշտոնից ազատեցին, այլ ֆունկցիան փոխեցին, քանզի Մինասյանի պաշտոնը ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, այլ նախագահի փեսայի կարգավիճակը, որը թուրքմենբաշիացման ձգտող իշխանական հիերարխիայում ավելի ազդեցիկ կարգավիճակ է, քան ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված պետական մյուս մարմիններինը։ Լիբիայում, օրինակ, Քադաֆիի որդիները ֆորմալ պաշտոն չունեին, բայց գործնականում ղեկավարում էին այդ երկիրն իրենց «հումանիստ» հայրիկի հետ միասին։ Նույնն էր վիճակը նաև Եգիպտոսում։ Միջինասիական երկրներում էլ այժմ տեսնում ենք նույն պատկերը և, ասենք, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի փեսան երկրի «դե ֆակտո» երկրորդ դեմքն է և գրեթե ամբողջությամբ վերահսկում է տնտեսական գործընթացները։

Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանին ոստիկանապետ նշանակելուն, ապա ակնհայտ է, որ Սարգսյանը պատրաստվում է կոշտ ու էքսցենտրիկ գործչի համբավ ունեցողի միջոցով ճնշել սպասվող ժողովրդական ընդվզումը, որն անպայման կլինի «եվրոընտրակեղծիքների» արդյունքում, բայց դե ալիքի դեմ ոստիկանապետ Վովա չէ, ուզում է Վովա անունով փղի պես մեկը հայտնվի Երևանի փողոցներում՝ միևնույն է չի կարող սվիններով պահել Սարգսյանի աթոռը։ Երկրորդ «մարտի 1»–ով Ս. Սարգսյանին այլևս չի հաջողվելու նախագահի աթոռին բազմել։ Պարզ է, որ նա կփորձի կրկնել այն, ինչի շնորհիվ հայտնվեց նախագահական նստավայրում, բայց սա այն դեպքն է, երբ փորձը հաստատ փորձանք է բերելու հենց փորձ անողի գլխին։

Այս խորագրի վերջին նյութերը