Քաղաքական

13.03.2024 16:43


Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին՝ եթե չտանք, կլինի պատերազմ. Արթուր Խաչատրյանը՝ 4 գյուղերի մասին (տեսանյութ)

Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին՝ եթե չտանք, կլինի պատերազմ. Արթուր Խաչատրյանը՝ 4 գյուղերի մասին (տեսանյութ)

Ինչպես Ադրբեջանի բոլոր պահանջների առջև, 4 գյուղերի պահանջի առջև ևս Փաշինյանն ընկրնելու է: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Կան ադրբեջանական անկլավներ, որոնց մասին քպ-ական պատգամավորները խոսում էին դեռևս 2021-ին: Հետո Հայաստանում ծանրամարտի առաջնության ժամանակ քարտեզներ էին Երևանում կախել, որտեղ Հայաստանի քարտեզն էր անցքերով: Հիմա էլ պարզ ասում են՝ անելու ենք: Ադրբեջանը պահանջում է, իրենք անելու են: Փաշինյանի երեկվա հայտարարությունից 2-3 օր առաջ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը ասել է, որ առանց այլևայլությունների Հայաստանը անհապաղ պետք է այդ տարածքներն ազատի: Ազատելու մասին պարզ ասել էր նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, որ 4 գյուղերի հետ կապված մենք խնդիր չունենք, մնացած գյուղերի հարցը կլուծվի սահմանազատման գործընթացում: Բնական հարց է առաջանում, եթե ամբողջ տարածքում են ուզում սահմանազատում անցկացնել, դե թող ամբողջ հարցը կոմպլեքս լուծվի սահմանազատման, սահմանագծման գործընթացում»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը շտապում այս 4 գյուղերի հարցում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Դրանք ամենառազմավարական նշանակություն ունեցող հատվածներից մեկն են: Եթե նայենք, թե ադրբեջանական մխրճումները ՀՀ տարածք որտեղից են եղել, դրանք եղել են նոր ձևավորված սահմանից: Հիմա եթե Ադրբեջանը առանց ջանք գործադրելու գրավի այդ հատվածը, Հայաստանի ամբողջ հյուսիս-արևելքը խոցելի է լինելու, և Ադրբեջանի բանակցային հզորությունը շատ ավելի մեծ է լինելու: Ցանկացած բան կարող են պահանջել, եթե ՀՀ իշխանությունները փորձեն հակառակվել, այնտեղից կարող է լինել հերթական մխրճումը:

Սկզբից էս 4-ը կուզեն, հետո ուրիշ գյուղեր կուզեն, հետո կասեն՝ սահմանազատված չի սահմանը, ով ասաց, որ կոնկրետ այս բարձունքը պատկանում է Հայաստանին: Նույն պատճառաբանությունը կբերեն, որը բերեցին Ջերմուկի հատվածում շուրջ 150 քկմ տարածք օկուպացնելու ժամանակ»:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ եթե այդ 4 գյուղերը հանձնվեն, Վրաստան գնացող ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական թիրախում. «Բոլոր տեղի ունեցած մխրճումները ռազմավարական նշանակություն ունեցող կետերում են տեղի ունեցել: Դրանք բարձունքներ են, որոնք վերահսկում են ճանապարհները, և որտեղից հեշտ է Հայաստանը մեջտեղից կիսել:

Փաշինյանը ժողովրդի հետ խոսում է պարզ շանտաժի լեզվով՝ եթե սա չտանք, կլինի նոր պատերազմ, ժողովուրդ դու դա ուզո՞ւմ ես: Իրենք, ճիշտ է, 4 հոգու սպանեցին, եթե մենք հիմա մի բան անանեք, կարող էթ վաղը 40 հոգու սպանեն: Եթե մենք մեր իրավունքների համար պայքարենք, կարող է Երևանն էլ կորցնենք»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը