Մեկնաբանություն

10.03.2024 13:51


Էդմոն Մարուքյանի «կլասիկ» թռիչքը

Էդմոն Մարուքյանի «կլասիկ» թռիչքը

«Ելք» դաշինքը ռուբիկ–կուբիկի պես քանդվում ու հավաքվում է։ Կամ էլ՝ քանդում ու հավաքում են։ Էդմոն Մանրուքյանը կրկին ընդդիմություն է խաղում։ Նա «կլասիկ» հաճախորդ է ու «կլասիկ» ձևով է թռնում։

Էդմոնի ու Նիկոլի պատմությունը բարդ է։ Սրանք իրար հայհոյելով են ամուսնացել։ Ավելի ճիշտ՝ սրանց հայհոյելով են ամուսնացրել։ Հետո էլի բաժանվել են՝ հայհոյելով։ Էլի ամուսնացել են, էլի բաժանվում են։ Ռոմանտիկա ․․․

Մի հաշվարկով ամուսնության պատմություն

Ամեն ինչ սկսվեց Վանաձորից։ 2016–ին։ Տեղական ընտրության ժամանակ Նիկոլն ու Էդմոնը միմյանց մեղադրում էին օրվա իշխանությանը ծառայելու համար։ Երկուսն էլ ճիշտ էին, քանզի երկուսն էլ հաճախորդ էին (ներհաճախորդային կռիվների ժամանակ Ալեն Սիմոնյանը Էդմոնին «քաղաքական տրյապկա» էր անվանում, իսկ վերջինս Ալենին՝ «անբարոյականի վաստակ»)։

Վանաձորում իրար հայհոյեցին, իսկ Երևանում ամուսնացան։ Կողքից էլ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատողին կցեցին ու այդ հաճախորդաց ընտանիքի անունը դրեցին «Ելք»։

«Ելքին» մտցրեցին խորհրդարան։ Հետո Նիկոլը դարձավ վարչապետ։ Արամն ու Էդմոնը մի պահ դուրս մղվեցին նիկոլական կերակրատաշտից, հետո Արամը կատարեց եթերային դիշովկայի ֆունկցիան, Էդմոնը՝ դարձավ ընդդիմություն։

Էդմոնի ընդդիմությունը, սակայն, կարճ տևեց։ Նա նշանակվեց Փաշինյանին կից հատուկ հանձնարարություններով դեսպան/հաճախորդ։

Էդմոնը մարմնի բոլոր մասերով պաշտպանում էր Նիկոլի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու քաղաքականությունը։ Այնքան իջեցրեցին, որ Արցախը կորցրեցինք, տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում։

«Կլասիկ» թռչողը

Օրերս Մարուքյան Էդմոնը ինքնախոստովանական մի ելույթ ունեցավ, թե բա՝ իմ տեսլականը Նիկոլի տեսլականի հետ չի բռնում։ Նիկոլը Ալիևի բոլոր պահանջները բավարարում է, իսկ ինքը դեմ է դրան։

Որքան էլ Էդմոնը հիմա փորձի արդարանալ ու տարանջատվել Նիկոլից, միևնույն է ամբողջական պատասխանատվություն է կիսում 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի ունեցածի հետևանքների համար։ Հենց Պրահայում է կանխորոշվել Արցախի կորուստն ու հայերի էթնիկ զտումը։ Եթե Էդմոնը նոր է հասկացել դա, ուրեմն կիլոմետրերով պետք է հեռու մնա պետական կառավարման համակարգից ու քաղաքականությունից։ Իսկ եթե շատ լավ հասկացել է, թե ինչ է տեղի ունենում Պրահայում, բայց այդուհանդերձ մտել է դրա տակ ու Նիկոլի գիծը պաշտպանել, ապա առավելևս պետք է հեռու մնա պետական կառավարման համակարգից ու քաղաքականությունից՝ իր բաժին իրավաքաղաքական գնահատականին արժանանալով։

Առնետները «կլասիկ» են հեռանում

Էդմոնն ասում է, որ ինքը թռել է Նիկոլի կողքից ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար, այլ այն պատճառով, որ չի կիսում նրա մոտեցումները։ Եթե մի պահ հիմք ընդունենք նրա ասածները, ապա պետք է արձանագրենք, որ Էդմոնը թռնում է, որպեսզի Հայաստանի արցախացման պատասխանատվությունից խուսափի։ Այսինքն՝ իր կաշին է փրկում։

Էդմոնը ներսից է տեսել, որ Նիկոլն Ալիևի օրակարգով է առաջորդվում։ Ինքը շատ լավ իմացել է դա, բայց մնացել է Նիկոլի կողքը։ Դա նշանակում է, որ կա՛մ անձնական շահ է հետապնդել՝ թքած ունենալով Հայաստանի ու Արցախի վրա, կա՛մ Նիկոլի հետ գիտակցաբար սպասարկել է Ալիևի շահը՝ մտածելով, որ կպլստա։

Հիմա Էդմոնը հասկացել է, որ շատ հեռու են գնացել ինքն ու Նիկոլը և որոշել է թռնել։ Բայց դե թռնելով չէ։ Ինքը հավասարապես պատասխանատու է Արցախի կորստի համար, քանզի Հ1–ի եթերներից տուն չէր գնում արդարացնելու համար Նիկոլի քաղաքականությունը։ Այնպես որ «կլասիկան» չանցավ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը