Քաղաքական

07.03.2024 13:27


2 ամսում քաղաքապետարանն արդեն առանց մրցույթների միլիոնավոր դրամների 10-ից ավելի գնումներ է արել

2 ամսում քաղաքապետարանն արդեն առանց մրցույթների միլիոնավոր դրամների 10-ից ավելի գնումներ է արել

Առանց մրցույթների պետգնումների շքերթը շարունակվում է: Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգերով գնումների հարցում շարունակում է ակտիվությունը. տարեսկզբից արդեն ոչ մրցակցային ընթացակարգերով 14 գնում է հրապարակվել armpes համակարգում:

168.am-ն այս հրապարակմամբ կառանձնացնի մի քանիսը.

Հունվարի 29-ին քաղաքապետարանը մեկ անձ գնման ընթացակարգով «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին պատվիրակել է 20 միլիոն դրամով իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ: Ի դեպ, ՀՈԱԿ-ի կառավարումն իրականացնում է Երևանի քաղաքապետը։

Փետրվարի 2-ին նույն ընթացակարգով և 4 միլիոն 800.000 դրամով «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ից գերատեսչությունը գնել է ծրագրերի կառավարման համակարգչային ծրագրային փաթեթներ:

Փետրվարի 6-ին վճարումների ընդունման առցանց համակարգի սպասարկման ծառայության դիմաց քաղաքապետարանը «Լսոֆտ» ՍՊԸ-ի հետ կնքել է 1 միլիոն 500.000 դրամ արժողությամբ պայմանագիր: Նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով էլ նույն ընկերությունից քաղաքապետարանը 25 միլիոն դրամով գնել է համակարգչային ծառայություններ:

Փետրվարի 6-ին քաղաքապետարանն առանց մրցույթի պայմանագրեր է կնքել նաև «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ի հետ՝ էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարելով 17 միլիոն 280.000 դրամ, «Հայկյան ծրագրեր» ՍՊԸ-ի հետ՝ համակարգի ներդրման ծառայությունների դիմաց վճարելով 13 միլիոն 824.100 դրամ, և քաղաքապետի կողմից կառավարվող «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ի հետ՝ մի դեպքում՝ 6 միլիոն դրամով պատվիրակելով հիմնային պատվանդանների դրոշների փոխման, մաքրման և սպասարկման աշխատանքներ, մյուսով՝ 1 միլիոն դրամով՝ Հայոց բանակի տոնին նվիրված միջոցառումների ձևավորման ծառայություններ:

Փետրվարի 26-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար գերատեսչությունը «Թայմ» ՍՊԸ-ի հետ կնքում է 1 միլիոն 400.000 դրամ գնով պայմանագիր, իսկ փետրվարի 29-ին՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ էլ կնքված պայմանագրով Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայության համար՝ հատկացնելով 54 միլիոն 538.800 դրամ:

Մարտի 4-ին Երևանի քաղաքապետարանը Կանանց տոնին նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայություններ է պատվիրակում «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ին՝ 2 միլիոն 112.000 դրամ արժողությամբ. այդ գումարով նախատեսվում է 3 թատերական ներկայացումների ցուցադրություն:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը