Կարծիք

10.11.2011 14:34


Խեղկատակության ավարտը մոտեցել է

Խեղկատակության ավարտը մոտեցել է

Հետևելով հայաստանյան շատ ու շատ լրատվամիջոցների հրապարակումներին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե նույն հեղինակները և լրատվամիջոցները գոյություն ունենային մոնղոլների կամ սելջուկների արշավանքների ժամանակ, ապա այդ ամենի մասին կգրեին այնքան հանգիստ և սառնասիրտ, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ:

Լրատվամիջոցների մի մասը, վերածվելով Սերժ Սարգսյանի քարոզչամեքենայի պտուտակի, այնպիսի կեցվածք է ընդունում, կարծես շատ նորմալ է, որ Ազգային ժողովի նախագահը պաշտոնից հրաժարվում է կուսակցություններից մեկի շտաբը գլխավորելու համար, այն էլ այն դեպքում, երբ այդ շտաբը գոյություն չունի:

Հասկանալու համար՝ ինչ վիճակում է մեր երկիրը, բավական է հանգիստ, առանց էմոցիաների և ավելորդ հույզերի հետևել լրատվամիջոցների այն խմբին, որն այդպես էլ համառորեն չի նկատում, որ երկրի կյանքում բախտորոշ որոշումների կայացմանը մասնակցում է մի երիտասարդ, որին որևէ մեկը նման լիազորություններ չի տվել: Ստացվում է, որ մեր հասարակության ներկայացուցիչների մի մասի համար նորմալ է, որ նախագահի փեսա լինելը բավական է երկրի կյանքում վճռորոշ դերակատարում ունենալու համար:

Սերժ Սարգսյանի քայլերով հիացող պաշտոնյաները, քաղաքական գործիչները, փորձագետ կոչվածները, լրագրողները այդպես էլ իրենց մեջ համարձակություն չեն գտնում ասելու, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնանկ եղած տեղակալը որևէ իրավունք չունի մասնակցելու ընտրությունների նորմալ ընթացքին, որքան էլ լինի նախագահի փեսա և աշխատի ՀՀԿ դեռևս գոյություն չունեցող շտաբում:

Մի պահ պատկերացրեք՝ ինչ կլիներ Ֆրանսիայում, եթե այդ երկրի նախագահի փեսան զբաղեցներ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը և փորձեր հրահանգներ տալ նախարարներին, իսկ հետո էլ պաշտոնը թողներ և հայտարարեր, թե ամեն ինչ անելու է, որ ընտրություններն աննախադեպ լավը լինեն: Բնականաբար, Ֆրանսիայում և նման կարգի որևէ այլ երկրում նման բան լինել չէր կարող: Մեզ մոտ լինում է, և ամենավատն էլ այն է, որ քարոզչամեքենան փորձում է ժողովրդին ներշնչել, թե ամեն ինչ նորմալ է, և ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

Իսկ հիմա պատկերացրե՛ք, թե ինչ կլիներ, եթե Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նախագահը հրաժարական տար, որ վարչապետին կամ թագուհուն իր հավատարմությունն ապացուցեր, և հայտարարեր, թե աշխատելու է իշխող կուսակցության նախընտրական շտաբում, երբ այդ շտաբը գոյություն էլ չունի: Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և նույնիսկ Մոնղոլիայում նման բան չի կարող լինել, բայց մեզ մոտ գոյություն ունի, և վարչախմբի քարոզչամեքենան էլ ամեն ինչ անում է, որ ժողովուրդը նորմալ համարի այս խայտառակ փաստը:

Երկրի քաղաքապետն արտերկրում աշխատանք է գտնում, թողնում զբաղեցրած պաշտոնը և հեռանում երկրից: Պետական քարոզչամեքենան այս ամենը շատ նորմալ է համարում և նույնիսկ փորձում ընդգծել, որ քաղաքապետին, հակառակ գործող օրենքների, նշանակում և ազատում է նախագահը: Այս ամենն արվում է երկրի նախագահի ուժը ցուցադրելու և ՀՀ քաղաքացիներին սարսափեցնելու համար։ Եվ նման վարչախումբը վերարտադրվելու նկրտումներ ունի: Համաձայնվե՛ք, որ սա իսկական ողբերգություն է Հայաստանի համար:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանն արտերկրում հայտարարում է, թե իրենք մտադիր են կազմակերպել Հայաստանի պատմության ամենաարդար ընտրությունները: Ասում է՝ հաստատ հավատացած լինելով, որ իրենք նման բան չեն կարող անել: Տիգրան Սարգսյանը և Սերժ Սարգսյանն ավելի քան հրաշալի գիտեն, որ իրենց վարկանիշն ամուր կառչած է զրոյից, և արդար ընտրությունների դեպքում վերարտադրվելն անհնար է: Գիտեն, բայց հիմա էլ ուզում են միջազգային հանրությանը մեծ բլեֆի մասնակից դարձնել: Պարզ է, չէ՞, թե ինչ դաժան ապագա է սպասվում Հայաստանին, եթե հանկարծ Տիգրան Սարգսյանն ու նրա թիմը շարունակեն կառավարությունում արկածախնդրություններով զբաղվել, իսկ Սերժ Սարգսյանն էլ հիանա նրանց գործողություններով:

Որևէ նորմալ երկրում որևէ նախագահի, վարչապետի կամ միապետի մտքով չի անցնի ոստիկանապետի փոփոխությունը ներկայացնել որպես կարևորագույն իրադարձություն և դեռ մի բան էլ ամեն գնով ցանկանալ ժողովրդին հասկացնել, որ դա տեղի է ունեցել մեկ այլ երկրի ղեկավարի համաձայնությամբ կամ «դաբրոյով»: Համաձայնվե՛ք, որ նման վարչախումբը պետք է օր առաջ հեռանա: Մենք պետք է այնքան արժանապատվություն ունենանք, որ կարողանանք թույլ չտալ այս խեղկատակության շարունակությունը: Հայաստանը և հայ ժողովուրդը արժանի են ավելի լավ ճակատագրի:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը