Լրահոս

30.04.2009 15:35


Երիտասարդների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանը տարածել է հաղորդագրություն

Երիտասարդների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանը տարածել է հաղորդագրություն

Ս.թ-ի ապրիլի 29-ի երեկոյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ զանգահարել և հայտնել են, որ մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկվել և տեղափոխվել բուժհաստատություններ՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կողմից 01.05.2009թ. նախատեսվող հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ բաժանելու ընթացքում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի արագ արձագանքման խումբն անմիջապես այցելել են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկական համալիր: Այցելության ընթացքում պարզվել է, որ քաղաքային շտապօգնության մեքենայով այնտեղ է տեղափոխվել Վահագն Գևորգյանը, որը Պաշտպանին հայտնել է, որ Իտալիայի դեսպանատան հարակից այգում իրենց վրա են հարձակվել քաղաքացիական հագուստով 7 անձինք և ենթարկել ծեծի: Կլինիկայի բուժանձնակազմի կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո հիվանդի հայտարարության հիման վրա  համապատասխան հաղորդում է ներկայացվել  ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին:

Պաշտպանին նաև հայտնել են, որ քաղաքացիներ Արմեն Գևորգյանը և Սահակ Մուրադյանը քաղաքային շտապօգնության մեքենայով տարվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Պաշտպանը և արագ արձագանքման խումբը համոզվելով, որ քաղաքացի Վահագն Գևորգյանին ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն՝ անմիջապես այցելել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Ն. Թադևոսյանը հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել նշված քաղաքացիներից միայն Արմեն Գևորգյանը՝ նախնական եզրակացությամբ հնարավոր բազմաթիվ վնասվածքներով: Այցելուն հայտնել է, որ վայր է ընկել, որից հետո նրան զննել է վնասվածքաբանը, վիրաբույժը, ուրոլոգը, կատարվել է ներքին օրգանների սոնոգրաֆիա: Կատարված բուժզննության արդյունքում վնասվածքներ չեն հայտնաբերվել, որոնց մասին տեղեկացվել է այցելուն: Վերջինիս առաջարկվել է անցնել ռենտգեն հետազոտում, որից նա հրաժարվել է և հեռացել հիվանդանոցից:

Այդ ընթացքում Պաշտպանին է մոտեցել Լևոն Զուրաբյանը և նշել, որ նրա հետ է կապվել ՀՀ Ոստիկանության կենտրոնի բաժանմունքի պետ Աշոտ Կարապետյանը և սպառնացել քրեական գործ հարուցել Վահագն Գևորգյանի նկատմամբ, եթե վերջինս չհրաժարվի դեպքի առթիվ տրված ցուցմունքներից:  

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է տեղի ունեցած բռնությունները և կոչ է անում Ոստիկանությանը իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները բռնարարք կատարած անձանց հնարավորինս արագ բացահայտելու և օրենքով  սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլապես Ոստիկանության անգործությունը կարող է դիտվել որպես նմանատիպ դեպքերի խրախուսում:

Այս խորագրի վերջին նյութերը