Քաղաքական

05.03.2024 20:29


Կառավարական օդանավն սկսել է շահագործել Սուքիասյանների ավիաընկերությունը

Կառավարական օդանավն սկսել է շահագործել Սուքիասյանների ավիաընկերությունը

Կառավարական ինքնաթիռը, որն սպասարկում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, նախորդ տարվա սեպտեմբերից շահագործում է հայ-մոլդովական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը: Գրել է «Հետքը»։

Այս ընկերության 29 %-ը պատկանում է իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին. ընդ որում՝ 20 %-ի տերը Սուքիասյանի կրտսեր եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը, իսկ 9 %-ի փայատերը փաստացի Սուքիասյաններին պատկանող «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ն է (փաստաթղթերով ՍՊԸ-ի սեփականատերն այլ անձ է, սակայն խորհրդի նախագահը Էդուարդ Սուքիասյանն է): «Ֆլայուան Արմենիայի» մյուս սեփականատերերի մասին կարող եք կարդալ այստեղ: Միայն ասենք, որ դրա 46 %-ը պատկանում է մոլդովական «Fly One» ավիաընկերությանը:

Սեպտեմբերից կառավարական ինքնաթիռը շահագործում է «Ֆլայուան Արմենիան»

Թռիչքներին առցանց հետեւող կայքերում 2023-ի դեկտեմբերից Փաշինյանի ու նախագահ Խաչատուրյանի արտասահմանյան թռիչքների համակալումները (FIE4001 եւ FIE4002) ցույց են տալիս, որ թիվ 1 բորտը սկսել է շահագործել «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն, որի 29 %-ը, ինչպես ասվեց վերեւում, Սուքիասյան ընտանիքին է պատկանում: FIE-ն այս ավիաընկերության՝ ICAO-ից ստացած կոդն է:

Ու չնայած վերոնշյալ կայքերում կառավարական բորտի թռիչքներն սկսել են FIE-ով համարակալվել դեկտեմբերից, Քաղավիացիայի կոմիտեից «Հետքը» տեղեկացել է, որ «Ֆլայուան Արմենիան» պետական օդանավի շահագործող է դարձել ավելի շուտ՝ 2023 թ. սեպտեմբերի 8-ից:

Ներկայացնում ենք կառավարական օդանավի թռիչքները, որոնք նախորդ տարվա դեկտեմբերից flightaware.com կայքում նշվում են FIE կոդով:

FIE4001 (Ն. Փաշինյանի ուղեւորությունները)

25.12.2023 – Երեւան-Սանկտ Պետերբուրգ
26.12.2023 – Սանկտ Պետերբուրգ-Երեւան
26.01.2024 – Երեւան-Թբիլիսի
27.01.2024 – Թբիլիսի-Երեւան
02.02.2024 – Երեւան-Ալմաթի
02.02.2024 – Ալմաթի-Երեւան
16.02.2024 – Երեւան-Մյունխեն
18.02.2024 – Մյունխեն-Երեւան
21.02.2024 – Երեւան-Փարիզ
22.02.2024 – Փարիզ-Երեւան
27.02.2024 – Երեւան-Աթենք
27.02.2024 – Աթենք-Երեւան
05.03.2024 – Երեւան-Կահիրե

27.02.2024, Փաշինյանին տեղափոխող Աթենք-Երեւան չվերթը

FIE4002 (Վ. Խաչատուրյանի ուղեւորությունները)

05.02.2024 – Երեւան-Բուդապեշտ
07.02.2024 – Բուդապեշտ-Երեւան
26.02.2024 – Երեւան-Բաղդադ
26.02.2024 – Բաղդադ-Երեւան (օդանավն առանց նախագահի է վերադարձել)
29.02.2024 – Երեւան-Բաղդադ (օդանավը մեկնել է նախագահի հետեւից)
29.02.2024 – Բաղդադ-Էրբիլ
29.02.2024 – Էրբիլ-Երեւան

Չնայած թռիչքներին առցանց հետեւող բոլոր կայքերում կառավարական բորտի թռիչքներն այլեւս համարակալվում են «Ֆլայուան Արմենիայի» FIE կոդով, «Հետքն», այնուամենայնիվ, հարցում էր ուղարկել Քաղավիացիայի կոմիտե՝ հավաստիանալու, որ օդանավի նոր շահագործողը մասամբ Սուքիասյաններին պատկող ավիաընկերությունն է:

Նկատենք, որ Հայաստանում 9 ավիաընկերություն կա, որոնք ուղեւորափոխադրումներ են կատարում: Դրանցից 7-ը ինքնաթիռ է շահագործում, սակայն ներկա իշխանության ընտրությունը, փաստորեն, կանգ է առել «Ֆլայուան Արմենիայի» վրա:

Այս խորագրի վերջին նյութերը