Քաղաքական

05.03.2024 07:02


Օկուպացված Խրամորթի Սբ․ Աստվածածին եկեղեցին՝ ադրբեջանական մշակութային ցեղասպանության զոհ

Օկուպացված Խրամորթի Սբ․ Աստվածածին եկեղեցին՝ ադրբեջանական մշակութային ցեղասպանության զոհ

Հայքի մշակույթի օմբուդսմենը ահազանգում է․

Արցախը ամբողջապես բռնազավթելուց հետո Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի կողմից Արցախում և Նախիջևանում իրականացվող մշակութային ցեղասպանությունը հանդիսանում է Թուրքիայի կողմից պետական մակարդակով Արևմտյան Հայաստանում իրականացվող մշակութակործան քաղաքականության շարունակությունը: Ինչը փաստում է այն մասին, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը ստեղծվել է հենց ցեղասպան քաղաքականության արդյունքում: Ամբողջապես հայաթափված Արցախում Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձավ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Ադրբեջանական «APA TV»-ն 2024 թ. մարտի 1-ին հրապարակեց մի տեսանյութ, (https://www.youtube.com/watch?v=dVHGOd3DHCI) որից հստակորեն երևում է, որ եկեղեցին օգտագործվում է որպես պահեստ՝ տարբեր իրեր՝ հատկապես պլաստիկ շշեր պահելու համար: Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցին ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների թիրախում է հայտնվել նաև 1990- ական թվականներին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ: «Ադրբեջանցի» զավթիչների կողմից արձակած կրակոցների հետքերը պահպանվել են ինչպես եկեղեցու պատերին, այնպես էլ՝ եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա:

Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած վանդալիզմի մասին լուսանկարներ է հրապարակվել նաև «@MountainsOfKarabakh» տելեգրամյան ալիքում:

Եկեղեցին կառուցվել է 1800 թվականին: Հարկ ենք համարում նշել, որ հայկական եկեղեցիները որպես պահեստ օգտագործելն ադրբեջանական ձեռագիր է, որին առնչվող բազմաթիվ օրինակներ կան, մասնավորապես՝ մինչև բերդաքաղաքի ազատագրումը՝ 1992 թ.։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրիկիչ եկեղեցին օգտագործվել է որպես ռազմամթերքի պահպանման պահեստ (https://hayqnews.am/?p=2675...) ։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմից հետո օկուպացված Հադրութում՝ Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարոյի վանքը օգտագործվում է ռազմական նպատակներով։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով վարում է անհանդուրժողական և ֆաշիստական քաղաքականություն հայկական մշակութային ժառանգության նկատմաբ:

Հաագայի 1954 թվականի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է»:

Եկեղեցին որպես պահեստ օտագործելը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։ Ամբողջականության սկզբունքին համաձայն պահպանումը ենթադրում է նախ և առաջ ժառանգության արժեքները փոխանցող տարրերի պահպանությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ առանձին տարրերի և թե՛ դրանց և ամբողջի փոխհարաբերությունները Operational Guidelines for the Implementation of the World Heritage Convention, UNESCO, Intergovernmental Committee for the Protection of The World Cultural and Natural Heritage, WHC. 11/01 November 2011, պարագրաֆ 119 (https://monumentwatch.org/.../azerbaijan-removes.../... ):

Այս խորագրի վերջին նյութերը