Քաղաքական

02.03.2024 14:17


21 մլն դրամ աշխատավարձ և հատուկ հանձնարարականով հրաժարական. Է. Մարուքյանի իրական դեմքը

21 մլն դրամ աշխատավարձ և հատուկ հանձնարարականով հրաժարական. Է. Մարուքյանի իրական դեմքը

2022 թ․ մարտի 14-ին Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան։ Սեփական նշանակումը Մարուքյանը բացատրեց ազգային-պետական շահերին սպասարկելու մտայնությամբ, մասնավորապես նշելով․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը: Մեր պետության եւ տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ սպասարկել ազգային-պետական շահերը»:

Yerkir.am-ը վերջերս ԱԳՆ-ից հետաքրքրվել էր Էդմոն Մարուքյանի աշխատավարձի չափի և ծավալած գործունեության վերաբերյալ։ Մեր ուղարկած գրավոր հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հատուկ հանձնարարություններով դեսպանը 2 տարվա ընթացքում պետական բյուջեից ստացել է շուրջ 21 մլն դրամ աշխատավարձ (վերջինիս աշխատավարձի գործակիցը կազմել է 10,50):

Աշխատավարձը, թերևս, Էդմոն Մարուքյանի աշխատանքի միակ հստակ մասն է։ Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ գործառույթներ է իրականացրել հատուկ հանձնարարություններով դեսպանը պետական նման միջոցների դիմաց և ինչով է նպաստել ազգային-պետական շահերի սպասարկմանը։ ԱԳՆ-ից, ի պատասխան մեր հարցմանը, միայն հայտնում են, որ «Էդմոն Մարուքյանը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ներկայացնում է ՀՀ շահը միջազգային հարթակնեում»։

Էդմոն Մարուքյանի «դիվանագիտական» գործունեության վերաբերյալ մանրամասներ այդպես էլ չեն ներկայացվում, դրանք բացակայում են նաև գործչի սոցցանցերի պաշտոնական էջերից, որտեղ հիմնականում հանդիպում ենք ներքաղաքական թեմաներին անդրադարձերի, ընդդիմության և ընդդիմադիր տարբեր գործիչների վերաբերյալ իշխանական թեզերն արտահայտող գրառումների և սեփական կուսակցության անդամների գովերգմանը։

Պաշտոնի նշանակվելուց հետո Մարուքյանը մասնակցել է արտաքին քաղաքական հարցրեին առնչվող եզակի միջոցառումների, փոխարենն աչքի է ընկել իշխանության ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում իրականացվող քայլերն արդարացնելով և իշխանության ներկայացուցիչներից պատասխանատվության սլաքները շեղելու փորձերով։

Ահա ընդամենը մի քանի օրինակ.

screenshot_2

Պարզվում է՝ հարկատուների հաշվին 2 տարի աշխատավարձ ստացած գործիչն այս ընթացքում զբաղվել է իշխանական թեզերի տարածմամբ, իսկ հիմա նշում է, որ զբաղեցրած պաշտոնից հեռանում է, իբր, «վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տարբերությունների» պատաճառով։

Հիմա, երբ միայն շատ ալարկոտը չի խոսում Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականության և վերջինիս փոփոխության անհրաժեշտության մասին, Էդմոն Մարուքյանի այս քայլն ավելի շատ հատուկ հանձնարարականներով հրաժարական է հիշեցնում քաղաքական դաշտի հնարավոր վերադասավորումներից առաջ, որոնց դեռ պետք է պատրաստվել և փորձ անել հանրությանը ներկայանալ ազգային-պետական շահերը սպասարկողի դիրքերից, ոչ թե որպես կործանվող քաղաքական թիմի շարքային անդամ։

Այս խորագրի վերջին նյութերը