Քաղաքական

28.02.2024 15:08


Թիվ 130 հիմնական դպրոցում իրավիճակը չի հանդարտվում․ աշակերտները դասադուլ են անում

Թիվ 130 հիմնական դպրոցում իրավիճակը չի հանդարտվում․ աշակերտները դասադուլ են անում

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝ իրենց բողոքն արտահայտելով տնօրեն Նվարդ Հովսեփյանի դեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի աշխատակիցներից մեկը:

«Աշակերտները դասադուլի փորձեր են անում, միջանցք են դուրս գալիս, բայց մենք թույլ չենք տալիս, որ նման կերպ իրենց պահեն: Չնայած նրան, որ դպրոցի աշխատակիցները փորձում են թույլ չտալ դասադուլ իրականացնել, այնուամենայնիվ առավոտվանից դասապրոցեսը պատշաճ տեղի չի ունենում: Այս պահին դպրոցում նաև ոստիկաններ կան»,-պատմեց նա։

Աշխատակցի խոսքով՝ խնդիրը ոչ թե անձնական է, այլ համակարգային․ «Աշխատակիցներից շատերին դուր չեն գալիս այն մեթոդները, որոնցով տնօրենը՝ Նվարդ Հովսեփյանը ղեկավարում է դպրոցը: Բարձրաձայնվող խնդիրները, որոնք վերաբերում են թե՛ աշակերտների կարգապահությանը, թե՛ աշխատակիցների միջև հարաբերություններին, երբեք վերջնական լուծումներ չեն ստանում»։

Անդրադառնալով Նվարդ Հովսեփյանի տարածած հայտարարությանը, թե անհամաձայնությունների պատճառը թերությունների պատճառով ստացած նկատողություններն են, դպրոցի աշխատակիցն ասաց, որ թերացումներ և նկատողություններ միշտ կարող են լինել, սակայն նրանք չեն ցանականում, որ դրանք արվեն բոլորի ներկայությամբ և վիրավորական տոնով․

«Փոխտնօրեններին ուսուցիչների ներկայությամբ է նկատողություն անում, ուսուցիչներին՝ աշակերտների, աշակերտներին էլ միջանցքում՝ մյուս աշակերտների ներկայությամբ․ սա է խնդիրը»,-պարզաբանեց աշխատակիցը և հավելեց, որ տնօրենը խուսափում է աշխատակիցների հետ շփումից և խնդրի մասին զրուցելուց, հիմնականում իր աշխատասենյակում է գտնվում:

Նա նշեց նաև, որ եթե խնդիրը լուծում չստանա, երեք փոխտնօրեններն էլ, որոնց դիմումները դեռևս մակագրված չեն, կհրաժարվեն իրենց լիազորություններից:

Հիշեցնենք, որ նախօրեին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի բակում աշակերտների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում և հանդիպում էին պահանջում տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ: Ծնողները նշում էին, որ նոր տնօրենի՝ գործունեության 1,5 տարում տասնյակ ուսուցիչներ են սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել: Երեկ էլ երեք փոխտնօրեններն են միաժամանակ ազատման դիմում ներկայացրել:

Այս խորագրի վերջին նյութերը