Վարդապետյանի օրոք 50-ից ավելի դատախազ է հեռացել համակարգից
News.am-ը գրում է. Հայաստանի պատմության առաջին կին դատախազի՝ Աննա Վարդապետյանի պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում 50-ից ավելի դատախազներ են հեռացել համակարգից:Պաշտոնաթող դատախազներից ոմանք սկսել են զբաղվել փաստաբանական գործունեությամբ, որոշներն էլ նախընտրել են ծառայել ՀՀ քննչական կոմիտեում և այլ իրավապահ մարմիններում:
Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը, որը նախքան Ազգային ժողովի իշխանական պատգամավորների կողմից դատախազ ընտրվելը, երբևէ չէր աշխատել դատախազությունում, աշխատանքից ազատել է հիմնականում դատախազության համակարգի հնաբնակներին՝ փորձառություն և քիչ թե շատ հեղինակություն ունեցող դատախազների:NEWS.am-ն ուսումնասիրելով գլխավոր դատախազի հրամանները, պարզել է, որ միայն 2022-ին՝ պաշտոնը ստանձնելու տարում, Վարդապետյանն աշխատանքից ազատել է 15 դատախազների, այդ թվում՝ գլխավոր դատախազի 2 տեղակալների, զինվորական դատախազի 2 տեղակալների, մարզային 4 դատախազների, ինչպես նաև 3 վարչության պետերի:
Պաշտոնավարման երկրորդ տարում` 2023-ին դատախազության համակարգից հեռացել է 35 դատախազ, որոնց մեծ մասը (14 դատախազ) մարզերի դատախազներ և Երևանի վարչական շրջանների դատախազներ (7 դատախազ): 2023թ. դատախազության համակարգից անսպասելի հեռացան նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հայտնի երկու դատախազները՝ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը և Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Պետրոս Պետրոսյանը: Աղմկահարույց պաշտոնանկություններից մեկ տարի անց երկու դատախազները տեղափոխվեցին իրենց երբեմնի գործընկերոջ՝ նախկին դատախազ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույց՝ Քննչական կոմիտե:
Մասնավորապես Քյարամյանի հրամանով՝ Գևորգ Բաղդասարյանը նախ նշանակվեց ՔԿ նախագահի խորհրդական, ապա Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ: Իսկ Պետրոս Պետրոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ: 2023թ. ոչ պակաս անսպասելի էր ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությունը:
Քոչարյանը, որը նախկինում զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը և 2019-ին աշխատանքից ազատվել էր քաղաքական հայտարարություն անելու համար, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում աշխատեց ընդամենը մեկ տարի: Իսկ 2024թ. երկու ամսում համակարգից հեռացել է արդեն 5 դատախազ: Ուսումնասիրելով դատախազների՝ պաշտոններից ազատաման հիմքերը, պարզ դարձավ, որ նրանց մեծ մասն աշխատանքից ազատվել է անձնական դիմումի համաձայն: Միայն մեկ դատախազ է պաշտոնից ազատվել որակավորման հանձնաժողովի համապատասխան որոշմամբ՝ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով:
Մինչդեռ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատախազին պաշտոնից ազատելու ավելի քան մեկ տասնյակ հիմքեր, այդ թվում՝ դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը, հաստիքի կրճատումը և այլն: Համակարգից նման մասշտաբի կադրային արտահոսքը ոմանք պայմանավորում են գլխավոր դատախազի՝ համակարգը նախկին կադրերից «մաքրելու» քաղաքականությամբ, սակայն դատախազության մեր աղբյուրների պնդմամբ՝ համակարգից փորձառու կադրերի հեռանալու հիմնական պատճառը եղել է Աննա Վարդապետյանի հետ համատեղ աշխատելու անհնարինությունը:
Համակարգից որակյալ կադրերի նման արտահոսքը, բնականաբար չէր կարող անհետևանք մնալ: Դատախազների լիազորությունների կասեցումը, շատ դեպքերում պատճառ է դարձել գործող դատախազների աշխատանքային ծանրաբեռնվածության ավելացմանը, իսկ նոր նշանակված դատախազների համար նախկինների հսկողության ներքո գտնվող քրեական վարույթների, ինչպես նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի վերանայումը լրացուցիչ պատասխանատվության բեռ ու գլխացավանք է առաջացրել:
Նշենք, որ դեռևս փետրվարի 15-ին NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր գլխավոր դատախազություն՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել դատախազների՝ պաշտոնից ազատման հիմքերի վերաբերյալ: Հետաքրքրվել էինք նաև, թե վերջին մեկուկես տարում քանի՞ դատախազ է ընդգրկվել դատախազների ռեզերվում: Դատախազությունից, սակայն հրաժարվել էին կոնկրետ վիճակագրություն տրամադրել՝ ուղղորդելով պաշտոնական կայքի «Գլխավոր դատախազի հրամաններ» բաժին, իսկ դատախազների ռեզերվի հետ կապված հարցը, ընդհանրապես շրջանցել էին:
Դատախազության պատասխանից ենթադրվում է, որ այս կառույցում կադրային քաղաքականության հետ կապված ընդհանրապես վիճակագրություն չի վարվում, կամ էլ այս կառույցում չեն ուզում հիշել «նախկիններին»: Իսկ ինչ վերաբերվում է տեղեկատվության տրամադրման նման մոտեցմանը, ապա, մեղմ ասած, ողջամիտ չէ հղում կատարել կայքի մի բաժնի, որտեղ առկա են գլխավոր դատախազի ավելի քան 300 հրամաններ, որոնք ուսումնասիրելու, և օբյեկտիվ տեղեկատվությունը մշակելու համար լրագրողից լրացուցիչ ջանքեր և ժամանակ է անհրաժեշտ: Առհասարակ, նման մոտեցումը չի նպաստում լրագրող-դատախազություն թիրախային աշխատանքի արդյունավետությանը, ընդհակառակը, խաթարում է տվյալ կառույցի նկատմամբ լրագրողի վստահությունը, որը վաստակելու խնդիր՝ վարչապետի նախկին օգնականը, կարծես թե չունի:
Վարդապետյանի օրոք 50-ից ավելի դատախազ է հեռացել համակարգից
News.am-ը գրում է. Հայաստանի պատմության առաջին կին դատախազի՝ Աննա Վարդապետյանի պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում 50-ից ավելի դատախազներ են հեռացել համակարգից: Պաշտոնաթող դատախազներից ոմանք սկսել են զբաղվել փաստաբանական գործունեությամբ, որոշներն էլ նախընտրել են ծառայել ՀՀ քննչական կոմիտեում և այլ իրավապահ մարմիններում:
Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը, որը նախքան Ազգային ժողովի իշխանական պատգամավորների կողմից դատախազ ընտրվելը, երբևէ չէր աշխատել դատախազությունում, աշխատանքից ազատել է հիմնականում դատախազության համակարգի հնաբնակներին՝ փորձառություն և քիչ թե շատ հեղինակություն ունեցող դատախազների: NEWS.am-ն ուսումնասիրելով գլխավոր դատախազի հրամանները, պարզել է, որ միայն 2022-ին՝ պաշտոնը ստանձնելու տարում, Վարդապետյանն աշխատանքից ազատել է 15 դատախազների, այդ թվում՝ գլխավոր դատախազի 2 տեղակալների, զինվորական դատախազի 2 տեղակալների, մարզային 4 դատախազների, ինչպես նաև 3 վարչության պետերի: