Մեկնաբանություն

23.02.2024 14:57


Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին

Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին

Նիկոլ Փաշինյանը շարունակում է դրսի տերերի պատվերի կատարումը: Նա ամեն ինչ անում է, որ Հայաստանը փչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, մնա առանց դաշնակից:

Ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է. «Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է»:

Նման հայտարարությամբ Փաշինյանը հաշվետվություն է ներկայացնում իր դրսի տերերին, որ ամեն ինչ անում է մեր տարածաշրջանում ռուսական ներկայությունը զրոյացնելու համար: Թե ինչ կլինի այս ամենի արդյունքում, դժվար չէ կռահելը:

Ալիևը հենց դրան է սպասում: Էրդողանն էլ: Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունների վերջնական խզմանը, որպեսզի հարձակվեն Հայաստանի վրա:

Նիկոլը շատ լավ հասկանում է այս ամենը, բայց, այդուհանդերձ, գնում է Հայաստանը դրսի ձեռքում աշխարհաքաղաքական մանրադրամ սարքելու ճանապարհով: Նա բացառապես իր անձնական անվտանգության երաշխիքներն է ապահովում: Հայաստանի հաշվին:

Արժե առանձնահատուկ ընդգծել, որ Արևմուտքը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ Ռուսաստանի և Իրանի: Պարզապես հակառուսական ու հակաիրանական քաղաքականության արդյունքում Հայաստանը կոչնչանա: Բայց դա ոչ թե Արևմուտքի, այլ մե՛ր խնդիրը պետք է լինի:

Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հայ ժողովրդի խնդիրն է: Եթե նա մնա իշխանության, ապա Հայաստանը կընկնի այնպես, ինչպես Արցախն ընկավ:

Նիկոլը ոմանց համոզել էր, որ եթե Արցախն ընկնի, ապա Հայաստանը խաղաղ կապրի: Հիմա, ինքն իրեն հայտնի կենդանու տեղը դրած, մուննաթ է գալիս, թե բա՝ Ադրբեջանն ուզում է Հայաստանը գրավել: Ինչպես ասում են՝ իյա՜, իրո՞ք:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը