Կարծիք

30.04.2009 14:13


Միտք և գործողություն

Միտք և գործողություն

Սպասում էի, որ Երվանդ Բոզոյանի վերլուծական հոդվածաշարն ավարտվի, նոր արձագանքեմ: Դեռ առաջին հոդվածից («Ինչպե՞ս կառուցել ժամանակակից պետություն») հասկացվում էր, որ կոնկրետ ելք ա առաջարկվելու, ամենայն հավանականությամբ' «ազգային իրատեսական իդեալներ ու ծրագրեր», որոնց բացակայության մասին խոսվում էր նշված տեքստում: Ուզում էի ելքն առաջարկվի, նոր առարկեմ: Գիտեի, որ առարկելու եմ, որովհետև հոդվածաշարի արդեն հրապարակված տեքստերի հիմքում ընկած բուն մոտեցումն ա իմ համար  անընդունելի: 

Վերևի բոլոր նախադասությունները Հրանտ Տեր-Աբրահամյանի սիրած անցյալ անկատար ժամանակով էին, որովհետև տեսնելով, որ Երվանդի հոդվածաշարը շատ ա երկարում, որոշեցի մինչև դրա ավարտն արձագանքել: Ի՞նչն ա, որ Երվանդի մոտեցման մեջ իմ համար անընդունելի ա: Համոզումը, թե մեր էսօրվա անհաջողությունների պատճառը անցյալի մեջ ա, ավելի ճիշտ՝ անցյալի սխալները չգիտակցելու մեջ: Հայտնի փիլիսոփան էլ բերվում ա որպես էս վարկածի պաշտպան. «Ամերիկյան փիլիսոփա Ջորջ Սանտայանան նշում էր, որ այն ժողովուրդը, որ չի վերլուծում իր անցյալի սխալները, դատապարտված է կրկնելու նույն սխալները»: Գուցե: Իսկ եթե ժողովուրդն առավոտից իրիկուն հենց նրանով ա զբաղված, որ մտածում ա անցյալի սխալների մասի՞ն: Ես կարծում եմ, էս դեպքում էլ ա ժողովուրդը դատապարտված: Հայտնի հոգեբանական ֆենոմեն կա, որին սեփական փորձից շատերը ծանոթ կլինեն. ինչից շատ ես վախենում, կատարվում ա: Բայց եթե անգամ չկատարվի, եթե անգամ անցյալը չկրկնվի, հենց մենակ էն փաստը, որ դու սևեռվել ես «անցյալի սխալների» վրա, անընդհատ դրանց մասին ես մտածում, հավասարազոր կլինի անցյալի կրկնությանը, որովհետև կամքդ կաթվածահար կանի: Ի դեպ, չնայած բոլորս էլ խոսքի մեջ օգտագործում ենք ,անցյալի սխալե արտահայտությունը, էդ բառակապակցությունը, եթե գիտականորեն հարցին նայենք, իմաստ չունի:  Վստահ լինելու համար, թե անցյալում կատարված որևէ քայլ սխալ ա, պետք ա ապացույց ունենաս, թե մեկ ուրիշ քայլ կատարելու դեպքում ստանալու էիր ավելի լավ արդյունք: Բայց նման ապացույց ունենալն անհնար ա, քանի որ պատմությունը հետ չի շրջվում ու մնացած տարբերակները փորձարկել հնարավոր չի: Հետաքրքիր ա, որ Երվանդի վերջին տեքստը («Մի քանի դիտարկում՝ ցեղասպանության պատճառների շուրջ») հենց սրա մասին ա, էն մասին, որ Օսմանյան իշխանությունների նկատմամբ մեր կեցվածքին վերաբերող «թե՛ պահպանողական և թե՛ հեղափոխական տեսակետներն իրավունք ունեն գոյատևելու» (պահպանողական տեսակետն ասում ա. եթե հայ հեղափոխականները թուրքերին մեր դեմ չտրամադրեին, 1915-ը չէր լինի): Նշածս տեքստը մի քիչ զարմանալի ձևով ա կառուցված: Նախ նշվում են պահպանողականների փաստարկները, հետո հեղափոխականների հակափաստարկները: Սրանից հետո հեղինակը, չնայած նախաբանում մեզ խոստացել էր էս փաստարկներն ու հակափաստարկները վերլուծել, փոխանակ դա անի, բերում ա սեփական փաստարկների երրորդ շարքը: Կարդալով էդ շարքը, տեսնում ենք, որ հեղինակը ոչ պահպանողական ա, ոչ էլ հեղափոխական, լուսավորական ա: Համոզված ա, թե Արևմտյան Հայաստանը ազատել փորձող հայ հեղափոխականները դատապարտվա՛ծ էին պարտության, քանի որ արևմտահայության արժեհամակարգը պահպանողական էր: Հաղթելու համար նախ պետք էր լուսավորական աշխատանք տանել, փոխել արժեհամակարգը, ինչը հենց փորձում էին անել գրողները՝ Նալբանդյանը, Վարուժանը, Րաֆֆին, մյուսները, բայց չհասցրին, ժամանակ չկար: Հեղինակի տեսակետն ա սա, և մյուս տեսակետների նման, գոյության իրավունք ունի: Եվ, դարձյալ մյուս տեսակետների նման, ապացուցման չի տրվում: Անցյալը հետ չես բերի, հետ չես շրջի, որ ապացուցես, թե հաղթանակը հնարավոր չէր: Բայց խոսակցությունն իրականում անցյալի մասին չի, ներկայի մասին ա ու մեր մասին: Էն մասին, թե մենք ինչ պետք ա անենք հիմա: Երվանդն ասում ա՝ նախ պետք ա մեր մտածողությունը փոխենք: Ընդ որում մտածողություն փոխելն էլ պատկերացնում ա լուսավորականության սցենարով: Չէ՛, Երվանդ, անհնար ա, չի՛ աշխատի 18-րդ դարի սցենարը 21-րդ դարի Հայաստանում: Ու սրա մեջ ոչ մի ողբերգական բան չկա, որովհետև էսօրվա հայաստանցու մտածողությունը, առանց «լուսավորվելուե էլ» հենց էն վիճակով, որ ունենք, լրիվ հնարավորություն ա տալիս կառուցելու ազատ Հայաստան: Եթե 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը գնար նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, մենք հիմա ուրիշ Հայաստան կունենայինք: Ինչո՞ւ չգնաց, կապ ունե՞ր իրա էդ քայլը նրա հետ, որ հայ ժողովուրդը Լուսավորության դարաշրջանի վրայով «թռել ա»: Ես կարծում եմ՝ չէ: Մի քիչ ուրիշ լիներ Տեր-Պետրոսյանի անհատական խառնվածքը, ուրիշ լինեին Վազգեն Մանուկյանի հետ հարաբերությունները, քայլն ուրիշ կլիներ: Եթե քայլն ուրիշ լիներ, հիմա ուրիշ կլիներ նաև հայաստանցիներիս մտածողությունը: Որովհետև մտածողությունը մենակ խոսքով չի, որ փոխվում ա, նաև գործողությո՛ւնն ա մտածողություն փոխում, հաճախ շատ ավելի արագ, քան խոսքը: Չեմ կարծում, թե նոր գաղափարները հենց էն ամենակարևորն են, ինչի կարիքը հայաստանցին էսօր ունի: Գաղափարները կան, հերիք են, ուղղակի պակասում են դրանց գործի դնող գործողությունները: Եթե գործողության պատրաստ մարդիկ վերջնականորեն քչություն անեն, եթե 2008-ի շարժումը պարտվի, դա էն տեսակ հարված կլինի հայաստանցու հոգեբանությանը, որ դրանից հետո ոչ մի լուսավորական շարժումով վերքը չես բուժի: Տեսակետը, թե նախ արժեհամակարգը պետք ա փոխվի, հետո միայն դրան հետևեն կոնկրետ քայլերը, կարող ա հենց նպաստել նրան, որ գործողությունը վերջնականորեն քչություն անի Հայաստանում: Հենց դրա համար էր չհամբերեցի, ու չսպասելով Երվանդի հոդվածաշարի ավարտին, արձագանքեցի արդեն ասվածին:

Մարինե Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը