Քաղաքական

14.02.2024 16:56


Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է զիջումների գնա. Զատուլին

Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է զիջումների գնա. Զատուլին

Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Lenta.ru-ի հետ զրույցում նա արձագանքել է հայ-ադրբեջանական վերջին սրացմանը, խոսել նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։

Պատգամավորի խոսքով՝ առճակատման նոր դրվագը հերթական անգամ մեծացնում է լարվածությունը։

«Ինձ համար դժվար է դատել, թե ով է ճիշտ, ով է սխալ՝ այն տեսանկյունից, թե ով է առաջինը սկսել: Բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնհայտ է, որ Ադրբեջանը դա դարձրել է ուժի և վրեժի դրսևորման պատրվակ և այսօր այս տեղեկությունը տարածում է որպես հերթական հաղթանակ Հայաստանի հետ դիմակայությունում։ Իհարկե, այս հռետորաբանությունը ակնհայտորեն պայմանավորվածությունների հասնելու նպատակ չունի, ամենայն հավանականությամբ ճնշում գործադրելու փորձ է»,-ասել է Զատուլինը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է զիջումների գնա ցանկացած համաձայնագիր ստորագրելիս։

Զատուլինը նաև ենթադրել է, որ ըստ ամենայնի, կողմերը շատ հեռու են Անդրկովկասում իրական խաղաղության հաստատումից:

«Միակողմանի հաղթանակները, ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հաղթանակներն են, չեն հանգեցնում խաղաղության, այլ նոր հակամարտությունների և առճակատման դրվագների սերմեր են դնում»,-եզրափակել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը