Մեկնաբանություն

08.11.2011 16:23


Խորհուրդ Տիգրան Սարգսյանին՝ ստվերը մոտիկ փնտրեք

Խորհուրդ Տիգրան Սարգսյանին՝ ստվերը մոտիկ փնտրեք

Մարդու զզվելն է գալիս հայաստանյան այսօրվա գարշահոտ քաղաքական դաշտից։ Ու նողկանք առաջացնողը ոչ միայն անիմաստ, չտրամաբանված ու ընդամենը անձնական բարդույթներն ու վախերը փարատելու համար կատարվող կադրային փոխատեղումներն են, այլ նաև ստրկամտության այն դրսևորումները, որոնք հնչում են փոխատեղվածների շուրթերից։

Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող են քեզ խամաճիկի տեղ դնել, գիշերային և նեղ ընտանեկան մթնոլորտում կայացված որոշմամբ մեխի գլխի նման մի տեղից հանել ու մյուս տեղը «մխրճել», ու դրանից հետո դու կանգնես և հավատարմության երդումներ տաս քեզ հետ նման անխնա կերպով վարվածին։ Փաստորեն, Հայաստանում քաղաքական կյանքը ոչ թե քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոնների հիման վրա է զարգանում, այլ պաշտոնյաների կողմից իրենց «բաշուն» սեփական հավատարմությունն ապացուցելով։

Ո՞ր մի երկում եք տեսել, որ երկրի երկրորդ դեմքը հրաժարական տա, որպեսզի ապացուցի, թե ինչքա՜ն հավատարիմ է ինքը։ Քոռանամ ես...

Ո՞ր մի երկրում եք տեսել, որ հերիք չէ՝ նման տարօրինակ ձևով հավատարմության երդում են տալիս, մի բան էլ դրանից հետո «հավատարիմի» գլխին փաստացի շեֆ են կարգում՝ փեսայի կերպարանքով, որ հանկարծ նա հետողորմյա չանի իր երդումը։ Աստված էլ բեթարից ազատի...

Ո՞ր մի երկրում եք տեսել, որ չեղած շտաբի շեֆն իր գլխին փաստացի շեֆ ունենալու մասին հեռուստատեսության լուրերից տեղեկանա (բա որ հանկարծ այդ օրը ալարեր հեռուստացույցը միացնել), ոստիկանապետն էլ առավոտյան մամուլը թերթելիս իմանա, որ այլևս ոչ թե հրահա՛նգ տվող է, այլ՝ խուրհուրդ, էն էլ ում՝ անձամբ նախագահին։ Թերևս՝ այ քեզ բախտավորություն...

Բայց դե սա էլ բավարար չէ։ Այսքանից հետո մերօրյա «բախտիկյանները» շարունակում են երդվել ու երդվել՝ էլ՝ մենք մեր (իրե՛նց, ոչ թե ՀՀ) նախագահին չենք դավաճանի, էլ՝ հանում է, թող հանի, ուր ուզում է, թող տանի... ինչ ուզում է, թող անի... գուցե ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է, ով իմանա։

Չնայած այս ամենի հետ էլ կարելի էր մի կերպ համակերպվել, բայց դե արի ու տես, որ այս տունտունիկը ոչ միայն իրականցվում է իրենց անձնական շահերի և նկրտումների համար, այլ նաև սովորական քաղաքացիներիս հաշվին։ Նորանշանակ խորհուրդ տվող կարգված նախկին ոստիկանապետը, պարզվում է, գնացել է խորհուրդ տալու մի մարդու, ով այդ խորհրդի կարիքը բոլորովին էլ չունի։

«Մեր հանրապետության նախագահն ընդհանրապես խորհուրդների կարիք չունի, ամեն ինչ գի­տի, բայց ամեն դեպքում՝ կողքն եմ լինելու, աշխատելու եմ»,–հայտարարել է Ալիկ Սարգսյանը։

Բա մի հատ հարցնող լինի՝ եթե ձեր նախագահն այդքան ամենագետ է, բա էլ ինչո՞ւ են խորհրդականի հաստիք ստեղծել, ինչո՞ւ ենք մենք՝ հարկատուներս, ձեզ աշխատավարձ վճարում. միմիայն նրա համար, որ հավատարմության երդում տաք ձեր նախագահին ու միևնույն է՝ նրա կողքին լինե՞ք։

Ի դեպ, նախագահն այս պահին 4 խորհրդական ունի՝ Արամ Ղարիբյան, Վարդան Խաչատրյան, Միքայել Հարությունյան, Յուրի Վարդանյան։ Ալիկ Սարգսյանն էլ հետները՝ 5։ Պարզ է, չէ՞, որ այս մարդիկ 25 հազ. դրամ աշխատավարձ չէ, որ ստանում են, ոտքով այդքան կարևոր, բայց ինչպես պարզվեց՝ այդքան անիմաստ աշխատանքի գնալն էլ պատիվ չէ։ Հետևաբար հաշվեք, թե նրանց աշխատավարձի, բենզինի և այլ անձնական ծախսերի համար որքան աննպատակ գումար ենք մենք տալիս մեր սեփական գրպանից։ Ու չենք էլ կարող ասել, թե յուրաքանչյուր գերատեսչությունում որքան նմանօրինակ հաստիքներ կան, որոնք ստեղծված են միմիայն հավատարմություն ապացուցելու և իրենց շեֆի կողքին լինելու համար։ Եթե այդ մարդկանց վրա ծախսվող գումարներն էլ հաշվենք, մի ահռելի թիվ կստացվի։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.: 7 խորհրդական էլ ունի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բայց մեր խորհուրդն էլ, թերևս, չի խանգարի։

Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ գիտի ստվերի տեղը։ Նրան խորհուրդ ենք տալիս ստվերը փնտրելիս շատ հեռու չգնալ, այլ փնտրել այն Բաղրամյան 26–ի և Հանրապետության հրապարակի Կառավարական շենքի հատվածներում։ Հաստատ՝ այդ շենքերի մութ անկյուններից  ահագին բան լույս աշխարհ կարելի է բերել։ Բայց դե ո՞վ է մեր խորհուրդը լսողը. չէ՞ որ իրենք ամեն ինչ գիտեն։

Այս խորագրի վերջին նյութերը