Քաղաքական

14.02.2024 09:11


«Գրեթե հրաշքի վրա են հույս դրել». Մարկեդոնովը՝ հայ-ադրբեջանական նոր բախման մասին

«Գրեթե հրաշքի վրա են հույս դրել». Մարկեդոնովը՝ հայ-ադրբեջանական նոր բախման մասին

Հայ-ադրբեջանական սահմանին հերթական սրացումը կրկին ցույց է տալիս, որ կողմերը չափազանց հեռու են հակամարտության էջը փակելուց, և որ ղարաբաղյան հարցը խնդրի միակ պատճառը չէր: Նման կարծիք է հայտնել իր ТГ-ալիքում ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ խոսելով Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ հայկական դիրքերի գնդակոծության մասին։

Փետրվարի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, 4 զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել է:

«Չափազանց կարևոր է մատնանշել ներկայիս սրացման համակարգային հիմքերը։ Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան ձևաչափով, այն ավելի լայն է։ Հակառակ դեպքում, անցյալ տարվա սեպտեմբերյան սրացումից հետո գեշտալտը կփակվեր․.. Սակայն դրան դեռ շատ կա, առջևում սահմանազատման և սահմանագծման հարցն է, որը ֆունդամենտալ է ցանկացած պետության համար։ Առանց դրա լուծման խաղաղության պայմանագիրը կարող է պարզապես թղթի վրա մնալ։ Եվ այստեղ կողմերի տարընթերցումները չեն ավարտվում, այլ շարունակվում են»,-գրում է փորձագետը։

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կողմերը տարբեր տեմպով են գնում դեպի խաղաղության համաձայնագիր։ Բուն բանակցային գործընթացն այլևս սակարկության տեսք չունի, Հայաստանը միակողմանի զիջումներ է անում, բայց միևնույն ժամանակ ուզում է ձգձգել գործընթացը՝ հույս ունենալով ինչ-որ արտաքին աջակցության հասնել՝ ակնկալելով, որ ինչ-որ փուլում ինչ-որ մեկը՝ «մեծ ու ուժեղ», կհամոզի Ադրբեջանին, որը ոգևորվել է և պատրաստ չէ «դանդաղ շտապել»։

Ընդ որում, Հայաստանի ղեկավարության մոտ տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է՝ հին ստատուս քվոն խախտվել է հիմնականում Ռուսաստանի պասիվության պատճառով, պետք է ինչ-որ ավելի արդյունավետ դաշնակից-գործընկերներ գտնել։ Վերջին հարցազրույցներում Փաշինյանը հաճախ է կրկնում «դիվերսիֆիկացիա» բառը։ Սակայն Մարկեդոնովը թերահավատորեն է մոտենում այն բանին, որ Փաշինյանին կհաջողվի ինչ-որ «կոմպենսացնող մեխանիզմ» գտնել։

«Ե՛վ ԵՄ մոնիտորինգի խմբի (ան)գործունեությունը, և՛ ֆրանսիական խոստումները (այդ դեպքի համար հասանելիք բոլոր բարի խոսքերի հետ միասին) առանց հստակ երաշխիքների և գործիքների այս թեզի լավագույն ապացույցն են (այլընտրանքային դաշնակիցների մասին - խմբ.): Հետևություն՝ Բաքուն շտապում է և լիակատար հանգուցալուծում է ուզում, Երևանը սպասում է, ժամանակ է ձգում՝ հույսը գրեթե հրաշքի վրա դնելով: Հույսը վերջինն է մահանում ...»,-նշում է նա։

Ինչ վերաբերում Է ՌԴ գործոնին, ապա, ըստ քաղաքագետի, միջազգային ասպարեզում Հայաստանի ղեկավարության ոչ այնքան արդյունավետ գործողությունները և Արևմուտքի ավելի քիչ հաճելի գործողությունները (ՌԴ շահերի տեսանկյունից) չպետք է ինչ-որ «վիրավորանքի բարդույթ» ձևավորեն Մոսկվայի մոտ:

«Զգացմունքներն ընդհանրապես վատ խորհրդատու են։ Հայաստանից նեղանալը և Ադրբեջանի մոտ գնալը ամենակրեատիվ գաղափարը չէ, թեկուզ այն պատճառով, որ Բաքուն էլ իր պատուհաններն ու դռներն ունի դեպի Արևմուտք։ Եվ ընդհանրապես, պարզ առաջարկություններ այստեղ չեն կարող լինել, ամենակարևորը դրանք լսելու և ընկալելու ցանկությունն է»,-վստահ է Մարկեդոնովը։

Նրա կարծիքով՝ ներկայիս էսկալացիան խաղաղ գործընթացի համակարգային խնդիրների հետևանք է։ Եվ դրան հարվածելը, առանց պատրանքների, անդրադարձով հարվածում է նաև Ռուսաստանի շահերին, պետք է մտածել առաջին հերթին այդ մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը