Քաղաքական

13.02.2024 07:20


Վճռաբեկ դատարանը մերժել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի բողոքը․ «Ժողովուրդ»

Վճռաբեկ դատարանը մերժել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի բողոքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոքը վարույթ ընդունել։ Նշենք, որ գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Այդ մերժումը նշանակում է, որ գեներալը կմնա ազատության մեջ։

Հիշեցնենք, որ Վարդապետյանը պահանջում էր վերացնել ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը եւ կալանավորել գեներալին։

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեկտեմբերի 2-ին ազատ էր արձակվել 9-ամսյա կալանքից՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաեւ վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչեւ առավոտյան 7-ը պետք է տանը լինի։

Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն «Ազատությանն» ասաց՝ դատավորն այս որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ «Այն, որ մարտ ամսից է կալանավորված, այն, որ 9 ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել, այն, որ մայիսին սկսած դատաքննությունը դեռ նախնական դատալսումներ են, այն, որ 90 հոգի վկա դեռ կա լսելու, այն, որ 60 հատոր գործ կա, այն, որ նիստերը 2 շաբաթը մեկ են, այն, որ վաղեմության ժամկետին մնացել է երկու ամիս»,–ասել է նա:

46-ամյա Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար. այս գործով մեղադրյալի աթոռին են եւս 12 հոգի, նրանց թվում՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը»։

Այս խորագրի վերջին նյութերը