Լրահոս

08.11.2011 13:18


Մենք երկրի վրա ենք ապրում

Մենք երկրի վրա ենք ապրում

Հարգել հավատացյալ և ոչ հավատացյալ ընթերցող, ուշադիր, սխալմունքի մեջ չընկնեք, մեջբերված վերնագիրը Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին բ.-ին չի պատկանում,  այլ Հայաստանի հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի աղերսն է առ երկինք:

« Մեր ժողովրդի միլիոնավոր զավակների հետ միասին առ Աստված եմ ուղղում իմ աղոթքը և խնդրում ուժ, կորով ու շնորհ` Ձեր վեհ առաքելությունն իրականացնելու գործում»: (տես աղբյուրը)

http://hetq.am/arm/news/6156/nakhagahy-masnakcel-e-garegin-b-i-gahakalutyan-12-rd-taredardzin-ev-ts

Իմ այս տողերը բուռն ցանկություններից ելնելով չէ, որ գրում եմ: Գրում  եմ,  քանզի, որպես հայ մարդ, մեծ վախ  ունեմ, որ ՀՀ նախագահն իմ անունից էլ է դիմում  ամենազոր տեր Աստծուն և « ուժ, կորով ու շնորհ» խնդրում  վեհափառի համար: Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը  Աստծուն դիմելու համար իմ լիազորությունը չի ունեցել, ուստի, ես ինձ ազատ եմ զգում բոլոր կարգի պատասխանատվություններից: Թե Աստված ուժ, կորով ու շնորհ կշնորհի, այդ այլևս ջերմեռանդ հավատացյալների  ու երկնքի հետ գործ ունեցողների խղճի ու բանականության խնդիրն է...

Այս նախաբանից հետո, ցանկանում եմ դիմել հայ ժողովրդի միլիոնավոր  հավատացյալ, աթեիստ ու բոլոր դավանանքների  ու հավատքների պատկանող  զավակներին, որոնք իրենց առօրյա կյանքի հարցերը լուծում են ոչ թե երկնքում, այլ մեր ապրած հողագնդի վրա:

Մենք ինչպե՞ս ենք գնահատում հայոց պետականության ու եկեղեցու օր- օրի ջերմացող հարաբերությունները և եկեղեցու միջամտությունն ու քաղաքականացումը ,  այն դեպքում, երբ երկրի սահմանադրությունը օրենքով  հստակեցնում է պետությունը  եկեղեցուց անկախ լինելու հանգամանքը: Եկեղեցու ու պետականության տարանջատումը ու անկախությունը  եվրոպական երկրներում վերջին հարյուրամյակների ամենամեծ հասարակական նվաճումն է համարվում: Իսկ  Հայաստանում, պետություն- եկեղեցու մեղրամսյան քաղցրությունն ու ջերմությունը փակել է բոլոր կարգի կառուցողական ու ազգօգուտ քննադատությունների  ուղիները:

Ինչպես  պետության, այնպես էլ եկեղեցու համար, հայտնի են հայ ժողովրդի առջև ծառացած սոցիալական, քաղաքական, տնտեսական ու պետական անվտանգության հարցերը մեր երկրում,  սակայն  հարցերի լուծումը փնտրում են երկնքում «...զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր...» ,մոռանում են երկրի վրա ապրող աշխատավորի, գյուղացու, ծառայողների կարիքներն ու իրավունքները:  Ճիշտ է, երկնքում, երկրի ձգողական ուժերի բացակայության  պայմաններում, մարդն  իրեն թեթև է զգում, սակայն երկիր և ռեալ կյանքին վերադառնալով , հարցերն իրենց իսկական ծանրությամբ են կշռվում:

Մինչդեռ երկրի վրա, իրական կյանքում, ոչ ոք հենց այնպես ոչ մեկին հաց չի տալիս, այլ  ուժեղները թույլերի ձեռքից հաց են խլում: Հայ հոգևորականները, ովքեր օրը տասն  անգամ աղոթքով հանապազօրյա հաց են խնդրում Աստծուց, ապրում են ամենայն բարիքների մեջ, հասարակության մեջ մշտապես պահանջողի ու սպառողի դերում հանդես գալով, օգտվում են  իրենք իրենց վերապահած բոլոր արտոնություններից: Հայ կղերականները ժողովրդի համար օգտակար  ոչինչ չեն արտադրում ( Եհովայի վկա չեմ, գրողը տանի դրանց վկայությունը),  քննադատական ոչ մի  կեցվածք չեն ցուցաբերում  օլիգարխիկ, ժողովրդին շահագործող ու հարստահարող դասակարգի հանդեպ:

«Այսօր մեր երկրում և նրա սահմաններից դուրս ծավալվել է լրջագույն եկեղեցաշինական շարժում, որն առաջնորդում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մեր բնակավայրերում վեր են խոյանում նոր հոյակերտ տաճարներ...)»: ,

Այս  միտքը Հայաստանի հանրապետության նախագահինն է, մի երկրի նախագահ, որի դպրոցները սփյուռքի բարերարներն են վերանորոգում ու կահավորում: Մի երկրում, որտեղ գյուղերում մշակույթի շենքերն ու հիմնարկները փակվել են, մայրաքաղաքում մեկ կինոթատրոն է աշխատում և գրախանութների թիվը մատերի վրա կարելի է հաշվել, իսկ դպրոցական աշակերտները գրքի, հագուստի ու սննդի  համար միջոցներ չունեն... Աղաներն ու նորաթուխ հայ բուրժուազիան, հին սովորությամբ, սեփական եկեղեցիներ են կառուցում: Թե Աստված ինչպես է ընդունում անազնիվ միջոցներով կառուցած նրանց եկեղեցիները,  հայտնի է միայն  տերերին, իսկ աշխատավոր ու ճնշված ժողովուրդը, արհամարհանքով է նայում դրանց...

Հաղպատ, Սանահին, Գեղարդ, Էջմիածին , Սուրբ Խաչ, Գանձասար ու... ճարտարապետական եզակի կոթողների երկրում, նորաշեն անհաջող կրկնօրինակումները «հոյակերտ տաճարներ» անվանելը, ճարտարապետական արվեստից հեռու լինելու մասին է վկայում...

Հայաստանի իշխանությունները պարզորոշ չարաշահում են Մայր աթոռ Ս. Էջմիածնի հնարավորությունները և ժողովրդի մեկ մասի հավատքն  իրենց քաղաքական նպատակների համար: Սփյուռքում ՀՅԴ քաղաքական կուսակցությունը, որը հայ եկեղեցու բաժանման հիմնական գործոնն է (տես պատմական փաստերը),

http://www.azgdaily.com/AR/2010022717

մշտապես իր քաղաքական ու կուսակցական հարցերը լուծում է՝ չարաշահելով Անթիլիասի կաթողիկոսության լծակները... Սփյուռքում անզիջում մրցակցություն է գնում Անթիլիասի ու Էջմածնի թեմերի միջև: Մեծի Տանն Կիլիկիո Աթոռի կաթողիկոսությունը  հոգեբանական պայքար է մղում Մայր աթոռի դեմ, իր համար  հավասար իրավունքներ ապահովելու համար:

Ազգի համար այս վնասակար չարաշահումների ու մրցակցության վառ օրինակը հանդիսացավ «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողով» -ի ընթացքում (18-20 սեպտեմբեր) տեղի ունեցածը: Արամ Ա. Կաթողիկոսը օգտվելով պատեհ առիթից, գործի դրեց իր ճարտասանության բոլոր կարողությունները՝ հնարավոր բարձր ձայնով, որը ինչ- որ տեղ նաև վիրավորական էր պատկառելի լսարանի համար, վեր հանեց Հայաստանում տիրող թերությունները: Հակառակ այն բանին, որ Արամ Ա. –ի մատնանշումները ոչ մեկ նորություն չէին պարունակում, և ոչ մեկ լուծում չառաջարկվեց,  սակայն ՀՅԴ- ի քարոզչական մեքենան նրա ելույթը համարեց ուղղակի քննադատություն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.- ի հասցեին, որը  իր հերթին  քննադատական ոչ մեկ խոսք չէր ուղղել Հայաստանի իշխանություններին:

Գարեգին երկրորդ կաթողիկոսի 60 ամյակի և գահակալության 12- րդ  հոբելյանի առիթով նախագահ Սերժ Սարգսյանի մեծարման խոսքերը կարելի է գնահատել որպես փոխհատուցում Գարեգին Բ –ի չասածների համար և ի զգուշացում Արամ Ա.-ին իր՝ հանգամանքը չարաշահելու համար:

Ճշգրիտ գիտությամբ հագեցված քսանմեկերորդ դարում երկնքից հաց սպասելու քարոզչությունը ժողովրդին միտումնավոր շեղում է երկնային իրական կյանքի խնդիրներից:

Տիրող դասակարգն իր շահերի պաշտպանության ուղղությամբ ամեն անարդար միջոցի դիմում է: Հայաստանի աշխատավոր ու ճնշված դասակարգին մնում է չխաբվել և  հետևողական պայքար մղել  իր  իրավունքների պաշտպանության համար՝ իրական հողի վրա:

Դոկտ. Արամայիս Միրզախանյան

Ստոքհոլմ

Այս խորագրի վերջին նյութերը