Քաղաքական

07.02.2024 13:13


Ավագանու անդամին մանդատից զրկելը աննախադեպ երևույթ է, դա թույլ և վախկոտ իշխանության քայլ է․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Ավագանու անդամին մանդատից զրկելը աննախադեպ երևույթ է, դա թույլ և վախկոտ իշխանության քայլ է․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ երևանցիներ,

Մայրաքաղաքում իշխող փոքրամասնությունը որոշել է ավագանու 5 ընդդիմադիր անդամի զրկել մանդատից։ Բերվում է անհեթեթ պատճառաբանություն՝ քվեարկությունների մի մասին չմասնակցելը։ Ես չեմ մտնի այս հարցի տեխնիկական, դետալային դաշտ։ Ակնհայտ է, որ սա քաղաքակա՛ն հարց է, ու «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության, դրա քույր կազմակերպության կողմից կայացվել է քաղաքակա՛ն որոշում՝ փորձել ճնշել մեզ, փորձել լռեցնել երևանցու խնդիրների մասին բարձրաձայնող խմբակցությունների ձայնը։ Բայց դա նրանց չի՛ հաջողվելու։ Մենք մանդատը ստացել ենք քաղաքացուց, և երևանցու, Երևանի շահը պաշտպանելու ենք՝ անկախ մանդատի առկայությունից։

Մեզ համար ակնհայտ է, որ ՔՊԿ + «Հանրապետություն» կոալիցիայի համար բարդություններ են առաջացել իրենց երրորդ կոալիցիոն գործընկերոջ հետ։ Կուլիսային առևտուրը թանկացել է։ Քվորում ապահովելը դարձել է ծանր գործ։ Դրա համար էլ որոշել են ավելի ցածր օղակում գործարքի գնալ, որպեսզի քվորումի թեման էժանով փակեն։ Ձեռքի հետ էլ հիմա ուզում են մի քանի հոգու դեմ մահակ կիրառել, որպեսզի իրենք իրենց ուժեղ զգան։ Իսկ քվորում և ավագանու հաճախորդ անդամ այս փոքրամասնության իշխանությանը պետք է, որպեսզի հետագա թանկացումների հարցը լուծեն, թալանը հեշտացնեն։ Մասնավորապես խոսքը քաղաքային տրանսպորտի մասին է։ Իրենք գիտեն, որ մեր կողմից այդ թանկացումներին դիմադրություն է լինելու։ Գիտեն, դրա համար էլ այս ճղճիմ գործընթացն են նախաձեռնել, որպեսզի, իբր, վախենանք իրենցից։ Իրենք աթոռից ու մանդատից կառչած են և վախենում են դրանք կորցնել, ուրիշներին էլ իրենց արշինով են չափում։ Վախեցող չկա՛։

Քանի վախերից խոսեցի, նկատեմ, որ մեր երկրի թիվ մեկ վախեցած մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ինքը գիտի, թե ինչ փորձանքի մեջ է գցել ու գցում մեր երկիրը։ Ինքը գիտի, որ Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն է ուզում փոխել, ինքը գիտի, որ զիջումները դրանով չեն ավարտվելու, բայց ամեն դեպքում բավարարում է Ալիևի ու Էրդողանի պահանջները՝ դիմացն ակնկալելով սեփական անվտանգության ապահովում։

«Մայր Հայաստանը» դեմ է այս ամենին։ Մենք թե՛ համապետական, թե՛ տեղական մակարդակով արմատական ընդդիմություն ենք փաշինյանական իշխանությանը և ամեն ինչ անելու ենք ամբողջական իշխանափոխության հասնելու համար։

Հարգելի՛ երևանցիներ,

Ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկելն աննախադեպ երևույթ է։ Ես երկու այլ քաղաքապետերի օրոք եղել եմ ավագանու անդամ և կոշտ ընդդիմություն։ Մենք ընդհարումներ, փոխադարձ քննադատություններ, դատական գործընթացներ ենք ունեցել, բայց նրանցից որևէ մեկի մտքով չի անցել ինձ ու իմ ընկերներին զրկել մանդատից, ինչ է թե իրենց ուզածով չենք շարժվում կամ քննադատում ենք։

Ավագանու անդամին մանդատից զրկելը թույլ իշխանության քայլ է։ Թույլ ու վախկոտ իշխանության քայլ։

Երևանցին ՔՊԿ–ին իշխելու քվե չի տվել։ Այդ իշխանությունը նրանք զավթել են խաբեությամբ ու կուլսիային գործարքներով։ Եվ անգամ այդ ամենի արդյունքում չունեն վստահություն, որ կարող են կառավարել։

Եթե այս իշխանությունը վախկոտ չլիներ, ոչ թե մեզ ավագանու մանդատից զրկելու գործընթաց կսկսեր, այլ կգնար նոր ընտրությունների։ Մինչդեռ գերադասեցին ժողովրդի թիկունքում գործարքի գնալ ու բառիս փոխաբերական իմաստով՝ շնանալ։

Խմբակցություններից մեկի տերը բաց տեքստով հայտարարում է, որ իր թիմակիցներին ճնշում են, կանխիկ գումարով գնում են։ Որևէ մեկն իշխանությունից չի հերքում դա։ Քար լռություն է։ Հանցագործությունը լռություն է սիրում։ Փո՛ղն էլ։ Ուտելիս, ինչպես հայտնի է, չեն խոսում։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Քաղաքական հետապնդման է ենթարկվում մեր խմբակցության անդամ Նարե Սոսեն։ Մարդը թողնում հեռանում է Հայաստանից։ Փաստորեն, նրան հա՛մ ստիպեցին լքել հայրենիքը, հա՛մ մանդատից են ուզում զրկել։

Առանց պետհամարանիշի մեքենայով հետապնդում են մեր մյուս գործընեկրոջը՝ Արշակ Սարգսյանին։ Մեքենան հայտանեբերել են, դրանում գտնվող մարդկանց՝ բերման ենթարկել, բայց ոստիկանությունից դեռ բացատրություն չկա, թե ինչո՞ւ էին օրեր շարունակ հետևել Արշակ Սարգսյանին։

Ուշագրավն այն է, որ բոլոր այս միջադեպերի հետ կապված Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետի լիազորությունները ոչ օրինաչափորեն ստանձնած Ավինյանը լռում են։ Զրո արձագանք։ Կարծես ոչինչ չի եղել։ Իսկ միգուցե այդպես էլ պետք է լիներ ու դրա՞ համար են լռում։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ինչպես էլ ՔՊԿ–ն, նրան կցվածները և բերման ենթարկված կեղծ ընդդիմադիրը (ընդդիմադիրները) քվեարկեն, մենք մեր գործը շարունակելու ենք։ Այդ իրե՛նք են, որ առանց մանդատ ու պաշտոն կվերադառնան իրենց նախկին անփառունակ կյանքին։ Մենք մեր պայքարը ցանկացած կարգավիճակով շարունակելու ենք։ Մեզ մանդատ տվել է քաղաքացին, ու միայն ինքը կարող է մեր աշխատանքը գնահատել։ Մյուսների արածները մեզ համար զրոյական նշանակություն ունեն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը