Կարծիք

08.11.2011 09:35


Ինչու է լռում Ադիբեկյանը

Ինչու է լռում Ադիբեկյանը

Մինչդեռ ինչպիսի հրաշալի պահ էր խոսելու և հանրությանը տեղեկացնելու, որ ՀՀԿ գլխավոր շտաբի պետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը զգալիորեն մեծացրեց ԱԺ-ում ՀՀԿ-ի` առավել մեծ ներկայություն դառնալու հնարավորությունը: Իսկ գուցե նրան կանխեց մեկ ուրի՞շ նշանակում, օրինակ Միքայել Մինասյանի նշանակումը, ինչից չկարողացավ գլուխ հանել մեր սոցիոմետրը: Բայց նա կարող էր տնտեսական բուռն անհաջողությունների ֆոնին ՀՀԿ-ի աճ ցույց տալ խորհրդարանում, եթե, ինչպես հարկն է, մեկնաբաներ վարչապետ Սարգսյանի վերջին շրջանի կեցվածքներն ու հայտարարությունները: Վերջին հաշվով ինքը եւս վարչապետի հետ լինելու խնդիր ունի, որովհետև, աներկբա է, վարչապետը միայն քաղաքական գործիչներին ու ուժերին նկատի չուներ, երբ հրավերք էր անում իր հետ լինելու: Փրկվելու, կոտրված տաշտակի առաջ չհայտնվելու բնական պահանջ ունեն թե քաղաքական գոործիչներն ու ուժերը եւ թե ֆերմերներն ու հասարակ հողագործները:

Ինչևէ, հարցը մնում է բաց` ինչո՞ւ է լռում Ահարոն Ադիբեկյանը:

Օգտվելով մետրի լռությունից` այս օրերին մամուլի ակումբներում վխտում են զանազան քաղաքագետներ ու քաղտեխնոլոգներ, ովքեր, չտիրապետելով որևէ սոցիալական հարցման արդյունքների, սեփական եզրակացություններով փորձում են ապագա քաղաքական դաշտի էսքիզներ հրամցնել հասարակությանը: Էպատաժը, որ նրանք անում են, պետք է ասել, բավականին ազդեցիկ է երևում կողքից, երբ հրապարակում չկան սոցիալական հարցման հավաստի տվյալներ: Օրինակ` մի քաղաքագետ, Ահարոն Ադիբեկյանին հակառակ, փորձել է իջեցնել ԲՀԿ վարկանիշը, թե այս կուսակցությունը ներկայանում է միայն Գագիկ Ծառուկյանով եւ իր խազմում ընդամենը երեք խոսող դեմք ունի, որոնցից մեկը դարձյալ Գագիկ Ծառուկյանն է: Այս երևույթը սույն քաղտեխնոլոգը մինուս է համարում ԲՀԿ-ի համար: Ըստ նրա, հավանաբար, որպեսզի կուսակցությունն ավելի ազդեցիկ լինի, պետք է նրա կազմում բոլորը կամ մեծ մասը բլբուլ լինեն: Թե ինչ կշահի դրանից կուսակցությունը, դժվարանում ենք ասել, բայց համոզված ենք, որ ՀՀԿ-ի շուրջ ԶԼՄ-ների բարձրացրած այս աժիոտաժը հենց ՀՀԿ-ականների չափից դուրս շատախոսության հետևանք է: Ով ելնում` փորձում է խելոք միտք ասել, ում հարցնում ես` յուրովի է մեկնաբանում տեղի ունեցողը, ում բռնացնում ես հակասությունների մեջ, մուննաթ է գալիս, թե իրեն լավ չեն հասկացել: Խոսում են գրեթե բոլորը եւ խոսում են գրեթե ամեն ինչի մասին: Հավանաբար այսպիսին պետք է լինի կուսակցությունը, որ հաջողություն ունենա:

Մի զարմանալի համերաշխությամբ մեր քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները չեն նկատում, թե ընդհանուր վազքուղու վրա որքան ավելի առջևից է պատրասվում մեկնարկել ՀՀԿ-ն: Որքան է այդ տարածությունը, 100, 200 մե՞տր: Նշանակություն չունի: Մինչդեռ, միևնույն է, վազքի օրենքներով նույնիսկ կես քայլը, կամ տեղից մի ակնթարթ շուտ պոկվելը «ֆալշստարտ» է համարվու: ՀՀԿ-ն մի ուրիշ տեսակ «ֆալշստարտի» մեջ է այսօր, ֆուտբոլային լեզվով ասած` իսկական խաղից դուրս վիճակում եւ մի քարոզչություն է սկսել, որ օրենքով թույլատրելի չէ, բայց, ահա, հասկանալի է մարդկայնորեն: Ըստ մեզ` հենց մարդկայնորեն էլ նրան հասկանում են մամուլի ակումբներն ընկած բլբուլներն ու հաղթանակի այնպիսի տոկոսներ են շռայլում ՀՀԿ-ին, որ ոչ ուտես, ոչ խմես, այլ նստես ու սպասես այդ հաջողությանը:

Այս իրավիճակում ՀՀԿ-ի համար իսկապես կործանարար կարող է լինել Ադիբեկյանի լռությունը: Մինչդեռ վերջինս կարող էր մի քանի թվային տվյալներով իրականություն վերադարձնել «հաղթած-պրծածներին» ու նաև նրանցից պատասխան պահանջել, թե այդ ինչի՞ց է, որ ՀՀԿ-ն հանկարծ սկսել է «ենթադրությունների» պատվերներ իջեցնել օրվա քաղտեխնոլոգներին, որ սրանք միաբերան եւ համառորեն պնդեն, թե ՀԱԿ-ը անպայման կանցնի ԱԺ եւ այն էլ խորհրդարանում երկրորդը լինելու շանսերով: Որտեղի՞ց այդ ինքնավստահությունը:

Մենք չենք ասում, որ Ադիբեկյանն այս պահին կարող է տրամագծորեն հակառակ բան ասել ՀՀԿ-ին, բայց, ամեն դեպքում, մասնագետ մարդու կարծիքը միանգամայն այլ բան է, որքան էլ կուզի այն նույնական լինի աչքաչափով խոսացողների կարծիքի հետ: Մենք Ադիբեկյանին սովորել ենք եւ կարողանում ենք նրա բերած թվերի հետ գումարում-հանում անելով որոշակի պատկեր ստանալ: Հիմա երբ նա լռում է, եւ մամուլի ակումբներում անվերահսկելիության աստիճանի քաղաքականացված տարրերն են խոսում ընտրությունների արդյունքներից, մեզ ոչինչ չի մնում անելու, քան զարմանալ ու մի քիչ էլ դառը ժպտալ` մոտավորապես հետևյալ տրամաբանության մեջ. «Վախ մամա ջան, այս ո՞ւր եմ ես ընկել, ո՞ւր են իմ իրերը…»:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը