Քաղաքական

02.02.2024 11:39


Ո՞վ պիտի պատասխան տա ֆոնդի փողերը վատնելու համար, և ինչո՞ւ շտապեց հեռանալ Տիգրան Ավինյանը (տեսանյութ)

Ո՞վ պիտի պատասխան տա ֆոնդի փողերը վատնելու համար, և ինչո՞ւ շտապեց հեռանալ Տիգրան Ավինյանը (տեսանյութ)

Անցած տարվա վերջին էկոնոմիկայի նախարարի հրամանով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անաղմուկ հեռացավ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի խորհրդից։ Այդպես էլ որևէ բացատրություն չտրվեց այդ հեռացման համար։

Մինչ այդ՝ չնայած Տիգրան Ավինյանն արդեն իսկ զբաղեցնում էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը, շարունակում էր պաշտոնավարել նաև ԱՆԻՖ-ում։ Այնպես, ինչպես փոխվարչապետ աշխատելու տարիներին։

Երբ ժամանակին աղմուկ բարձրացավ, որ փոխքաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի նշանակումը հակասում է ԱՆԻՖ-ում նրա զբաղեցրած պաշտոնին, ԱՆԻՖ-ից դա հերքեցին։

Ավելին՝ հիմնավորեցին նրա այնտեղ լինելու նպատակահարմարությունը։

«Ի արձագանք մամուլում շրջանառվող լուրերի` հարկ ենք համարում պարզաբանել, որ Տիգրան Ավինյանի կողմից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի, խորհրդի նախագահի կարգավիճակում պաշտոնավարումը իրավական տեսանկյունից լիովին համատեղելի է և տրամաբանական Երևանի փոխքաղաքապետի կարգավիճակի հետ։

ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը և իրացվելիությունը ուղիղ կապ ունեն Երևանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Այս պահին քննարկման փուլում են Երևանում ԱՆԻՖ-ի կողմից նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր, որոնք գտնվում են քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։ Հետևաբար, փոխքաղաքապետի կարգավիճակի հետ համատեղությունը ԱՆԻՖ-ի անկախ վերահսկող մարմնում ինչպես չի հակասում օրենքին, այնպես էլ նպաստում է պետության ներդրումային և առկա ծրագրերի իրականացման համադրմանը։ Այս է, ի դեպ, հենց ԱՆԻՖ-ի առաքելությունը։

Նկատի ունենալով, որ ԱՆԻՖ-ի 100%-ի մասնաբաժինը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ում չի կատարում վճարովի աշխատանք, ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների իրավական անհամատեղելիության ու հակադրության մասին խոսք լինել չի կարող»,- ասված էր ԱՆԻՖ-ի տարածած հայտարարության մեջ:

Դատելով այս հայտարարությունից՝ քաղաքապետ դառնալուց հետո ԱՆԻՖ-ում Տիգրան Ավինյանի մնալու նպատակահարմարությունն է՛լ ավելի պիտի կարևորվեր, բայց նա հեռացավ կամ հեռացրեցին։ Դրա հետ կապված՝ այն ժամանակ որևէ բացատրություն չեղավ։ Միայն ամիսներ հետո կարծես ջրերը սկսել են զուլալվել ու լույս սփռել ԱՆԻՖ-ից Տիգրան Ավինյանի հեռացման պատճառների վրա։

Պետական վերահսկողության ծառայությունն ուսումնասիրություններ է արել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում, որի արդյունքում պարզվել է, որ պետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցները, մեղմ ասած, արդյունավետ չեն ծախսվել։ Այլ կերպ ասած, վատնել են հարկատուների փողերը՝ չհիմնավորված պարգևավճարներ են ստացել, այդ թվում՝ ղեկավար անձնակազմի պաշտոնատար անձինք, չնայած չեն կարողացել կատարել իրենց առջև դրված խնդիրները, սահմանված նշաձողերը։ Տնտեսական արդյունքն ու ստացած պարգևավճարները համատեղելի չեն համարվել։

Մեկ այլ դեպքում՝ մի կողմից՝ բարձր վարձատրվող համապատասխան հաստիքներ են ունեցել ու աշխատողներ են պահել, մյուս կողմից՝ այդ հաստիքներին վերագրվող ծառայությունները պատվիրել են այլ ընկերությունների, որոնց համար, բնականաբար, վճարել են։

Եղել են նաև այլ խնդիրներ, ինչի մասին լրատվամիջոցներից մեկին օրերս հայտնել էր Պետական վերահսկողության ծառայության պետը։ Դրանք վերաբերել են «ներկայացուցչություններում կամ կենտրոնական ապարատում որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, ներդրումների գործընթացներին, այդ թվում՝ նաև ղեկավար անձնակազմի աշխատավարձերի, պարգևավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, դրանց արձանագրմանը, ինչպես նաև այդ գործընթացների փաստաթղթավորմանը»։

ՊՎԾ-ից առաջ էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էր կասկածներ հայտնել ԱՆԻՖ-ի 2019-2023թթ. գործունեության, հնարավոր չարաշահումների վերաբերյալ։ Նյութերը հանձնել էր դատախազությանը, վերջինս էլ ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ քրեական վարույթ էր սկսվել։

Հիշեցնենք, որ 2019թ. սկսած Տիգրան Ավինյանը հանդիսացել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը՝ մինչև ազատվելը։

Ի՞նչ էր անում Տիգրան Ավինյանն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ Մի՞թե նա պատասխանատվության բաժին չունի նրանում, որ պետության փողերն արդյունավետ չեն ծախսվել, վատնել են։ Թե՞ տնօրենին աշխատանքից ազատելով՝ բոլոր հարցերը լուծվեցին։ Իսկ Տիգրան Ավինյանը հիմա էլ կարող է հանգիստ վայելել Երևանի քաղաքապետի պաշտոնը ու ժամանակին՝ լինելով ամենապատասխանատու պաշտոնյան կամ պաշտոնյաներից մեկը, ոչ մի պատասխանատվություն չկրել հիմնադրամում հարկատուների փողերն անարդյունավետ ծախսելու համար։

Մտահոգիչը, թերևս, նաև այն է, որ չեն արդարացել ԱՆԻՖ-ի հետ կապված ակնկալիքները։ Մեծ փողեր են ծախսել, աշխատակազմեր են պահել, բարձր աշխատավարձեր են վճարել, իսկ արդյունքներն այն չեն, ինչ ակնկալվում էր։

Ի դեպ, թափանցիկ գործունեության մասին այդքան խոսող իշխանություններն այդպես էլ չեն բացահայտում, թե ինչքան աշխատավարձեր են վճարվում այս կառույցում։ Հայտնի է միայն, որ դրանք բավական բարձր են։

ԱՆԻՖ-ի պահպանման նպատակով տարեկան ծախսվում է 4-4,5 մլն դոլար, որից 2 միլիոնը միայն աշխատավարձի ֆոնդն է։

Չնայած նման ծախսերին, այս կառույցի արդյունավետությունը բարձր չէ։ Չորս տարում ընդամենը մի քանի ծրագիր են իրականացրել, որոնց մեջ արդեն նշմարվում են նաև ձախողվածները։

Խոսքը, մասնավորապես, ազգային ավիափոխադրողի համարում ստացած «Ֆլայ Արնայի» մասին է։

Կառավարության որոշմամբ 2021թ. վերջին ավելի քան 4,7 մլրդ դրամ կամ շուրջ 12 մլն դոլար հատկացվեց ավիաընկերության 49 տոկոս բաժնեմասի սեփականությունը ձեռք բերելու համար։ Երկու տարի անց պարզվում է՝ ավիաընկերությունը, որի ստեղծումը ժամանակին համաշխարհային մակարդակի ձեռքբերում էին ներկայացնում Հայաստանի համար, ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, արդեն տևական ժամանակ թռիչքներ չի իրականացնում և կարող է ընդհանրապես դադարեցնել գործունեությունը։

Եթե անգամ մի հրաշքով այն վերսկսի թռիչքները, միևնույն է՝ կարճ ժամանակ անց կրկին կանգնելու է նույն խնդրի առաջ, որովհետև ծրագիրն է ձախողված։։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը