Քաղաքական

30.01.2024 18:21


Վրաստանը 2024 թ․ կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար

Վրաստանը 2024 թ․ կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար

Երեկ՝ հունվարի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց: Թվում էր, թե ոչ մի պատճառ չկար նրա հրաժարականի համար․ երկրի քաղաքական դաշտում հանգստություն էր տիրում:

Սակայն, քչերը ուշադրություն դարձրին այն հայտարարության վրա, որ այդ երկրի ստվերային ղեկավար Բիձինա Իվանիշվիլին կրկին որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականության: Իրականում նա երբեք էլ չէր հեռացել մեծ քաղաքականությունից, սակայն նրա գործնեությունը հիմնականում կրում էր, ստվերային բնույթ: Եվ ահա նա վերջերս հայտարարեց, որ որոշում է կայացրել կրկին վերադառնալ հրապարակային քաղաքականություն:

Վրաց փորձագետները այս հանգամանքը կապում են այս տարվա հերթական խորհրդարանական ընտրության հետ:

Իհարկե, իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» դիրքերն այսօր ամենից ամուրն են համարվում: Սակայն, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կարող են լինել այդ դիրքերը այս տարվա աշնանը՝ ընտրությունների շեմին:

Խնդիրն իրական մրցակիցների մեջ չէ միայն, բոլորն են հասկանում, որ այս տարվա աշնանը որոշվելու է, թե որ ուղով է ընթանալու Վրաստանը գալիք 4-5 տարիների ընթացքում:

Գաղտնիք չէ, որ Իվանիշվիլու հետ այսօր ստվերային բանակցություններ են վարում թե՛ Մոսկվան, և թե՛ Վաշինգտոնը: Մոսկվան առաջարկում է Իվանիշվիլուն հրաժարվել Արևմուտքի հետ ինտեգրվելու ուղուց, հռչակել, «չեզոքության» քաղաքականություն՝ դրա դիմաց առաջարկելով տնտեսական և քաղաքական մի շարք պրեֆերենցիաներ:

Վաշինգտոնը Իվանիշվիլուն զգուշացնում է, որ եթե Վրաստանը «շեղվի» իր այսօրվա ուղուց, ապա միջամտությունը այդ երկրի ներքին գործերի մեջ ավելի կոպիտ բնույթ կկրի:

Եվրոպացիները իրենց հերթին «նվեր» մատուցեցին Իվանիշվիլուն անցած տարվա դեկտեմբերի 14-ին՝ Վրաստանին դարձնելով ԵՄ-ի անդամի թեկնածու:

Հիշեցնենք, որ նույն ԵՄ-ն 2022-ի ամռանը մերժեց Վրաստանին տրամադրել այդ կարգավիճակը՝ Մոլդովային և Ուկրաինային տալով այն: Բոլորն էլ հասկանում եին, որ ԵՄ-ն կայացրեց ընգծված քաղաքական որոշում:

Եվ ահա, մեկ տարի անց նույն ԵՄ-ն որոշեց տրամադրել այդ կարգավիճակը Վրաստանին, միաժամանակ խոսում են այն մասին, որ Իվանիշվիլու վրայից դուրս են բերվելու բոլոր պատժամիջոցները, որոնք դրվել էին երկու տարի առաջ:

Եվ ահա Իվանիշվիլին պետք է ընտություն կատարի Մոսկվայի և Արևմուտքի միջև: Բայց մինչ այդ, նա պետք է վերարտադրի իր իշխանությունը, որպեսզի կարողանա այդ բանակցություններում ունենա ամուր դիրքեր:

Հենց այդ պատճառով էլ նա այսօրվանից պատրաստվում է գալիք ընտրություններին: Նա Իրակլի Ղարիբաշվիլուն դուրս է բերում վարչապետի պաշտոնից, որպեսզի վերջինս ավելի ազատ ռեժիմով կարողանա զբաղվել կուսակցական աշխատանքներով:

Պետք է նշել, որ Իրակլի Ղարիբաշվիլին Իվանիշվիլու ամենից արժեքավոր կադրերից է համարվում, ով պետք է ազատ ժամանակ ունենա նախապատրաստական աշխատանքներով զբաղվելու համար:

Ինչ վերաբերում է նախնական աշխարաքաղաքական մեսիջներին, ապա Իվանիշվիլու խոսափողներից մեկը վերջերս հայտարարեց, որ «...բացառվում է որ Վրաստանը շեղվի իր նշմարված արևմտյան ուղուց, բայց միաժամանակ Վրաստանը պիտի շատ վստահելի երաշխիքներ ստանա Արևմուտքից, որ այդ իր ուղին վտանգի տակ չի հայտնվի, ինչպես որ եղավ Ուկրաինայի հարցում...»:

Փորձագետները այս ուղերձը վերլուծելիս գալիս են այն եզրահանգման, որ Իվանիշվիլին փաստացի բաց է թողնում այդ ընտրության հարցը, մինչև պարզ դառնա, թե աշխարհաքաղաքական բալանսը ում կողմը կթեքվի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր խնդիրը ավելի բարդ է, քանի որ ի տարբերություն մեր հարևանների՝ մենք չունենք այդպիսի լայն ընտրության լյուֆթ:

Մեր խնդիրները ավելի կանխատեսելի են և ավելի հասկանալի: Այլ հարց է, թե 2024-ին Հայաստանում ով է այդ ընտրությունը կատարելու:

Եվ դրանից է կախված լինելու մեր երկրի ապագան:

Հավելենք, որ Ադրբեջանը նման ընտրության մասին չի էլ ակնարկում: Նա սպասում է այդ զարգացումների գործընթացին, որպեսզի դրանից հետո որոշում կայացնի, թե Հայաստանի հետ ինչ քայլերի պիտի դիմի:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը