Մեկնաբանություն

30.01.2024 14:01


Նարե Սոսեն՝ իշխանական հետապնդման զոհ

Նարե Սոսեն՝ իշխանական հետապնդման զոհ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի՝ Նարե Սոսեի հետ տեղի ունեցածն արտառոց է ու դատապարտելի:

Առկա փաստերը հետևյալն են.

-Նարե Սոսեն դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն առևանգել են ու իր քաղաքական գործունեության հետ կապված զգուշացումներ արել,

-ոստիկանություն դիմելուց հետո Նարե Սոսեն հեռացել է Հայաստանից՝ հայտարարելով, որ ոստիկանական բռնաճնշումներից խուսափելու համար է դա արել:

Ռուսաստանում գտնվող Նարե Սոսեն հայտարարել է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են գրել, որ սուտ մատնություն է տվել: Բացի այդ, ըստ Նարե Սոսեի՝ ոստիկանությունում իրեն ստիպել են նաև ցուցմունք տալ, որ իրեն սուտ մատնության դրդել են «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Ուշագրավն այն է, որ ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքել Նարե Սոսեի հայտարարություններին, չկա նաև Քննչական կոմիտեի արձագանքն այս վերջին հայտարարությանը: ՔԿ-ն միայն կցկտուր տեղեկություն տվեց այն մասին, որ գործ է հարուցվել, և որ Նարե Սոսեն հրաժարվել է իր ցուցմունքից: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է ոստիկանություն դիմելուց հետո ավագանու անդամը լքել Հայաստանը:

Նարե Սոսեի հայտարարություններն ամբողջությամբ հիմք են տալիս դրանք ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, բայց նման բան չկա: Համենայնդեպս հանրությանը չի տեղեկացվել այդ մասին:

Ուշագրավ է նաև այն, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները քար լռության են մատնել միջադեպը:

Նիկոլական իշխանությունից ու դրան կցված «իրավապաշտպաններից», ուժային կառույցներից այլ բան չէր էլ ակնկալվում:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը