Քաղաքական

30.01.2024 08:08


«Կարճ ասած»․ Բանակի օրն ու բանակից փախածները (տեսանյութ)

«Կարճ ասած»․ Բանակի օրն ու բանակից փախածները (տեսանյութ)

Օրերս ներկա էի 18-ամյա երիտասարդին բանակ ճանապարհելու արարողության․ տխուր պատկեր էր։ Երբ բանակ էին գնում իմ սերնդակիցները, էլի հավաքվում էին ճանապարհ դնելու․ կանայք հուզվում էին, ծառայածները խորհուրդներ տալիս, բայց բոլորը մեկ բանում վստահ էին՝ բանակից վերադառնալու է իրենց կոփված տղան։ Բանակ ճանապարհելու արարողության էի գնացել գյուղում էր, որը տվել էր 2 զոհ 44-օրյա պատերազմում և երկու զոհ պատերազմից հետո։ 8 վիրավոր էր տվել։ Պատկերացնում ե՞ք, պատերազմում և պատերազմից հետո նույնքան զոհեր են ունեցել։ Ու կենացների մի մասը ոչ թե կոփված հետ գալու մասին էր, այլ՝ հետ գալու։ Ցավալի է, բայց էսօր զինվորը շատ հաճախ է հետ գալիս ընկերոջ մահ տեսած, խրճիթ ու ցրտահարում տեսած։ Մեր ժամանակ էլ կար պատերազմի վախ, բայց բոլորը վստահ էին, որ հաղթանակած բանակի զինվոր է, էլի կհաղթի։

Երեկ բանակի օրն էր․ իմ տպավորությամբ, ոչ թե տոնական էր, այլ՝ ոչ աշխատանքային։ Առաջ ղեկավարությունը գնում էր Եռաբլուր, հետո զորամասերում զորախաղեր էինք նկարում, լինում էին հանդիսավոր միջոցառումներ, շքերթներ։ Սրանց օրոք գնալու մի տեղ կա՝ մեծացած Եռաբլուրը։ Բանակի օրը նշում ենք մի իրավիճակում, երբ Բաքվի բանտերում ունենք զինվորներ ու հրամանատարներ․ մի պայմաններում, երբ ունենք անհետ կորածներ, աջակցություն չստացող շատ վիրավորներ։ Բանակի օրը նշում ենք մի պայմաններում, երբ գերի զինվորականներ ու գեներալներ ունենք նաև Հայաստանի բանտերում։

Բանակի օրը նշում ենք մի պայմանում, երբ թշնամին օկուպացրել է Հայաստանից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք, ու տոնի առթիվ ուղերձում երկրի ղեկավարը խսում է այդ տարածքներն Ադրբեջանին թողնելու մասին։ Փաշինյանն ասում է՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու: Դա նշանակում է, որ դու առաջարկում ես քո տարածքի էն հատվածը, որն օկուպացված է, մնա Ադրբեջանին, մեր բարձունքները, որտեղ եկել-դիրավորվել են, մնան իրենց։ Ինչ կա-չկա տվեցիր, որ խաղաղություն լինի, հիմա ասում ես՝ կարող է դա շատ երկար տևի, եկեք ուրիշ բան կնքենք։ Փաշինյանին վռազ մի հատ թուղթ է պետք, ինչ թուղթ լինի, կարևորը՝ Ալիևի ստորագրություն լինի վրան։ Եթե Ադրբեջանը քեզ հետ խաղաղության պայամանգիր չի կնքում, չհարձակվելու մասին պակտ կկնքի՞։ Փաշինյանը այստեղ հայտարարում է չհարձակվելու պայմնագրի մասին, Ադրբեջանը էնտեղից հայելային պատասխան է տալիս, թե՝ Հաղարծինն էլ է իմը։ Վստահ եմ՝ Ջերմուկն էլ գրաված լինեին, Փաշինյանը էդ պայմանագիրը ստորագրելու առաջարկ կաներ։ Բացի Երևանի կենտրոնում իր զբաղցեցրած տարածքից, մնացածին պատրաստ է։ Էն որ ասում էր Հայաստանն իմ օջախն է, ժղովուրդն իմ ընտանիքն է, երևի նկատի ուներ, որ իր կաբինետն իր օջախն է, կառավարական դաչան էլ իր ընտանիքն է։ 8 ամիս ամեն օր ասում եք 29,800 քառակուսի կիլոմետր, Ադրբեջանը ոչ մի անգամ չի ասել, թե ճանաչում է, այլ ասում է՝ Տաթևը մերն ա, Արթիկը մերն ա, Դիլիջանը, Հաղարծինը․․․ բա էլ ի՞նչ մնաց քո 29,800-ից։

Բանակի օրը նշեցինք մի պայմաններում, երբ վերջին 4 տարում 260 զինվոր ենք կորցրել ոչ մարտական իրավիճակում։ Նշեցինք մի բանակի տոն, որը արդեն բաշժանել են հարուստների ու աղքատների՝ 15 մլն դրամ քեշ փող ունեցողներին կոչ անելով մուծվել ու փախչել։

Բանակի օրը նշում ենք մի պայմաններում, երբ մեր զենք-զինամթերքի առյուծի բաժինը հանձնվել է թշնամուն, իսկ զինվելու փաստերը շատ քիչ են։ Մեկ հայտարարում են՝ միլիարդավոր դոլարների զենք ենք ձեռք բերում, մեկ հայտարարում են՝ մեզ ոչ մեկ զենք չի ծախում, քանի որ ՀԱՊԿ անդամ ենք։ Ձեր միլիարդավոր դոլարների զինվելը տեսանք՝ 4 հատ առանց հրթիռի սամալյոտ, որոնք ոչ թե կրակելուց մաշվեցին, այլ սելֆի անելուց։ Առածդ սամալյոտներն էլ տեսանք, ՀՕՊ-երն էլ տեսանք, սաղ էլ տեսանք։ Ծիծաղելի է, երբ հայտարարում է, թե Ադրբեջանին սպառազինությունների փոխադարձ վերահսկում է առջարկել։ Լուրջ ե՞ս ասում, դու իսկի չես կարողանում մի հատ վեշլկա ու ցնցուխ վերահսկես, թշնամու զենքի շարժը ո՞նց ես հսկելու։ Դու քո թիմակիցներին չես կարողանում վերահսկել, դու անգամ քո խոստումների կատարումը չես կարողանում վերահսկել, 10 տեռաբայթ սուտ ենք արդեն հավաքել, Ադրբեջան ես վերահսկելո՞ւ։ Բանակդ չես կարողանում վերահսկել, մի շաբաթում 4 զոհ ես ունենում, Ադրբեջան ե՞ս վերահսկելու։

Բանակի օրը բանակից անհասկանալի տարբերակով խուսափած Փաշինյանը ներկայացնում է բանակի բարեփոխման մասին ու ասում՝ մեր պատկերացումն է։ Դուք ի՞նչ եք պատկերացնում բանակից դու անդիպլոմ, պաշտպանության նախարարդ պատմաբան, տեղակալները՝ միլիցա ու տնտեսագետներ, բանակից ի՞նչ պատկիերացում ունեք։ Դրա համար էլ էս օրին ենք։ Պապիկյան Սուրենը Ստալինին է ցիտում՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»։ Ճիշտ է ասում, բա մեռանք ասելով՝ այդ դեպքում դու ինչ գործ ունես էդ պոստում՝ քո տեղակալների հետ։

Բանակի օրը նշում ենք մի պայմաններում, երբ զինվորը չունի կացարան, վառվում է խրճիթում, որովհետև պետությունը փող չի հատկացրել նորմալ զորամասի համար։ ԱԺ նախագահը ասում է, թե բոլորիս պարտքն է հայոց բանակի շենացումը։ Ինքը շրջում է մի քանի թանկարժեք մեքենայով, զինվորը քնելու տեղ չունի ու խոսում է բանակի շենացումից։ Զավեշտալի է, երբ ուղերձներ են հղում, թե՝ մեր անվտանգության երաշխավորն է բանակը, հետո հայտարարում են, թե Հայաստանի կառավարությունը աշխարհով մեկ ընկած՝ անվտանգության երաշխիքներ է ման գալիս, ու էսօրվա Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչպես երևում է, մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը․ նրանցից է կախված՝ կունենանք անվտանգություն, թե չէ։ Մենք մի բանակի տոն նշեցինք, որը իշխանության համար ոչ թե հպարտանալու տեղ է, այլ պատշժիչ․ այս իշխանության ներկայացուցիչներն էին բողոքի ցույցերին մասնակցողներին, ստորագրահավաք անողներին սպառնում բանակ տանելով։

Դուք Եռաբլուր այցելած՝ պետության չակերտավոր հրամանատարության դեմքին մի գրամ հպարտություն տեսա՞ք։ Չէ, ժողովուրդ, սրանք բանակ-հաղթանակը սարքեցին զուտ բանակ-Եռաբլուր։ Երբ Եռաբլուրը փակում ես, որ գնաս ծաղիկ դնելու, էլ ի՞նչ բանակի օր։ Բանակի օրը էդ բանակում կյանք տված տղերքի գերեզմանները 6 շարք ոստիկանով ու ախռանիկներով փակում եք, որ կարողանաք մի քանի հոգով գնաք։ Վաղը տանկ եք կանգնեցնելու, որ գնաք Եռաբլուր։ Մարդու իրավունքների պաշտպանի աչքի առաջ արգելում են Եռաբլուր մուտքը, հարցնում ենք՝ սա իրավունքի խախտում չէ՞, պատասխանում է՝ այսօր այդ հարցին պատասխանելու օրը չէ: Հետո գնում է ու ուղերձ հրապարակում բանակի ու մարդու իրավունքների մասին։ Ի՜նչ մեղք են նրանք, ում իրավունքների պաշտպանությունը ձեզ են հանձնված։ Զինվորների ծնողներին քարշ են տալիս Եռաբլուրով մեկ, իսկ ԱԺ նախագահը խոսում է զինվորների աննկուն ոգուց։ Ո՞նց կարող է զինվորի ոգին լինի աննկուն՝ տեսնելով իր մորը քարշ տալը։ Փաշինյանն ասում է բանակում պետք է փոխվի մտածողությունը․ բանակում չի կարող մտածողություն փոխվել, քանի դեռ բանակը ղեկավարում են պարտվածները։ Իսկ գուցե սա հենց փոխված մտածողությունն է, այլապես իմ իմացած հաղթած բանակը պարտվողին իրեն հրամանատար չէր ընդունի։

Կարճ ասած՝ հասանք մի վիճակի, երբ 26 տարի կառուցված բանակը հետագա 6 տարիներին քանդվեց։ Եվ մեզ միայն մնում է հույս հայտնել, որ մեր բանակը, ի վերջո, կվերականգնի իրեն, և կդառնա գոնե այն, ինչ կար մինչև 2018 թվականը։ Կատարյալ չէր, բայց ամենակազմակերպված կառույցն էր, ապահովում էր խաղաղություն, արժանապատվություն, հպարտություն։ Բայց մենք հիմա մի վիճակում ենք, երբ նախկին հաղթանակած բանակ այլևս բավարար չէ սրանց բերած խնդիրները լուծելու համար։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը