Կարծիք

05.11.2011 18:38


«Հականյութ ունե՞ք»

«Հականյութ ունե՞ք»

Հնարավո՞ր է՝ առայժմ միայն ֆանտաստիակական ժանրին հատուկ այս արտահայտությունը Երկրի վրա սովորական դառնա։ Ելնելով գիտության այսօրվա առաջընթացից՝ այնքան էլ անհավանական չէ։ http://nauka.izvestia.ru/analysis/article104316.html–ում «Ատոմն ընտելանում է։ Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է հականյութն առնել թակարդի մեջ» հրապարակմամբ այս խնդրին անդրադարձել է Պյոտր Օբրազցովը։ Հիշեցնենք, որ հականյութի ատոմը պետք է նյութին հակառակ կառուցվածք ունենա, այսինքն նրա միջուկում դրական լիցքավորված լինեն էլեկտրոնները, բացասական՝ պրոտոնները (ըստ հեղինակի՝ այս կանոնից պերճաշուք բացառություն են մի քանի նյութեր, օրինակ՝ լույսի ֆոտոնը)։ Ֆիզիկոսների ստացած հականյութը մինչ այժմ աննշան տևողությամբ կյանք է ունենեցել, անմիջապես պայթել է։

Սակայն բոլորովին վերջերս ЦЕРН–ի ֆիզիկոսներին հաջողվել է,  տրիլիոնավոր դոլարներ ծախսելով, թակարդի մեջ առնել մի քիչ հականյութ, որն ապրել է 0,17 վայրկյան։ Առայժմ սա ռեկորդ է և գիտնականներին հնարավորություն կտա մինչ այժմ անհնարին որոշ չափումներ իրականացնել։ Ստացված նյութը հակաջրածին է, որի համար ֆիզիկոսները պատրաստել են մի քանի տոննա կշռով մագնիսական թակարդ։ Նշվում է, որ եթե փորձ արվի 1 կգ հականյութը ոչնչացնել 1 կգ նյութով (երևի սա կարելի է համեմատել (+1)+(–1)=0 հավասարման հետ), կանջատվի 43 մլն տոննա տրոտիլին համարժեք էներգիա։ Սա մի փոքր է պակաս է խորհրդային 57 մեգատոննանոց ջրածնային արքա–ռումբից, սակայն 10 անգամ էլ ավելի է ամբողջ 2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործված պայթուցիկներից։

Այս թեմային անդրադարձած գրող Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր» վեպում հականյութը տեղավորված է մեկլիտրանոց անոթի մեջ, որն այնտեղ կարող է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչը այդ «ջինին» շշից դուրս չի թողել, որպեսզի պայթեցնի ամբողջ Երկրագունդը։ Հրապարակման հեղինակը նշում է, որ վեպում նկարագրված իրադարձություններն այսօր անիրագործելի են, սակայն եթե հիշենք, թե ինչ արագ կատարելագործվեց բջջային հեռախոսը, կարելի է մտածել, որ այս պարագայում էլ ժամանակը կաշխատի հականյութի երկարակեցության, էժանացման և «թեթևացման» օգտին։ Եվ արդեն հնարավոր կլինի   գործնականում կիրառել այն։

Այստեղ է, որ ծագում է ամենակարևոր հարցը՝ գիտնականների երկարատև ու տքնաջան աշխատանքի այս արդյուքը որևէ օգուտ կբերի՞ մարդկությանը, թե՞ նորից նրա գլխին ահաբեկության մի ահավոր զենք–պատուհաս կդառնա։

Հայտնի է, որ ժամանակին գերմանացի Ռենտգենը ոչնչացրել է իր հռչակավոր ճառագայթների հայտնագործումից հետո արած բոլոր փորձերի արդյունքները։ Ինձ միշտ թվացել է՝ նա ի վերջո հանգել էր ատոմային շղթայական ռեակցիայի հետևանքով առաջացած հսկայական էներգիայի գաղափարին ու որոշել բարոյական իր ժամանակի արժեքների պայմաններում նման ուժ որևէ մեկի համար հասանելի չդարձնել։ Սա գուցե իմ հնարած հեքիաթն է, բայց կարծում եմ՝ մտածելու բան կա։ Մանավանդ՝ այս օրերին հաղորդագրություն է տարածվել, թե ԱՄՆ–ը ոչնչացրել է Հիրոսիման ու Նագասակին կործանած ռումբերին  600 անգամ գերազանցող իր՝ աշխարհում ամենահզորը համարվող ատոմային ռումբը… Երևակայել միայն կարելի է, թե որքան բարիքներ կստեղծվեին դրա ստեղծման ու կարծանման հետևանքով հասցված վնասների փոխարեն։ Օրինակ՝ կհոգային բնական ու տեխնածին աղետներից տուժածների կարիքները կամ, թերևս, քայլեր կձեռնարկվեին դրանք հնարավորինս նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

Արմենուհի Փալանդուզյան

Այս խորագրի վերջին նյութերը