Քաղաքական

24.01.2024 08:31


Երևան-Բաքու «Խաղաղության համաձայնագրի» նախապատրաստման գործընթացը տապալվում է․ Տարասով

Երևան-Բաքու «Խաղաղության համաձայնագրի» նախապատրաստման գործընթացը տապալվում է․ Տարասով

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Իլհամ Ալիևի վերջին ասուլիսը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ցույց են տալիս, որ հայտարարված խաղաղության գործընթացի, ինչպես նաև դրանից բխող խաղաղության համաձայնագրի վերաբերյալ կողմերը ունեն միմյանցից էականորեն տարբերվող տեսլականներ, թեև նրանք նաև հայտարարում էին, որ այդ համաձայնագրի մեծ մասն արդեն իսկ համաձայնեցված է։ Այնուամենայնիվ, ըստ նրա, խաղաղությունն Ալիևն այլ կերպ է պատկերացնում, իսկ Փաշինյանը՝ այլ։

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ ղեկավարի մասով ակնհայտ է, որ վերջինս երաշխիքներ ասելով՝ նկատի ունի, որ այդ երաշխիքները Հայաստանին պետք է տրամադրի արտաքին որևէ կողմ, այս դեպքում՝ Արևմուտքը՝ ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն, սակայն այդ բանակցային հարթակներում աշխատանքն արգելափակված է։

Փորձագետի արձանագրմամբ, սակայն, Բաքուն արգելափակել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդական ջանքերը, իսկ Երևանը՝ Մոսկվայի։

«Ադրբեջանը, իհարկե, ցանկանում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներն ամրագրվեն խաղաղության համաձայնագրում երկկողմ ձևաչափում, առանց երրորդ կողմերի, սա է պատճառը, որ արևմտյան հարթակների աշխատանքն արգելափակված է։ Սա է նաև պատճառը, որ ԵՄ-ից Ադրբեջանի հասցեին հնչում են քննադատական հայտարարություններ, այդպիսիք ամենայն հավանականությամբ կհնչեն նաև ԱՄՆ-ից, սակայն սա միայն ցույց է տալիս, որ բանակցային գործընթացի բոլոր ուղղություններով ստեղծվել է փակուղային իրավիճակ»,-ասաց Տարասովը։

Նա գտնում է, որ ուղղություններից մեկը հենց կողմերի միջև բովանդակային բանակցությունն է համաձայնագրի դրույթների, այսինքն՝ համաձայնագրի տեքստի շուրջ, որտեղ, ինչպես տեսնում ենք, կան էական տարաձայնություններ։

«Համաձայնագրի ձևաչափի շուրջ ևս կան տարաձայնություններ, բանակցային հարթակի շուրջ՝ ևս, ավելին՝ այսօր կա նաև անորոշություն՝ ինչպես են կողմերը բանակցելու, քանի որ փաթեթներն անընդհատ փոխանակվում են երկկողմ ձևաչափով, սակայն միևնույն է՝ կողմերը չունեն փոխըմբռնում լուրջ հարցերի շուրջ, չեն կարող այս լուրջ տարաձայնությունները հաղթահարել նաև երկկողմ ձևաչափով, այլապես դա արած կլինեն արդեն իսկ փաթեթային փոխանակումների ընթացքում։ Տեսնում ենք, որ գործընթացը բոլոր մասերով հայտնվել է փակուղում»,-ասաց նա։ Ըստ Տարասովի, վերջին ամիսների ընթացքում այս իրավիճակը չի փոխվում, կողմերը պտտվում են փակ շրջանի մեջ։

«Յուրաքանչյուր նոր հայտարարություն է՛լ ավելի է բարդացնում կողմերի ընթացքը դեպի համաձայնագրի ստորագրում։ Եթե նույնիսկ հաջողվի որևէ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել, ապա այն բեկումնային չի լինելու, ինչպես տեսանք՝ Ալիևը բարձրացրեց նաև արտատարածքային միջանցքի հարցը, բանակցային տրամաբանությունը, ըստ իս, փոխվում է»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Տարասովն ասաց, որ ՌԴ դիրքորոշումներն օրերս ներկայացրեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը՝ նշելով, որ ռուսական առաջարկները հայտնի են եղել, սակայն մերժվել են՝ նախընտրելով արևմտյան հարթակները, մասնավորապես՝ Պրահայի պայմանավորվածությունը։

«Լավրովն ասաց, որ ՌԴ-ն պատրաստ է, որպեսզի իր հովանու ներքո ստորագրվի փաստաթուղթ, սակայն Երևանը դրան դեմ է։ Ընդհանուր առմամբ մեծ անհանգստություն այս մասով չկա, քանի որ ՌԴ-ն ունի միայն խաղաղապահների հարց, որի շուրջ, ինչպես բազմիցս հայտարարել է, կպայմանավորվի Ադրբեջանի հետ»,-ասաց վերլուծաբանը։

Այս խորագրի վերջին նյութերը