Քաղաքական

23.01.2024 19:41


«Եթե արցախցիները գնան այլ պետություն և հղում կատարեն ՀՀ տված պատասխաններին, կստացվի՝ որևէ երկրի քաղաքացիություն չունեն». Հովհաննես Խուդոյան

«Եթե  արցախցիները գնան այլ պետություն և հղում կատարեն ՀՀ տված պատասխաններին, կստացվի՝ որևէ երկրի քաղաքացիություն չունեն». Հովհաննես Խուդոյան

Արցախից բռնի տեղահանված արցախահայերի համար Հայաստանի Հանրապետությունը սահմանել է փախաստականի կարգավիճակ՝ հայտարարելով, որ նրանք պետք է դիմեն՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար։

Շատ արցախահայերի համար սա, այսպես ասած՝ «անակնկալ» է եղել, քանի որ նրանք իրենց միշտ համարել են ՀՀ քաղաքացիներ։ Շատ արցախահայեր էլ հայտարարում են, որ ավելի լավ է մնան փախստականի կարգավիճակում, քան իրենց Արցախի Հանրապետության անձնագրերը հանձնեն։

Փախստականի կարգավիճակն ի՞նչ իրավունքներ է տալիս արցախահայությանը, նրանք միայն փախստականի կարգավիճակով կարո՞ղ են դիմել այս կամ այն երկիր՝ քաղաքացիություն ստանալու համար, եթե ձեռք չբերեն ՀՀ անձնագիր, ի՞նչ խնդիրների կարող են բախվել։

168.am-ի հետ զրույցում «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի քրեական պրակտիկայի ղեկավար, փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, որ ՀՀ կառավարությունը 100 հազարից ավելի մարդու անհասկանալի որոշումներով զրկել է քաղաքացիությունից։ Մինչդեռ արցախահայերը մտածել են, որ քաղաքացիություն ունեն, այժմ էլ են նույնը պնդում, սակայն պետական բոլոր գերատեսչություններն այսուհետև առաջնորդվելու են այդ կանխավարկածով, որ այդ մարդիկ քաղաքացիություն չունեն։

«Եթե հիմա Արցախի բռնի տեղահանված անձինք գնան այլ պետություն և հղում կատարեն ՀՀ տված պատասխաններին, կստացվի, որ իրենք որևէ երկրի քաղաքացիություն չունեն, ինչը մարդու համար խնդիր է։ Կա ընդհանուր միջազգային պրակտիկա, որ հնարավորինս պետք է նվազեցվի ապաքաղաքացիությունը, այսինքն՝ անձինք զրկված չլինեն որևէ երկրի քաղաքացիությունից։ Հիմա ՀՀ իշխանությունն այնպես է արել, որ այս անձանց քաղաքացիությունից զրկել է»,-նշեց Հովհաննես Խուդոյանը։

Ըստ նրա, յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում՝ իրենց դիմած անձանց տա՞լ քաղաքացիություն, թե՞ ոչ. որոշումը կայացնում է իր և ՛միջազգային պարտավորությունների, և՛ ներքին օրենսդրությամբ սահմանված։

«Կարծում եմ՝ հաշվի առնելով պատերազմական վիճակը, Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, անձինք կարող են հիմնավորել իրենց կարգավիճակը։ Իհարկե, ցանկալի չէ, որ իրենք մեր հանրապետությունը լքեն, քանի որ սա նաև իրենց հայրենիքն է, պետությունը, իսկ իշխանությունների մոտեցումը ժամանակավոր է։ Այս հարցը մի օր լուծվելու է։ Բայց եթե նրանք հարկադրված են գնալու, ապա այլ պետությունում իրենց կարգավիճակը հաստատելու հնարավորությունից կարող են օգտվել»,-շեշտեց Հովհաննես Խուդոյանը։

Հարցին՝ եթե անձը չունի փախստականի կարգավիճակ և դիմել է միջազգային այս կամ այն ատյան՝ պահանջելով փոխհատուցում՝ Արցախում թողած գույքի և այլնի համար, կարգավիճակի բացակայությունը չի՞ խանգարելու, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ նշանակություն չունի։

«Եթե անձը, օրինակ, Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի է, և նրանց գույքն ապօրինի խլել են, նրանք պահանջ ներկայացնելու իրավունք ունեն։ Այդ պարագայում նրանց իրավունքները լրացուցիչ հիմնավորվում են նրանով, որ դա իրենց պետությունն է եղել, թեկուզ՝ չճանաչված, իրենց ստեղծած գույքն է եղել, և այդ պահանջատիրությունը պահպանում են, որին պետք է աջակցի պետությունը, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե, մեր կառավարությունը դա չի անում, բայց այնպես չէ, որ այդ հարցը սպառված է, իշխանության փոփոխության դեպքում հնարավոր է այդ հարցերը համակարգել ու ներկայացնել»,-հավելեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ ցանկացած պետություն արցախահայերի անձնագրերն ընդունել է՝ որպես Հայաստանի Հանրապետության անձնագրեր։ Այդ անձնագրերով մեր հայրենակիցները մասնակցել են միջազգային ուղևորափոխադրումների։

Խոսելով շրջանառվող կարծիքների մասին, որ ՀՀ իշխանությունն արցախահայերին զրկելով իրենց անձագրերից, վերջնականապես զրկում է Արցախից, Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ սա ընդհանուր քաղաքականություն է և, ցավոք, միայն Արցախին չի վերաբերում։

«Այսօր առհասարակ հայ ժողովրդի պատմությունը վերափոխելու շատ կարևոր հարցեր՝ հօգուտ թշնամի պետության, քաղաքականություն են վարում օրվա իշխանությունները։ Սա և՛ Արցախից ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն է, և՛ հայկական խորհրդանիշներից, ու հայոց պատմության տարբեր դրվագներ այս կամ այն կերպ մեկնաբանելն է»,-եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը