Քաղաքական

21.01.2024 19:07


Մենք շարունակելու ենք ընդվզել այս մարդկանց բերած ցանկացած նախաձեռնության դեմ․

Մենք շարունակելու ենք ընդվզել այս մարդկանց բերած ցանկացած նախաձեռնության դեմ․

Երեկ լրացավ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման 100 օրը: Ինչ է արել 100 օրվա ընթացքում նա, ի՞նչ են շահել Երևանը, երևանցին։ Այս թեմայի շուրջ hraparak.am-ը զրուցել է «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։

-Ձեր կարծիքով, երևանցիների կյանքում ի՞նչ է փոխվել Տիգրան Ավինյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում։

-Մինչ անդրադառնալն Ավինյանի գործունեությանը, ցանկանում եմ նշել, որ «Մայր Հայաստան» դաշինքը դատական հայց է ներկայացրել՝ բողոքարկելով Ավինյանի պաշտոնի ստանձման հարցը։ Նրա պաշտոնի ստանձնումը և պաշտոնավարումը անօրինական է։ Չի կարող, փոքրամասնության ձայն ստացած մարդը պաշտոնավարել որպես ընտրված քաղաքապետ։ Նրան ձայն են տվել Երևանում ընտրության իրավունք ունեցողների 9%-ը։ Ինչ կարող ենք արձանագրել նրա պաշտոնավարման 100-րդ օրը, չմտածեք, որ չարամտորեն չենք ցանկանում լավը տեսնել, պարզապես, ես ինձ համար արձանագրել եմ՝ Ավինյանի պաշտոնավարման 100-րդ օրը երևանցիները դարձել են տուգանքի մատերիալ։ Երբ, անցյալ տարի ներկայացրեցին կարմիր գծերի դրույքաչափերի թանկացման նախագիծը մենք՝ մեր քաղաքական ուժը, դեմ էր, քանի որ շատ լավ հասկանում էինք, որ այն չի արտացոլում նախապես հայտարարված նպատակները, թե կենտրոնը ցանկանում ենք բեռնաթափել։ Այսօր կենտրոնը չի բեռնաթափվել, ավելին՝ դժվարացել է կենտրոնում երթևեկելը։ Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում միանգամից վճարել տարեկան՝ 160 հազար, մաս մաս են վճարում՝ ամեն անգամ 5000, որը ավելի թանկ է նստում մեկ տարվա կտրվածքով։ Իրենք թմբկահարում են, թե լուծել են հանրային տրանստորտի հարցը, բայց իրականությունն այլ է՝ նրանք կոսմետիկ առումով են փոխել տրանսպորտը, մարդիկ ժամերով սպասում են ավտոբուսի, շատ հաճախ տեղ չլինելու պատճառով ստիպված են լինում ևս մի քանի ժամ սպասել։ Խոսում են կանաչապատումից, այգիների բարեկարգումից։ Բայց հենց քաղաքացիներն են արձանագրում, որ իրենց տնկած ծառերը մի օրվա կյանք էլ չունեն։ Այս մարդիկ երևանցիների վճարած հարկերով իրենց թույլ են տալիս ցոփ ու շվայտ կյանք վայելել՝ թաթախված լինելով կոռուպցիայի մեջ։ Մեր քաղաքացիների հետ շփումների ժամանակ լինում են մարդիկ, որ խոստովանում են, որ հավատացել են «ասեք` կանենք» կարգախոսին և ընտրել են, բայց այսօր փոշմանել են, խաբվել են։ Այս մարդիկ Երևանի հիմնախնդիրները չեն պատկերացնում, իրենց համար Երևանը կենտրոնն է, իսկ շարքային քացաքացիների համար այսօր կենտրոն իջնելը դարձել է ճոխություն։ Այսքանով հանդերձ, ըստ օդում կախված լուրերի, մոտ ժամանակներս պատրաստվում են թանկացնել Երևանի երթուղին։ Ամփոփելով Ավինյանի պաշտոնավարման 100 օրը, ցանկանում եմ դիմել մեր քաղաքացիներին, որ պաշտպանեն իրենց իրավունքները, թույլ չտան, որ իրենց վճարած հարկերը մսխեն, և օր օրի վատացնեն իրենց կյանքը։ Մենք շարունակելու ենք ընդվզել այս մարդկանց բերած ցանկացած նախաձեռնության դեմ, որը լինելու է ի վնաս Երևանի և երևանցու։

Այս խորագրի վերջին նյութերը