Մեկնաբանություն

20.01.2024 16:56


Ինչ է իրականում ակնկալում Փաշինյանն Ալիևից

Ինչ է իրականում ակնկալում Փաշինյանն Ալիևից

Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ հանդիպումների ինտենսիվ շարք է նախաձեռնել: Դա նշանակում է, որ անհանգստացած է: Բնականաբար՝ անհանգստացած է իր աթոռի խնդրով: Այդ աթոռի պահպանումն ուղղակիորեն կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ:

«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ»,-հայտարարել է Նիկոլը ՔՊԿ-ականների հետ հանդիպման ժամանակ:

«Ժողվարչապետն», ըստ այդմ, ասում է, որ պատրաստ է բավարարել Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները՝ դիմացն ակնկալելով երաշխիքներ... իր աթոռի պահպանման համար: Իսկ աթոռն այդ նա ուզում է պահպանել «Ալիևից 29.800 քառակուսի կիլոմետրի «կադաստրի թուղթ» և խաղաղություն եմ բերելու» բլեֆով: Նրա այդ բլեֆին միայն չափազանց միամիտները կարող են հավատալ:

Անգամ մոլի նիկոլականների համար է պարզ դարձել, որ Նիկոլը տապալվել է, քանզի Ալիևը Հայաստանը դիտարկում է որպես «Արևմտյան Ադրբեջան» ու չի թաքցնում, որ միջանցք է համարում ոչ միայն Զանգեզուրը, այլ ամբողջ Հայաստանը: Հենց դա էլ Նիկոլին անհանգստացնում է, քանզի նա լավ է հասկանում, որ Արցախի հանձնումը ձևակերպելով որպես Հայաստանը փրկելու բանաձև՝ ամբողջությամբ գնացել է հակապետական քայլերի, որը պարզ լեզվով դավաճանություն է կոչվում:

Նիկոլն Ալիևին «հակադարձում» է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պատրաստակամությամբ: Դա Ալիևի պահանջն է: Ինքն ասում է, որ պատրաստ է այդ պահանջը բավարարել, այսինքն՝ հրաժարվել ՀՀ անկախության հռչակագրից: Նիկոլը դա ներկայացնում է որպես Ադրբեջանին լրացուցիչ երաշխիքներ ներկայացնելու գործընթաց իբր խաղաղության հասնելու համար: Դրա փոխարեն Նիկոլն ուզում է, որ դրսի դայակների օգնությամբ այնպես լինի, որ Ադրբեջանի սրտի ուզածն անելուց հետո ինքը պահի իշխանական աթոռը:

Եթե Նիկոլը գնաց մեր պետականության հիմքերը քայքայող սահմանադրական հանրաքվեի, ապա այն պետք է վերածել նրան անվստահություն հայտնելու գործընթացի:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը