Մեկնաբանություն

19.01.2024 19:16


Ինչու է Ալիևը Հայաստանում սահմանադրական փոփոխություն նախաձեռնում

Ինչու է Ալիևը Հայաստանում սահմանադրական փոփոխություն նախաձեռնում

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե սահմանադրական փոփոխություն, այլ նոր սահմանադրություն:

Ըստ նրա՝ աշխարհը փոխվում է, և անխուսափելիորեն փոխվելու է նաև մեր տարածաշրջանը, փոխվելու է նաև և փոխվում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Սա թուրք-ադրբեջանական նախապայմանների հերթական բավարարմանն ուղղված քայլ է Նիկոլ Փաշինյանի կողմից:

Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումից, պահանջում է ընդհանրապես մոռանալ 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը: Ադրբեջանն էլ իր հերթին պահանջում է Արցախի թեման պաշտոնապես ու ամբողջությամբ փակել՝ այն սահմանադրորեն ճանաչելով Ադրբեջանի մաս: Այս երկու հարցերն էլ կան մեր Սահմանադրության նախաբանում, որը ներկայացված է ՀՀ անկախության հռչակագրում:

Նիկոլ Փաշինյանը փաստացի ուզում է վերացնել ՀՀ անկախության հռչակագիրը, ամբողջությամբ հրաժարվել 88-ի Ղարաբաղյան շարժման գաղափարներից: Նա ակնկալում է, որ դրանից հետո «կադաստրի թուղթ» կստանա Թուրքիայից ու Ադրբեջանից: Վերջիններս նման բան չեն խոստանում: Ճիշտ հակառակը՝ Ալիևը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան» ու այդպիսով չի թաքցնում իր նկրտումներն ամբողջ Հայաստանի նկատմամբ: Նիկոլը դա գիտի ու հաստատում է Ալիևի մտադրությունները, բայց ամեն դեպքում գնում է թուրք-ադրբեջանական նախապայմանների բավարարման ուղղությամբ:

Նիկոլն իր քայլերը քողածածկում է «խաղաղության խաչմերուկ» կոչվող բլեֆի տակ, բայց իրականում իր իշխանության ու իր անձնական անվտանգության երաշխավորությունն է ակնկալում Թուրքիայից ու Ադրբեջանից: Բնականաբար՝ Հայաստանի շահերի հաշվին:

Հայ ժողովրդի ու նրա քաղաքական վերնախավի խնդիրը պետք է լինի իրական խաղաղության օրակարգն առաջ տանելը: Դրա գլխավոր նախապայմանն իշխանափոխությունն է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը