Քաղաքական

18.01.2024 14:32


Ղարաբաղի կարգավիճակի հարցն անձամբ Փաշինյանն է փակել. Լավրով (տեսանյութ)

Ղարաբաղի կարգավիճակի հարցն անձամբ Փաշինյանն է փակել. Լավրով (տեսանյութ)

2020-ի նոյեմբերին և հետագա տարիներին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ստորագրված փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի տարածքը սահմանվում էր որպես ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կար ընկալում առ այն, որ կարգավիճակի հարցով դեռևս պետք է բանակցություններ լինեն, որպեսզի այդ հարցը վերջնականապես համաձայնեցվի: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Եվ որքան մեծ էր մեր զարմանքը, երբ 2022-ի աշնանը՝ Պրահայում, Մակրոնի և Միշելի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կազմակերպած հանդիպմանը նրանք հաստատեցին փաստաթուղթ, որում Երևանն ու Բաքուն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը... այսինքն՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է նախապատրաստվում, և երբ մենք այն լսեցինք, հետևություն արեցինք և Բաքվին տեղեկացրինք, որ կարգավիճակի մասին հարցը փակված է՝ փակված է անձամբ ՀՀ վարչապետի կողմից»,-ասել է Լավրովը:

***

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ նկատելով, որ վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային հայտարարություններում անդրադառնում են Ադրբեջանի և Նախիջևանի միջև հիմնական կապի ստեղծմանը:

«Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»: «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև: 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունում, որը դադարեցրել է պատերազմը, ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երկու ուղղությամբ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ այդ տարնսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայության մարմինները»,-ասել է Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

***

2021-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում, երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, լիարժեք պահպանում են ինքնիշխանությունն ու իրավասությունն այդ երթուղիների նկատմամբ:

Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«2023-ի հունիսին եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում փոխվարչապետները պայմանավորվել են սկզբի համար վերսկսել երկաթուղային շփումը: Դա համաձայնեցված էր: Պուտինը դա քննարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովի կապակցությամբ Երևան կատարած այցի ժամանակ Փաշինյանի հետ առանձին շփման ընթացքում: Շատ լավ հիշում եմ, թե որքան դրական էր ամեն ինչ, բայց հետո այդ ամենն ինչ-որ տեղ գնաց: Մենք շատ լավ հասկանում ենք, որ պայմանավորվածություններից հետ կանգնելը հազվադեպ երևույթ չէ: Ես չգիտեմ, թե ինչն է խանգարել, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև երթևեկության բացման սկզբունքների վերաբերյալ այդ պայմանավորվածությունները թղթի վրա դրվեն: Բայց մենք գիտենք, որ արևմտյան ընկերների «բարի խորհուրդները» միշտ առկա են Հարավային Կովկասում, և այդ խորհուրդները երբեմն ընդունում է գործընթացի այս կամ այն մասնակիցը»,-ասել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ այդ խորհուրդներն ուղղված են ոչ թե շահերի հավասարակշռման հիման վրա տարածաշրջանի երկրների միջև լուծումներ գտնելուն, այլ Արևմուտքի աշխարհաքաղաքական նպատակների առաջմղմանը։

2021-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում, երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, լիարժեք պահպանում են ինքնիշխանությունն ու իրավասությունն այդ երթուղիների նկատմամբ:

«Վստահ եմ՝ նման հաղորդակցության այլընտրանք գոյություն չունի, դրա չափորոշիչներն ամրագրված են եռակողմ պայմանավորվածություններում: Երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության վերահոսկողության ներքո»,-եզրափակել է Լավրովը:

***

Շատ ցավալի է, որ Հայաստանի համար այդքան պրակտիկ և շահավետ Սյունիքի մարզով երթուղու բացումը մինչև հիմա շարունակում է թղթի վրա մնալ: Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«Ամենայն հարգանքով՝ ես դրա պատճառ եմ տեսնում Երևանի դիրոքորոշումը»,-մանրամասնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ենթադրելով, որ ինչ-որ մեկը համապատասխան խորհուրդներ է տալիս Երևանին:

Այս համատեքստում նա նշել է ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԵՄ-ն, որոնք, ըստ Լավրովի, սկսել են առանց հրավերի միջամտել Մոսկվայի միջնորդությամբ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ Արևմուտքը չի ցանկում, որ կյանքի կոչվեն Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասել է Լավրովը:

***

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում Մոսկվան առաջարկել է իր օգնությունը և կողմերը ստորագրել են պայմանավորվածություն ստեղծելու սահմանազատման հարցերով հանձնաժողով, որում ՌԴ-ն հանդես է գալու որպես խորհրդատու, բայց մեզ այնտեղ չեն հրավիրել. այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ սահմանազատմամբ զբաղվելու է Եվրոպական միությունը... չնայած ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը երբևէ չեն անդամակցել ԵՄ տարածքում որևէ միության: ԵՄ-ն որևէ քարտեզ չունի, քարտեզներն ունի միայն ՌԴ-ն, և դա կողմերին ձեռք է տալիս: Դա ձեռք չի տալիս ԵՄ-ին, ԱՄՆ-ին»,-ասել է Լավրովը:

Ըստ նրա՝ Արևմուտքի եսասիրական շահերը խանգարում են Հայաստանի և Ադրբեջանի բուն շահերի իրականացմանը:

***

Ռուսաստանը երբեք Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը չի եղել. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը։

«Այո, մենք հիշում ենք, երբ Հայաստանում ներկայիս գործող պաշտոնյաներից շատերը, դեռ ընդդիմադիր դաշտում, քարոզարշավների ժամանակ կոչ էին անում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից: Երբ վարչապետ Փաշինյանը եկավ իշխանության, մենք նույնիսկ չնչին ձգտում չունեինք մեր հարաբերություններում հեռվանալ Երևանից: Բոլոր ոլորտներում՝ տնտեսականից մինչև ռազմաքաղաքական, ամեն ինչ զարգացել է այնպես, ինչպես իր նախորդների օրոք»,-ասել է Լավրովը։

Այս խորագրի վերջին նյութերը