Քաղաքական

18.01.2024 07:50


Ավանեսյանը շարունակում է ձախողել իր ղեկավարած ոլորտի կառավարումը. ինչո՞ւ պաշտոնանկ չարվեց. «Ժողովուրդ»

Ավանեսյանը շարունակում է ձախողել իր ղեկավարած ոլորտի կառավարումը. ինչո՞ւ պաշտոնանկ չարվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ նախորդ շաբաթվա տարեվերջյան ասուլիսի մի դրվագ այնքան էլ իր վրա ուշադրություն չսեւեռեց, մինչդեռ այս դրվագը լավագույնս ապացուցում է, որ Ավանեսյանը ձախողել է իր ղեկավարած ոլորտի կառավարումը։

Հայաստանում այս պահին չկա Քովիդի դեմ պատվաստանյութ․ նախարարությունը մրցույթներ է հայտարարել, որոնք չեն կայացել։

«Մի քանի շրջափուլով մասնակից չի եղել, պատվաստանյութի առաջարկ չի եղել, այս վերջին մրցույթի արդյունքով, կարծես թե, ունենք մասնակից, եւ շուտով կկնքվի պայմանագիր, ու Քովիդի դեմ պատվաստանյութը եւս հասանելի կլինի Հայաստանում»,–ասել էր Ավանեսյանը։

Նախարարը ոչ թե հաստատակամորեն է խոսում պատվաստանյութերի մասին, այլ շեշտում՝ «կարծես թե»։ Իսկ «կարծես թե»-ն նշանակում է՝ միգուցե այս մրցույթն էլ ձախողվի։ Եւ ի՞նչ պետք է անեն քաղաքացիները․ կարծես թե ոչինչ․ սպասելու են։ Մինչդեռ, Առողջապահության նախարարության գլխավոր գործառույթներից մեկը պետք է լիներ հենց այս հարցերի կարգավորումն ու օր առաջ երկրում պատվաստանյութերի ապահովումը։ Սա կարելի է որակել նախարար Ավանեսյանի հերթական ձախողումներից մեկը, մի նախարարի, որը, ի դեպ, շատ ակտիվ է պատվաստանյութերի թեմայով տարատեսակ համաժողովների մասնակցելու համար գործուղումների մեկնելու հարցում։ Երկիրը պատվաստանյութով ապահովելու հարցը, սակայն, դեռ լուծված չէ։

Չնայած այս ամենին՝ Անահիտ Ավանեսյանն այսքանից հետո էլ կշարունակի պաշտոնավարել, քանի որ Նիկոլ Փաշինյանը գնահատում է նախարարի ոչ թե մասնագիտական ունակություններն ու գործը, այլ իրեն նվիրվածությունը, իրեն չհակառակվելը։ Թերեւս պետք է որ Մարտունու բժշկական կենտրոնի հետ կապված հարցում նրան ըստ էության խաբելուց հետո նա պաշտոնանկ արված լիներ, մինչդեռ հակառակին ենք ականատես լինում»։

Այս խորագրի վերջին նյութերը