Քաղաքական

17.01.2024 07:53


Ես առաջարկում էի Ղարաբաղը դարձնել Ինքնավար Հանրապետություն. համարյա լուծված հարց էր. Կարեն Դեմիրճյան (տեսանյութ)

Ես առաջարկում էի Ղարաբաղը դարձնել Ինքնավար Հանրապետություն. համարյա լուծված հարց էր. Կարեն Դեմիրճյան (տեսանյութ)

Ղարաբաղյան շարժման արդյունքում 1988թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և անցավ թոշակի: Երեք տարի անց փաստավավերագրող, հետագայում՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը 1991թ. տնային, ոչ պաշտոնական մթնոլորտում տեսագրել է իր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ` մի շարք հարցերի պարզաբանման ակնկալիքով:

Այդ հարցազրույցի որոշ հատվածներ տեղադրված են «Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

168.am-ը ներկայացնում է այդ հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները: Ներկայացված տեսանյութում Կարեն Դեմիրճյանը խոսում է Ղարաբաղյան շարժման, իր դիրքորոշման, ժողովրդի պահանջի ու հարցի լուծման իր պատկերացրած տարբերակի մասին:

«Մենք այնքան ենք տուժել, որ շուտ ենք ոգևորվել: Օրինակ, երբ Ղարաբաղյան շարժումը կապել ենք «Перестройка»-ի հետ: Ես համոզված եմ, որ այդ շարժումն այլ ընթացք ու արդյունքներ կունենար, եթե մենք չընկնեինք «Перестройка»-ի ու «Гласность»-ի ոգևորության մեջ»,-ասել է Հայաստանի երկարամյա առաջնորդը:

Կարեն Դեմիրճյանը նշել է նաև, որ Ղարաբաղյան շարժման ցույցերի մեկնարկից 3 տարի անց կգործեր նույն կերպ, ինչ այդ օրերին:

«Բախտորոշ իրավիճակներում պետք է առաջնորդվել բանականությամբ: Նախ ես, այո՛, միտինգում էի, երբ որ 700 000-անոց մասսան գոչեց՝ սեսսիա՜, սեսսիա՜: Ես էլ ձեռքս բարձրացրեցի, ասացի՝ սեսսիա չի լինելու: Չի լինելու ինչի՞ համար: Շատ պարզ սիտուացիա էր: Մենք պետք է ասեինք՝ այո, Ադրբեջանը պետք է ասեր՝ ոչ: Ու հարցը մտնում էր փակուղի: Այստեղ հաշվարկ անել պետք չէր: Իսկ եթե այդ ժողովրդի էներգիան մեր հետագա կամարտահայտությունների համար մենք որպես պոտենցիալ ունենայինք, դա մեզ շատ կօգներ, բայց մենք միանգամից գնացինք վերջին կետին, մինչդեռ մենք այդ էներգիան նրանց գլխին կարող էինք կախած պահել»,-ասաց Կարեն Դեմիրճյանը:

Վերջինս նկատեց՝ եթե տրվեր էմոցիաներին ու այդ օրերին միանար ժողովրդի պահանջին, ինքն իրեն ղեկավար կոչելու իրավունքից կզրկեր:

«Եթե ես իմանայի, որ դա այդ ճանապարհով լուծվելիք հարց է, այլ բան: Ես միշտ իմ ընդդիմախոսներին ասել եմ, որ հարցը պետք է դրվեր հետևյալ կերպ՝ ղեկավարն ուզո՞ւմ է, որ այդ հարցը լուծվի, թե՞ չի ուզում, կո՞ղմ է այդ հիմնահարցի արդար լուծմանը, թե՞ ոչ: Ո՞նց կարող էր լինել Հայաստանի ղեկավար, որը չուզենար, որ Հայաստանը միանա Մայր Հայրենիքին: Ուրեմն հարցը մնում է սա՝ ի՞նչ մեթոդով, ի՞նչ ճանապարհով հասնել դրան»,-ասել է Կարեն Դեմիրճյանը:

Վերջինս նկատեց, որ եթե ինքը համոզված լիներ, որ ընտրված ճանապարհը ճիշտ է, իր առաջին քայլը կլիներ ժողովրդին միանալը, բայց ինքը համոզված է եղել, որ այդ ճանապարհը հարցի լուծման չի բերելու, այլ բերելու է շատ ծանր հետևանքների, ինչպես որ, ցավոք սրտի, բերեց:

«Ես այն ժամանակ էլ համոզված էի, որ հարցի էտապային լուծումն ավելի ճիշտ ճանապարհ է: Մենք մեր պահանջատիրությունից հրաժարվողը չէինք: Դե, ղեկավարի քաղաքականության, նրա ցանկության հարց չէ: Դա ժողովրդի կամքն է: Իսկ մեր ժողովուրդն իր պահանջատիրությունից հրաժարվողը չէ, և այդ պահանջատիրությունը գոյություն է ունենալու այնքան, ինչքան գոյություն ունի մոլորակը: Ուրեմն եթե ադրբեջանցիները Ղարաբաղը չեն տալու, մենք էլ չենք հրաժարվելու մեր պահանջատիրությունից, պետք է գտնել այն հնարավոր տարբերակը, որ մեզ կմոտեցնի հարցի լուծմանը»,-ասել է Կարեն Դեմիրճյանը:

Նրա խոսքով՝ պետք էր գնալ Ղարաբաղյան հարցի փուլային լուծման, որովհետև տվյալ ժամանակահատվածում ո՛չ Մոսկվան, ո՛չ Ադրբեջանը պատրաստ չէին հարցի հայանպաստ լուծմանը, դրան պատրաստ էինք միայն մենք:

«Թող ոչ ոք, ոչ մի կուսակցություն չսեփականացնի այս հարցը, քանի որ Ղարաբաղի հարցը մեր ժողովրդի էության մեջ է: Հայաստանում երբևէ ինչ իշխանություն էլ լինի, այդ հարցը լինելու է ամենաբարդ պրոբլեմներից մեկը, մինչև որ այն չլուծվի: Որպես առաջին քայլ՝ ես գտնում էի, որ ամենաճիշտը կլինի օգտվել ցույցերի հանգամանքից ու Ղարաբաղը դարձնել ավտոնոմ Հանրապետություն: Դա հանգրվանային լուծում կլիներ, ժամանակավոր: Ես պատրաստել էի, Կենտրոնը ընկալել էր: Ղարաբաղի՝ ավտոնոմ Հանրապետություն դարձնելու հարցը համարյա լուծված էր: Ադրբեջանական կողմը փաստերի ծանրության տակ, հատկապես սումգայիթյան վայրագությունից հետո անպայման համաձայնում էին էդ գաղափարի հետ, որ ինչ-որ չափով իրենց կաշին ազատեն հնարավոր պատժից, որովհետև այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Սումգայիթի ողբերգությունն այդպես անպատիժ կանցնի»,-ասել էր ՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղարը:

Նա շեշտեց նաև, որ Կենտրոնը թուլացավ այն ժամանակ, երբ անպատիժ թողեց Սումգայիթի ոճրագործությունը, որովհետև դրանից հետո սկսվեցին այլ սումգայիթներ ԽՍՀՄ այլ վայրերում:

«Ես գտնում եմ՝ ամենաճակատագրական սխալը Սումգայիթն անպատիժ թողնելն էր, քաղաքական գնահատական չտալը, որի առնչությամբ ես մի քանի անգամ հարց բարձրացրեցի, ընդհուպ՝ հրաժարականի սպառնալիքը: Ավելին, ես այդ ժամանակ՝ փետրվարի 29-ին, մարտի 1-ին ասացի՝ ես հրաժարական կտամ, եթե դրան չտրվի քաղաքական գնահատական»,-ասաց նա:

Կարեն Դեմիրճյանի խոսքով՝ այդ ճնշման տակ պատրաստվել էր նախագիծ, որ Ղարաբաղը դառնար Ինքնավար Հանրապետություն, ինչպես Նախիջևանը:

«Ես այդ հարցը, ի դեպ, բարձրացրել եմ 1977թ., երբ ձևակերպում էին նոր մեծ Սահմանադրությունը: Ես այդ ժամանակ պաշտոնապես հարց դրեցի՝ նոր Սահմանադրության մեջ գրել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետություն: Եթե չէ, էդ դեպքում Նախիջևանի ստատուսն իջեցրեք: Տարբերակ առաջարկեցի նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտցնել Հայաստանի կազմի մեջ, որովհետև անհեթեթություն է՝ ինքնավարություն Ադրբեջանի կազմում, երբ այնտեղ հայ չեք թողել, իսկ Ղարաբաղի Ինքնավար Հանրապետությունը՝ Ադրբեջանի կազմում: Իհարկե, այդ առաջարկությունները չանցան»,-ասել է Կարեն Դեմիրճյանը:

Հայաստանի երկարամյա ղեկավարը նկատեց՝ ինքն իր համար դեռևս մինչև վերջ չի պարզել, թե ինչու մերոնք չհամաձայնեցին Ղարաբաղը Ինքնավար Հանրապետություն դարձնելու առաջարկին:

«Ինձ Կենտրոնն ասաց՝ Ղարաբաղում չեն համաձայնում: Ես էլ ասացի՝ մի՛ լսեք նրանց, վերցրեք ու արեք, եթե չեք անում այդպես, ո՛չ Ադրբեջանին թող մնա, ո՛չ Հայաստանին, վերցրե՛ք, Կենտրոնի իշխանության ներքո թող լինի: Սկսեցին մտածել: Ես առաջարկում էի առաջին տարբերակը՝ Ինքնավար Հանրապետություն ու միաժամանակ Ղարաբաղը որոշ ժամանակ վերցնել Կենտրոնի ղեկավարման ներքո: Դա, ցավոք սրտի, չեղավ»,-եզրափակեց Կարեն Դեմիրճյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը