Քաղաքական

16.01.2024 17:15


ՔՊ շարքերն ուզո՞ւմ են օգտագործվել ու դեն շպրտվել՝ դավաճանի խարանը ճակատներին․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՔՊ շարքերն ուզո՞ւմ են օգտագործվել ու դեն շպրտվել՝ դավաճանի խարանը ճակատներին․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթն ԱԺ ամբիոնից․

Սիրելի՛ ժողովուրդ,

Նիկոլ Փաշինյանն օրերս արձանագրեց իր վարած քաղաքականության տապալումը։ Նա այլևս զրոյական գործիչ է։ Եթե դա միայն նրա անձնական տապալումը լիներ, ապա կարելի էր դեն նետել այդ ամենն ու մոռանալ մեր օրերի Հերոստրատին։ Բայց խնդիրն այն է, որ այդ տապալման թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը Փաշինյանն է, բայց թիվ մեկ տուժողը հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունն են։

Փաշինյանը հերթական անգամ խոստացել էր խաղաղություն բերել, բայց, ինչպես միշտ, այդ ամենը սուտ դուրս եկավ։ Ալիևն Արցախը կլանելուց հետո անցել է Հայաստանին։

Փաշինյանը փորձում էր իրեն հավատացողներին համոզել, թե Բերձորի միջանցքի շրջափակման, Արցախի պաշարման ու հանձման, արցախահայության էթնիկ զտման վրա աչք փակելը ճիշտ էր, քանզի դա այն գինն է, որը պետք է վճարել՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Հայաստանի համար 29.800 քառակուսի կիլոմետրանոց «կադաստրի թուղթ» ստանալու դիմաց։

Մեր հանրության մի փոքր հատվածը լռելյայն ընդունել էր «Արցախը տանք, որ խաղաղ ու լավ ապրենք» փաշինյանական բանաձևը։ Բայց Ալիևի վերջին հայտարարություններից ու Փաշինյանի ինքնախոստովանությունից հետո նույնիսկ այդ փոքր հատվածի համար պարզ դարձավ, որ Փաշինյանը ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր ցեղասպանություն է բերում։ Բոլորի համար արձանագրվեց Փաշինյանի ֆիասկոն։ Նա այլևս սպառել է իր բոլոր ստերը։ Մեզ համար այդ սպառվածությունը տեսանելի էր շատ վաղուց, բայց հիմա դա տեսնում են բոլորը։

2018–ին նա շահագործեց մարդկանց արդարացի սպասումները, անհրաժեշտ քաղաքական փոփոխությունների մեծ պահանջարկն ու իշխանության գալուց հետո դարձավ է՛լ ավելի վատը։

Նա խոստացել էր սեր ու հանդուրժողականություն, բերեց ատելություն և պառակտում։

Խոստացել էր վերջ դնել թալանին, հիմա իրենք են դարձել թալանչիներ։

Ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա Ալիևից է՛լ մեծ էնտուզիազմով է Արցախը համարում ադրբեջանական։

Ասաց՝ «Ապագա կա», հիմա հայտարարում է, որ ապագա չկա և Ալիևը «կադաստրի թուղթը» չի տալիս։

Այժմ ճշմարտության պահ է մեր ժողովրդի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերի համար։ Կարելի է սխալվել, բայց չի կարելի սխալը չուղղել, մանավանդ, երբ այդ սխալի հետևանքները ճակատագրական են լինելու։

Իշխող ուժի միջին ու ստորին շերտերում շատերը հասկանում են, որ Փաշինյանը ձախողվել է և իրենց էլ հետն է ուզում թողնել խորտակվող նավակում։ Պետք է, հետևաբար, կողմնորոշվել․

-Արդյոք մարդիկ ուզո՞ւմ են մնալ Փաշինյանի խորտակվող նավակում, թե՞ ոչ։

-ՔՊ-ում ուզո՞ւմ են Արցախի գերեզմանափորը դառնալուց հետո դառնալ նաև Հայաստանի գերեզմանափորը։

-Ուզու՞մ են դառնալ մեկ մարդու անձնական հաշվարկների, հակապետական քայլերի, սխալների, վախերի գերին։

-Ուզու՞մ են օգտագործվել ու դեն շպրտվել՝ դավաճանի խարանը ճակատներին։

Դեռ փոքրիկ ժամանակ կա կողմնորոշվելու։ Սխալներն ուղղելու և քաղաքական գերությունից դուրս գալո՛ւ ժամանակը։

Այս խորագրի վերջին նյութերը