Քաղաքական

04.11.2011 12:47


ՀՀԿ–ական. «Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կա»

ՀՀԿ–ական. «Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կա»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը «7օր»–ի հետ զրույցում խոստովանել է, թե «բնականաբար տեղյակ չի եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հրաժարականից», բայց մոտեցմանը տեղյակ եղել է։

Դիտարկմանը, թե, փաստորեն, Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշումներ կայացնում և կուսակիցներին ընդամենը տեղեկացնում է դրա մասին, նա պատասխանել է, թե չի կարելի այդպես ասել։

–Գիտե՛ք, դա իր որոշելիքն էր։ Կարող է, որ, ասենք, պարոն Մինասյանն իր փեսան է՝ միասին են որոշում կայացրել, բայց ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանը որոշումները կայացնում է գոնե խորհրդակցելով,–ասել է նա։

Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ չպետք է կենտրոնանալ անձերի վրա, քանի որ իրենք ամիսներ առաջ տեղյակ էին ընդհանուր սկզբունքին՝ անցկացնել նոր որակի ընտրություններ, և իրենց համար էական չէ, թե այդ սկզբունքներն ով կիրականացնի, հատկապես, որ  նախապես շրջանառվում էին հավակնորդ մարդկանց անունները, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանինը։

Հարցին՝ բայց չէ՞ որ շրջանառվում էր նաև Տիգրան Սարգսյանի անունը, ինչո՞ւ նախապատվությունը տրվեց Հովիկ Աբրահամյանին, նա ավելի՞ կարող ուժ էր, քան վարչապետը, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է, թե այստեղ միմյանց զիջելու խնդիր չկա։

–Ուղղակի «պլյուս»–«մինուս» են անում, հազար ու մի հարցեր կան,–ասել է նա։

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանը այդպես էլ չկարողացա՞վ Սերժ Սարգսյանին իր հավատարմությունն ապացուցել, որ նախագահն իր փեսային ուղարկում է որպես նրան վերահսկող, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է, թե չի կարծում՝ վերահսկողության հարց կա, քանի որ, ըստ նրա, վերահսկել կարելի էր նաև պաշտոնում մնալով։

–Պարտադիր չէր անպայման կողքին լիներ, որ  վերահսկեր, պարզապես ուժերը կենտրոնացնում են նոր որակի ընտրություններ անցկացնելու համար,–ասել է նա։

Հարցին, թե, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ այդ քայլին գնում և հրաժարական է տալիս՝ Սերժ Սարգսյանին իր հավատարմությունն ապացուցելու համար, իսկ Լեռնիկ Ալեքսանյանն ինչի՞ է պատրաստ, որպեսզի իր հավատարմությունն ապացուցի, նա պատասխանել է, թե հավատարմությունը չեն ապացուցում, և ապացուցելու բան չկա։

Դիտարկմանը, թե փաստորեն Հովիկ Աբրահամյանը ապացուցելու բան ուներ, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է.

Գիտեք, խոսակցություններ կային մամուլում, ու այստեղ ոչ թե նախագահին է Հովիկ Աբրահամյանը ուզում ապացուցել, այլ հանրությանը, մյուսներին։ Խոսակցություններին վերջ տալու համար ուզեց ասի, որ այդ պաշտոնն իր համար գերակա չէ։ Եվ ինչո՞ւ միայն նախագահին ապացուցել, նաև՝ կուսակցությանը,–ասել  է նա։

Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ Հովիկ Աբրահամյանն ավելի շատ հասարակությանն ապացուցելու բան ուներ՝ խոսակցությունների դեմն առնելու համար։

Ես կարծում եմ՝ անձնական հարաբերություններում վստահությունը՝ սա շատ ավելի նեղ բան է, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կա,–ընդգծել է նա՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյան–Սերժ Սարգսյան փոխհարաբերություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը