Մեկնաբանություն

11.01.2024 17:48


Ալիևը կրկին գմփացրեց Փաշինյանի քարոզչական փուչիկը. «Զանգեզուրի միջանցքն» ադրբեջանցիների օրակարգում է

Ալիևը կրկին գմփացրեց Փաշինյանի քարոզչական փուչիկը. «Զանգեզուրի միջանցքն» ադրբեջանցիների օրակարգում է

Ալիևի վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն առնվազն անմեղսունակ է եղել, իսկ իրականում՝ հակապետական-դավաճանական:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած ինտենսիվորեն տարածում էր այն թեզը, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելով՝ հնարավորություն կա ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետրի համար «կադաստրի թուղթ» ստանալ Ադրբեջանից ու խաղաղ ապրել:

«Արցախը հանձնենք Ադրբեջանին, որ խաղաղ ապրենք» ծրագիրն, անշու՛շտ, անբարոյական էր ու սպառնում էր ՀՀ անվտանգությանը, բայց նիկոլենք համոզում էին, թե, իբր, դա խաղաղության է բերելու և Հայաստանը վերածվելու է «Խաղաղության խաչմերուկի»: Թեև պաշտոնական Բաքուն որևէ խոստում չէր տալիս ու չէր հաստատում Նիկոլի թեզերը, բայց, այդուհանդերձ, Նիկոլն իր ասածն էր առաջ տանում:

Նիկոլը հայ ժողովրդին նաև բացատրում էր, թե ինչու է Արցախը հանձնում: Ասում էր՝ Ալիևը Լաչինի միջանցքին զուգահեռ Զանգեզուրի միջանցք է պահանջում, ինքը չի տալիս ու Զանգեզուրի միջանցքը չտալու գինը Լաչինի միջանցքն ու ամբողջ Արցախը հանձնելն է:

Ալիևն իր հայտարարություններով պայթեցրեց Նիկոլի քարոզչափուչիկը՝ հայտարարելով, որ

-Ադրբեջանը Զանգեզուրի միջանցք է պահանջում,

-Ադրբեջանը մեկ միլիմետր անգամ հետ չի գնալու ՀՀ-ի՝ իր գրաված տարածքներից,

-Ադրբեջանը 4 գյուղ ու «անկլավներ» է պահանջում,

-Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ 29.800-ը (դա այն դեպքում, երբ Նիկոլը քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Ադրբեջանի տարածքը, որի մեջ ներառել է նաև Արցախը),

-Ադրբեջանը չի համաձայնում 1970 թվականից հետո եղած քարտեզներին ու սահմանագծումն իրականացնելու է իր ուզած քարտեզով, որը մինչև 1970 թվականի պետք է լինի,

-Ադրբեջանը հանցագործներ է համարում Արցախի ռազմաքաղաքական այն գործիչներին, որոնց գերեվարել է,

-Ադրբեջանը համաձայն չէ, որ հայ-ադրբեջանական պայմանագրին միջազգային երաշխավորներ են պետք:

Եվ ընդհանրապես, Ալիևը հաշվել է Նիկոլ Փաշինյանի ատամներն ու գործնականում ՀՀ կապիտուլյացիա է պահանջում:

Նիկոլն այս վիճակին բերել է հիմարությա՞ն, թե՞ դիտավորության արդյունքում, արդեն այլ խոսակցության թեմա է: Փաստն այն է, որ նա կատաստրոֆայի առաջ է կանգնեցրել մեր երկիրը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը