Քաղաքական

11.01.2024 11:56


ՔՊ-ական պաշտոնյան՝ կաշառքի գործով սկանդալի կենտրոնում

ՔՊ-ական պաշտոնյան՝ կաշառքի գործով սկանդալի կենտրոնում

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Խոյ խոշորացված համայնքի Ծաղկալանջ բնակավայրի վարչական ղեկավար Գեւորգ Պողոսյանի վերաբերյալ Ծաղկալանջի բազմաթիվ բնակիչներ հաղորդում են ներկայացրել առ այն, որ վարչական ղեկավարը համայնքապատկան տարածքները վարձով տալու խոստումով իրենցից որպես կաշառք գումար է վերցրել ու տարածքները վարձակալության չի տվել։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեւորգ (Գեւորիկ) Պողոսյանը 2022թ․-ի ամռանից մինչ օրս Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «800 մետրանոց» անվամբ կոչվող տարածքում առանց որեւէ իրավական հիմքի որոշակի հողակտորներ փաստացի տնօրինող մոտ 40 բնակիչներից պահանջել է այդ տարածքների վերաբերյալ վարձակալության պայմանագիր կնքելու համար կաշառք։ Պողոսյանը կաշառքը վերցրել է եւ՛ առձեռն, եւ՛ Ծաղկալանջի համայնքապետարանում որպես առաջատար մասնագետ աշխատող Արեւհատ Ստեփանյանի միջոցով։ ՔՊ-ական պաշտոնյան Ծաղկալանջի գուղացիներից հափշտակել է խոշոր չափերով գումար եւ մինչ օրս որեւէ գործողություն չի կատարել այդ տարածքները վարձակալությամբ տալու համար։

Մեր տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ Ծաղկալանջի բնակիչներ Լալա Ս․-ն, Ժիրայր Զ․-ն, Պավլիկ Պ․-ն բողոք են ներկայացրել Վաղարշապատի բաժին։ Փաստաթղթերն ուղարկվել են քննչական։

Խոյ համանքի վարչական ղեկավար Արգիշտի Մեխակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը, ասաց․

«Եթե նման բան կա, եթե բողոքներ են ներկայացրել համայնքի բնակիչները, ուրեմն իրավապահները այդ հարցով կզբաղվեն եւ ըստ արժանվույն այդ հարցը կլուծեն»։

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը