Մեկնաբանություն

03.11.2011 16:36


Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» կադրային ջարդը շարունակվո՞ւմ է

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» կադրային ջարդը շարունակվո՞ւմ է

Կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը հերթական աղմկահարույց պաշտոնանկությունն է նախաձեռնելու։ Աշխատանքից հեռացվելու է ՀՀ նախագահի նստավայրի հավաքարարը, ով դավադրության մեջ է կասկածվում։

Ասում են, թե տիկին Վարդուշը (դե՛, հավաքարարը, էլի) դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից է ավլել Բաղրամյան 26–ի բակը, և ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը նախագահի կարգավիճակով մտնելիս է եղել շենք, նախկին իշխանության հլու կամակատարն ավելը ձեռքից վայր չի գցել ու մի տեսակ ֆշշացրել է նրա հետևից, ինչն էլ մտածելու տեղիք է տվել ՀՀԿ «ճկուն» ղեկավարի շուրջը հավաքված աչալուրջ երիտասարդներին, և ահա լուծումը գտնվել է։ Վարդուշը, ըստ լուրերի, ներկա աշխատանքից հեռացվելուց հետո ավլելու է Տիգրան Սարգսյանի ընդունարանը։

Իշխանամերձ վերլուծաբանները նման փոխատեղումը բացատրում են նրանով, որ Վարդուշին վարչապետի մոտ ուղարկելով՝ նախագահի աշխատակազմը հնարավորություն է ստանում պատանդի կարգավիճակում պահել հավաքարարին, որպեսզի նա խաղեր չտա ու «ստեղ–ընդեղ» ավելը աջուձախ չանի։ Բացի այդ՝ Վարդուշի տեղափոխմամբ ներքին հակակշիռներ կստեղծվեն, ու հնարավոր կլինի  վերահսկողության տակ պահել «տիրացուին»։

«Սա Գյուլի Հայաստան այցելությանը համարժեք PR–քայլ է»,– դեմքի «ֆուտբոլային» արտահայտությամբ նկատում են պալատական սազանդարները։

Անկեղծ ասած՝ իշխանամերձների նման մեկնաբանությունները պարզապես ծիծաղ են առաջացնում, բայց նրանք խորհուրդ են տալիս լուրջ մոտենալ այս ամենին, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդուշի պաշտոնանկության մասին լուրերը սկսեցին ակտիվանալ Նիկոլյայի (դե՛, Սարկոզիի, էլի) հայաստանյան այցից հետո, ինչը վկայում է այն մասին, որ աշխարհաքաղաքական կենտրոններն առնվազն դեմ չեն մեզանում տեղի ունեցող վերադասավորումներին։ Ասել է թե՝ Սերժը 2 հատ «քարտ բլանշ», 4 հատ «գրին քարտ» և  3 հատ «դաբրո» ունի։

Նկատենք, որ առայժմ պաշտոնական հաղորդում չկա Վարդուշի հեռացման մասին, ու բոլոր իշխանությունների օրոք նախագահական նստավայրը ավլած տիկինը քաղաքական անատոմիկի գործառույթ կատարող «Արմնյուզ» հեռուստաընկերությանը  դեռ հարցազրույց չի տվել, բայց րոպե առ րոպե սպասվում է, որ շրջադարձային այդ իրադարձությունը տեղի կունենա և «տելեվիզորի մեջի տղեն» եթերային խոստովանահոր իր դերը կկատարի։

Եթե տարածվող լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հոդվածներ կներկայացնեն «ազատ, բայց սերժատու» կայքերն ու թերթերը, երբ ՀՀԿ խորհրդի ձևական նիստից հետո Հայաստանի մայրաքաղաքը, գյուղերն ու ավանները լցվեն Վարդուշի հրաժարականի, տեղափոխման և թիմի անդամ մնալու լուրերով։

«Վարդուշի վերջը», «Սերժ Սարգսյանը բյուրեղացնում է իշխանական բուրգը», «Սարգսյանը հանեց իր «մուռը» Քոչարյանից», «Սարգսյանի պատասխանը Քոչարյանի հարցազրույցին», «Դե ֆշշացնելը դու հիմի տես», «Նախագահականի թիմը կոտրած տաշտակի առջև կանգնեցրեց ռեակցիոն հավաքարարին», «Սարգսյանը ՌԴ «դաբրոյով» անցել է հարձակման և շռնդալից հաղթանակներ է տանում». սրանք այն վերնագրեր են, որոնք, ամենայն հավանականությամբ, կզարդարեն նույն մարդու գրած, բայց իշխանական տարբեր ԶԼՄ–ներում տպած հոդվածները։

Չեմ կասկածում, որ «փորձագետները» և վարձու գրչակները կշտապեն վերլուծություններ ներկայացնել այն մասին, թե Սերժ Սարգսյանը հերթական ներիշխանական հաղթանակը տարավ, ու նրան այլևս ոչինչ չի խանգարում վերարտադրվելու համար։ Իշխանական քարոզչության կոդերին համահունչ և Սերժ Սարգսյանի սրտի ուզած ձևով զուգահեռաբար հանդես կգան խիստ ընդդիմադիր կոնգրեսական Զոյա Թադևոսյանը և ոչ պակաս ընդդիմադիր պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։

«Մի Վարդուշի խնդիրն էր, որը նախագահը չէր կարողանում լուծել շուրջ երեք տարի, բայց Տեր–Պետրոսյանի՝ հերթական ընտրություններին պատրաստվելու հայտարարությունը հաշվի առնելով, ինչպես նաև Պուտինին մոտիկից տեսնելուց հետո նախագահն այլևս իր ձեռքն է վերցնում պետական կառավարման ղեկը։ Վարդուշը կանգնեցվեց կոտրած ավելի, կամ տիգրանական լեզվով ասած՝ կոտրած տաշտակի առջև, իսկ դրանից հետո կարելի է արդեն մտածել նույնիսկ ազատ և արդար ընտրությունների անցկացման մասին ու հետողորմյա չանել Դոմինգոյի այցի հետևանքները»,– ենթադրաբար կգրեն «փորձագետները» և կշտապեն իրենց այս մտքերը տարատեսակ մամուլի ակումբներում բարձրաձայնել։

Դե ինչ, սպասենք նոր պաշտոնանկությունների ու չշտապենք քնել գիշերը, քանզի իշխանությունները որոշումները կայացնում են խավարի մեջ ընկղմված՝ առաջնորդվելով «Երբ քնում է ժողովուրդը, մեյդան են գալիս «փերիները»» կարգախոսով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հետաքրքիր է, թե արդյոք տիկին Վարդուշն է՞լ է ուրիշներից տեղեկանալու իր պաշտոնանկության մասին, իսկ տեղեկանալուն պես արդյոք շտապելո՞ւ է երդվել, թե ուր էլ տեղափոխվի աշխատելու, միևնույն է, օրվա վերջում մտնելու է Բաղրամյան 26, մի հատ ավլի, հետո նոր տուն գնա։

Այս խորագրի վերջին նյութերը