Քաղաքական

09.01.2024 11:12


Թուրքիան և Ադրբեջանը նոր թափով են բարձրացնում միջանցքի հարցը․ աշխարհաքաղաքական կոնսենսուս է փոխվել հարցի շուրջ

Թուրքիան և Ադրբեջանը նոր թափով են բարձրացնում միջանցքի հարցը․ աշխարհաքաղաքական կոնսենսուս է փոխվել հարցի շուրջ

Չնայած Ադրբեջանի պաշտոնատար անձինք ժամանակ առ ժամանակ պնդում են, թե ՀՀ ինքնիշխան տարածքն իրենց «հետաքրքիր» չէ և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» համարժեք նոր երթուղի են փորձում կառուցել Իրանի տարածքով, Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ իրականում այս հայտարարությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը չի հրաժարվել հենց Հայաստանով անցնող այս երթուղու տարբերակից։

Ըստ նրա, ցույց տվեցին նաև գլխավորը, որ այս հարցի շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս է փոխվել, այսինքն՝ չի բացառվում, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս այս հարցի շուրջ ներկայումս։

«Երևի թե հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը նոր թափով ու ավելի մեծ վստահությամբ է փորձում առաջ մղել այս նախագիծը։ Ցանկանում եմ հիշեցնել, որ նախորդ տարի ինչ-ինչ իրողությունների պայմաններում Ադրբեջանը կա՛մ հրաժարվեց, կա՛մ ցույց տվեց, թե հրաժարվել է այս պրոյեկտից, փորձելով նոր ճանապարհ կառուցել Իրանի միջոցով։ Ինչպես հիշում ենք, կողմերը ոգևորված հայտարարեցին, որ սկսում են կառուցման աշխատանքները, որ սա «Նախիջևանի միջանցք» անվանումով հայտնի տարբերակին այլընտրանք կդառնա։ Սակայն այսօր պարզվում է, որ չի դառնա, քանի որ Ադրբեջանում ամեն դեպքում ցանկանում են հայկական տարբերակը»,-ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, պաշտոնական Երևանից հնչող հայտարարությունները հենց այս պրոյեկտի վերաբերյալ ներկայումս չեն փոխվել, փոխվել է աշխարհաքաղաքական կոնսենսուսը սրա շուրջ, որից Ադրբեջանը, հետպատերազմյան բոլոր պայմանավորվածությունների համաձայն, փորձում է առավելագույնը շահել։

Խրամչիխինը հիշեցրեց բավականին երկար ժամանակ տարվող քարոզչությունը, թե Ռուսաստանը Հայաստանից միջանցք է պահանջում այն դեպքում, երբ ՌԴ պաշտոնյաները հայտարարում էին, որ քննարկումների օրակարգում միջանցքի հարց չկա։

«Չեմ կարծում, թե այս հարցում ՌԴ մոտեցումն է փոխվել, գուցե գործընթացում ներառված այլ դերակատարների մոտեցո՞ւմն է փոխվել։ Սա չի բացառվում, քանի որ աշխարհաքաղաքական մրցակցությունը պարզապես քաղաքական գործընթացների նկատմամբ չէ միայն, այլ բոլոր զարգացումների, որոնցում բավականին էական նշանակություն ունեն հենց տնտեսական երթուղիները, միջանցքները, ճանապարհները։ Այս հարցում, կարծում եմ, գեոպոլիտիկ բոլոր կենտրոններն ունեն իրենց պատկերացումները, շահերն ու սցենարները»,-նշեց Խրամչիխինը։ Նրա խոսքով՝ սա դեռ «խմորվող» գործընթաց է։

«Բավականին էական ազդեցություն են ունենալու Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի դիրքորոշումները։ Երևանից հնչող հայտարարությունները կարևոր չեն, ընդհանրապես կարևոր չեն հայտարարությունները, այլ քայլերն ու քաղաքականությունը։ Եթե Երևանը ցանկանում է ռեգիոնում հայամետ լուծումներ, պետք է ունենա գործընկերային հարաբերություններ նախ՝ հենց Հարավային Կովկասում, քանի որ միևնույն է՝ Արևմուտքը հեռու է։ Արևմտյան երկրների ներկայությունը Հարավային Կովկասում կայուն չէ։ ՀՀ արտաքին քաղաքական հաշվարկները հիմնված են Արևմուտքից կախված հույսերի վրա։

Ենթադրվում է, որ Արևմուտքը պետք է պաշտպանի ՀՀ դիրքորոշումները։ Բայց արդյո՞ք դա տեղի կունենա, արդյո՞ք Երևանին հարկավոր չեն դաշնակցային ու վստահելի հարաբերություններ Իրանի ու Ռուսաստանի հետ, որոնց ձայնը Հարավային Կովկասում լսելի է։ Երևանի քաղաքականությունից շատ բան է կախված՝ ազդեցիկ կլինի՞ Երևանի դիրքորոշումն այս հարցում, թե՞ ոչ։ Նախագիծը կա, Ադրբեջանի ցանկությունը՝ ճնշումներով լուծել այս հարցը, կա, աշխարհաքաղաքական մրցակցությունը՝ կա, Երևանի կողմից միայն հայտարարությունները որևէ հարց չեն լուծում»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը