Քաղաքական

08.01.2024 11:03


Ոտաբոբիկ եմ փախել, ամբողջ գյուղով գիշերել ենք անտառում. մեզ հետ հղի կին կար, մանկահասակ երեխաներ. մի գաղթի պատմություն

Ոտաբոբիկ եմ փախել, ամբողջ գյուղով գիշերել ենք անտառում. մեզ հետ հղի կին կար, մանկահասակ երեխաներ. մի գաղթի պատմություն

Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ժամանակ Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղը անմիջապես թշնամու նշանառության տակ է գտնվել: Առաջին իսկ հարվածներից հետո գյուղի բնակիչները փախել եւ թաքնվել են անտառում, որտեղից էլ սկսվել է նրանց գաղթի ճանապարհը:

Գյուղի բնակիչներից Ռուզաննա Հակոբյանը NEWS.am-ին է պատմել այդ սարսափելի օրվա մանրամասները:

«Հենց պատերազմը սկսվեց, երեխաներով, ծերերով, կանանցով փախանք անտառ: Անտառը մեզ մոտ էր: Ես ոտաբոբիկ եմ փախել, ոչ մի բան չեմ վերցրել, միայն մեր անձնագրերը: Մի գիշեր մնացինք անտառում, մեզ հետ նաեւ հղի կին կար, որ մի քանի օրից պետք է ծննդաբերեր, փոքր երեխաներ կային մեզ հետ՝ 3 ամսական, 4 ամսական: Մի գիշեր անտառում մնալուց հետո ոտքով հասանք Առաջաձոր գյուղ, որտեղ 15 րոպե էլ չմնացինք, մեզ ասացին, որ պետք է գնանք Ստեփանակերտ: Այնտեղից էլ Ուրալներով գնացինք Ստեփանակերտ: Մի քանի օր էլ Ստեփանակերտի նկուղներում մնալուց հետո մեզ հայտնեցին, որ տարհանում է, պետք է գնանք Հայաստան»,-պատմում է Ռուզաննան:

Կինը պատմում է, որ իրենք լսում էին բոլոր պայթյունների ձայները, թշնամին արդեն գյուղ կմտներ, եթե չլինեին իրենց գյուղի դիրքապահ տղաները:

Ռուզաննան մտովի վերադառնալով այդ օրվա իրադարձութուններին, ասում է, որ չէր մտածում՝ իր տան դուռը վերջին անգամ է փակում:

«Դժվար էր… Միշտ մտածում էի, որ կվերադառնանք, էս մեկն էլ կհաղթարահենք եւ կվերադառնանք տուն, ընդհանապես չէի պատկերացնում, որ վերջին անգամ էր… շատ դժվար էր, չգիտեմ…»,-պատմում է Ռուզաննան հուզվելով:

Ռուզաննան այդքան շատ տան ու նյութականի համար չի ափսոսում, ինչքան որ հողի ու այդ հողի համար թափված արյան համար. «Տունը էլի ոչինչ, բայց մենք մեր հերոսների գերեզմաններն ենք թողել ու հողը, որի համար այդքան արյուն թափվեց: Չէի պատկերացնում, որ 9 ամիս շրջափակման մեջ գտնվելուց հետո պետք է բռնենք գաղթի ճամփան»:

Այնուամենայնիվ, Ռուզաննան հույսը չի կորցնում, մտածում է, որ իրենք դեռ կվերադառնան հայրենի Արցախ:

«Անընդհատ մտածում ենք՝ երբ ենք գնալու մեր տուն, կարոտում ենք մեր հողը, ջուրը եւ հույսս չեմ կորցնում, չգիտեմ ինչու»,-ասում է նա եւ հավելում, որ չի էլ պատկերացնում թշնամու հետ համատեղ ապրելը այդքան վայրագություններից հետո:

Ռուզաննան ամուսնու եւ երկու դուստրերի հետ հաստատվել է Արևագածոտնի մարզի Արագածոտն գյուղում, իրենց հետ է ապրում նաեւ եղբոր ընտանիքը:

317631658_874439064001965_6085888038173203349_n.jpg (78 KB)

Արցախցի կինը ասում է, որ փորձում են հարմարվել նոր միջավայրին,չնայած դժվարություններ շատ կան, բայց կարծում է կհաղթահարեն:

«Ամուսինս բանվոր է աշխատում, 250 հազար էր տան վարձը, հետո 200 հազար իջեցրեցին, ամեն դեպքում դժվար է, պետք է աշխատենք, որ կարողանանք ապրել»,-ասում է նա:

Այս խորագրի վերջին նյութերը