Քաղաքական

30.12.2023 14:09


Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն արդյունավետ և կառուցողական էր. Հաջիև

Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն արդյունավետ և կառուցողական էր. Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն ադրբեջանական կողմը գնահատում է որպես արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն, որը նպաստում է երկու երկրների միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը։

Հաջիևը բարձր է գնահատել Փաշինյանի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների: Նա պատմական է որակել հայտարարությունը, հավելել՝ այն ցույց տվեց, որ եթե կողմերը միասին աշխատեն, վստահեն իրար, առաջընթացն ապահովված է:

Պաշտոնյան նաև ողջունել է երրորդ երկրների ցանկությունը՝ նպաստելու կարգավորման գործընթացին, սակայն, նրա խոսքով, խաղաղության հաստատման համար պատասխանատու են Հայաստանը և Ադրբեջանը:

***

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

«Հստակ ժամկետների մասին դժվար է խոսել, քանի որ Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունները՝ ավարտին հասցնելու գործընթացը»,-մանրամասնել է պաշտոնյան:

Ադրբեջանի նախագահի օգնականը վստահեցրել է՝ Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ջանքերին:

«Խաղաղության պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է, այն կփոխի տարածաշրջանի մթնոլորտը, Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների էությունը:

Սակայն պետք է հասկանալ, որ այդ փաստաթուղթը կախարդական փայտիկ չէ, այն միանգամից բոլոր հարցերը չի լուծի»,-ընդգծել է Հաջիևը, հավելել՝ պայմանագիրը թույլ կտա բացառել երկու երկրների միջև հետագա ռազմական առճակատման, պատերազմների և վայրագությունների տարրը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը