Քաղաքական

27.12.2023 19:17


Դատարանը մեզ այլ ելք չէր տվել, քան պարտադրված գործի վարույթը կարճելը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան (տեսանյութ)

Դատարանը մեզ այլ ելք չէր տվել, քան պարտադրված գործի վարույթը կարճելը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան (տեսանյութ)

Այս քրեական գործը ավարտելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը եղել է բացառապես այն հանգամանքով պայմանավորված, որ այլընտրանք չի եղել իր առողջությամբ զբաղվելու համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, դատավճռից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։

«Հանպատրաստից որոշում է կայացվել։ Այս ողջ պրոցեսը երկարաժամկետ ընթացքի արդյունքում է, որ հանգրվանել ենք այս իրավիճակին։ Ռոբերտ Քոչարյանը հակասահմանադրական ճանաչված հոդվածով շուրջ 1,6 տարի գտնվել է կալանքի տակ, որի ընթացքում ձեռք է բերել առողջական որոշակի խնդիրներ, որի կապակցությամբ դատարանի թույլտվությամբ արվել են հետազոտություններ։ Այս տարվա մայիսին երբ վաղեմության ժամկետը լրանալու մասով դատարանի կողմից առաջարկվել է մեզ, մենք վստահ լինելով, որ որևէ հանցագործություն չենք կատարել, որևէ առնչություն չունենք այս ամենի հետ, մենք պնդել ենք, որպեսզի դատաքննություն իրականացվի։ Սեպտեմբերին կրկին առաջարկվել է վաղեմության ժամկետի մասին, մենք հույս ունեինք՝ հայաստանյան դատական համակարգում արդարության հասնել, և կրկին պնդել ենք, որ գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացվի։ Դրանից քիչ հետո տեղի ունեցավ կառավարության նիստ, որտեղ կառավարության ղեկավարը հստակ նշեց, որ իրենց մեղադրական դատավճիռներ են պետք, նիստերը չեն կայանում, և այդ հիմնավորմամբ մեր դատական նիստերը կայանում էին, այսինքն՝ այնպես չէր, որ մեր պատճառով որևէ դատական նիստ չի կայացել։ Գործին ներգրավվելուցս հետո ամսի 19-ին Գորիսում դատական նիստի էի, նախօրոք արդեն ծանրաբեռնվածություն ունեի, սակայն դատարանն այստեղ նշանակել էր դատական նիստ։ Պարոն Քոչարյանը ներկայացրել է նիստերին, խնդիրն այն էր, որ ես չէի կարողանում ներկայանալ, ինչը դատարանը համարել է հարգելի»,-ներկայացրեց Միհրան Պողոսյանը։

Փաստաբանը պատմեց, որ դեկտեմբերին իրենք դատարանին միջնորդել են թույլատրել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կարճ ժամանակով մեկնի արտերկիր բուժման, ինչը դատարանը մերժել է. «Ընդ որում այդ շրջանում տեղի չէին ունենալու դատական նիստեր, դատարանը գիտակցելով դատական նիստ չանցկացնելը ինչով կարող է իրեն սպառնալ, այդ օրերին նշանակում էր դատական նիստեր, որոնք չէին կայանում, և, ըստ էության, որոշում չկայացվեց պարոն Քոչարյանի ելքը թույլատրելու հետ կապված։ Համաձայնություն է ձեռք բերվել կլինիկայի հետ, որպեսզի հունվարին անցներ հետազոտություն, ընդ որում այնպիսի ամսաթվերի, որի շրջանակներում կրկին դատական նիստ տեղի չէր ունենալու, սակայն դատարանը մեզ դրեց ընտրության առջև։ Այս գործը ավարտելու պարոն Քոչարյանի դիրքորոշումը եղել է բացառապես այն հանգամանքով պայմանավորված, որ այլընտրանք չի եղել իր առողջությամբ զբաղվելու համար։ Դատարանը մեզ այլ ելք չի տվել, քան պարտադրված գործի վարույթը կարճել»։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը