Քաղաքական

25.12.2023 15:07


ՏԵՂԵԿԱՆՔ № 11՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 11՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

22122018թ Հայկական ավտոմեքենայի փորձարկում Վանաձորում

Խոստում-Նիկոլ Փաշինյանը Վանաձորում փորձարկեց հայ-իրանական համատաեղ արտադրության Sayna Armenia ավտոմեքենայի ցուցանմուշը։ Մեքենան հավաքվել էր Հայաստանում, Իրանից ներկրված պահեստամասերով։ Նիկոլ Փաշինյանը փակ ձևաչափով քննարկեց իրանական SAIPA Group ավտոմոբիլային կոնցեռնի հետ համագործակցության շրջանակում Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների հավաքման ծրագիրը։

Այդ օրը բացված հայ-իրանական կոմպոզիտային բալոնների գործարանի տնօրեն Արայիկ Ասրյանը լրագրողներին ասաց․ «Մենք էսօր անակնկալ արեցինք մեքենայի համար, ոչ ոք չգիտեր, բայց մենք ունենք պայմանավորվածություն մեքենայի արտադրություն կազմակերպելու համար»։ Նա ասաց, որ 2019-ի մարտ ամսից պետք է շուկա մտնեն հայկական մեքենաները, էկոնոմիկայի նախարարության էլ առաջարկելու են տարբերակներ մտածել հին մեքենաները շահագործումից հանելու և հայկականով փոխարինելու համար։

Իրական պատկեր-Հայաստանում հայ-իրանական ավտոմեքենաների հավաքման ծրագիրն իրականություն չդարձավ։ Ոչ միայն 2019 թվականի մարտ ամսին, այլև հետագա 4,5 տարիներին հայկական շուկա հայկական ավտոմեքենաներ չմտան։

Սակայն սա ավտոմեքենաների միակ չկատարված խոստումը չէ։ 15072023թ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում տեղադրեց Հայաստանում հավաքվող ավտոմեքենաների տեսանյութ։ 20072023 թվականին էլ Վահան Քերոբյանը լրագրողներին որոշ մանրամասներ պատմեց այդ մեքենաներն արտադրող «Սեպուհ-1» ընկերությունից։ Հիմնադիրը պարսկահայ գործարար Ջանեզ Ավետյանն է։ Նա ավտոմեքենաների արտադրության գործարան ունի նաև Իրանում, և ընկերությունը «Սեպուհ» է անվանել իր որդու պատվին: «Սեպուհ-1» ՍՊԸ-ը հարավկորեական SsangYong ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ներմուծում է մեքենաների արտադրամասները և Հայաստանում հավաքում մեքենան։ Գործարանը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում։ Ընկերությունը, Քերոբյանի ասելով, արդեն ութ մեքենա հավաքել է՝ թեթև մարդատար «Tivoli» քրոսովեր և «Rexton» ամենագնաց: Սա դեռ փորձնական խմբաքանակն է։ Քերոբյանն ասաց, որ նպատակ ունեն տարեկան մի քանի հարյուր մեքենա արտադրել։

5 ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, Վահան Քերոբյանը հայտարարեց․ որ դեռ այդ 8 ավտոմեքենան է արտադրված։ «Գործարանը փորձնական փուլն անցել է, հիմա ընկերության ներդրողները հաջորդ փուլում են ներդրումների ներգրավման, որպեսզի կարողանան արդեն սերիական արտադրություն իրականացնել»,- ասաց նա:

Մինչ Վահան Քերոբյանը հայտարարում էր սերիական արտադրություն սկսելու մասին, հենց հաջորդ օրը՝ 23122023թ հայտարարվեց, որ ժամանակավորապես դադարեցվել է «Սեպուհ-1» ընկերության գործարանի աշխատանքը։ Ընկերության սեփականատեր Ջանեզ Ավետյանը մամուլին հայտնեց․ «Սպասում ենք, տեսնենք, թե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես են զարգանում, որովհետև մեր հիմնական շուկան պետք է Ռուսաստանը կամ ԵԱՏՄ երկրները լինեն։ Հիմա մտածում ենք` շարունակենք աշխատել, թե ոչ, որովհետև Հայաստանի շուկան շատ փոքր է սպառում ապահովելու համար, մեր ծախսը չի ծածկի»։


04022021թ Կառավարության նիստ

Խոստում –Կառավարության նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի այն բնակիչներին, որոնք կորցրել են տունը, աջակցություն տալ միանվագ՝ 300 հազար դրամ և 68 հազար դրամ՝ ամսական, մինչև նոր տների կառուցումը։ Տները կորցրել էին 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը GPS-ով քարտեզ էին գծում, և արդյունքում Սյունիքից մի շարք տարածքներ Ադրբեջանը վերցրեց, այդ թվում՝ 13 տուն Շուռնուխ համայնքից։ 01012021թ Ադրբեջանցիներն արդեն Շուռնուխում էին։ Մինչ այդ, բնակիչներին 10 օր էին հատկացրել իրենց տներից դուրս գալու համար։ Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոստացավ 13 տուն կառուցել և նվիրել տունը կորցրած բնակիչներին՝ վերջնաժամկետ սահմանելով մինչև 2021թ․ ավարտը։ 2021-ի փետրվարին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ մինչև 2021-ի ավարտը նախատեսվում է կառուցել տներն ու գրունտային ճանապարհը և սկսել բնակեցման գործընթացը։

Իրական պատկեր –15․10․2021թ․ Շուռնուխ այցելեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Հաղորդագրություն տարածվեց, թե նոր թաղամասի շինարարությունն ընթանում է լայն թափով: Նոր կառուցվող 13 բնակարանները մինչև տարվա վերջ կհանձնեն պատերազմի հետևանքով Շուռնուխում անտուն մնացած ընտանիքներին:

Կառավարության՝ 2021թ նոյեմբերի նիստում քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ասաց, որ 2022 թվականի առաջին կեսին բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի։

01032023թ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տների կառուցման ծրագիրը հետաձգվել է շինանյութերի խնդրի պատճառով։ Խոստացավ, որ տարվա առաջին կիսամյակի վերջին տները պատրաստ կլինեն։

15062023թ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց․ «Մենք Շուռնուխում 13 բնակարաններ ենք կառուցում, չնայած այնտեղ կան ուշացումներ, բայց շատ շուտով այդ ծրագիրը եւս կավարտվի, եւ Շուռնուխի բնակիչները կվերադառնան իրենց նոր տները, որոնք շատ բարձր որակի են»։

18082023թ Նիկոլ Փաշինյանն այցելեց Շուռնուխ և ծանոթացավ կիսակառույց տների շինաշխատանքներին։ Տարեցներից մեկի՝ Շուռնուխը շենացնելու կոչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ուզում ենք շենացնենք, չենք կարողանում ժամանակին շենցացնենք»։

Նշենք, որ կառավարության անդամները վերջին երկու տարում մշտապես հայտարարել են Հայաստանում շինարարության բարձր տեմպերի մասին, այնինչ Շուռնուխ գյուղում 13 տուն կառուցելու խոստումը շուրջ երեք տարի անց դեռ չի կատարվել, ժամկետները տեղափոխվել են շուրջ 5 անգամ։

27.09.2019թ, ելույթ ԵՊՀ 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում

Խոստում - ԵՊՀ-ն առաջիկա 10 տարում պետք է լինի աշխարհի լավագույն 500 բուհերի շարքում։

Իրական պատկեր – Խոստացված ժամկետի շուրջ կեսն անցել է, սակայն ԵՊՀ-ի շուրջ սկանդալները շատ ավելի շատ են, քան կրթական ձեռքբերումների մասին լուրերը։

Մասնավորապես, 23052019թ հրաժարական տվեց ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը։ Նրա դեմ 2018 թվականի իշխանափոխությւոնից հետո բողոքի ակցիաներ էին տեղի ունենում իշխանության աջակիցների կողմից։ ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ որևէ շնորհավորանք պետական մակարդակով չհնչեց, ինչի արդյունքում հրաժարական տվեց Արամ Սիմոնյանը՝ հայտնելով, որ չի ուզում Մայր բուհի 100-ամյա հոբելյանը ստվերվի։

06112019թ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, չնայած որ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր բուհերը ապաքաղաքականացնել։

17․․122019թ - ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր ընտրեց ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին։

Այս ընթացքում բազմիցս մամուլը հրապարակել է ԵՊՀ-ն կուսակցականացնելու մասին, սակայն Մայր բուհի գիտական նվաճումների և աշխարհի լավագույն բուհերի ցանկ մտնելու մասին որևէ տեղեկություն չկա։

09.06.2020թ, Ելույթ՝ Պաշտպանության նախարարությունում, բարձրագույն սպայական կազմին ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս

Խոստում - Մեն խնդիրն է Զինված ուժերում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվազն մոտեցնել ԶՈւ իմիջին: Անկեղծ ասած, այս ընթացքում վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով ԶՈւ-ի հետ, շատ կարևոր արձանագրում եմ արել, որ կարող ենք ասել, որ զինվորականությունը որպես խավ կայացել է ՀՀ-ում: Զինվորականությունը մի մեծ ընտանիք է, որը մեր պետականության ողնաշարի դերն է կատարում և որի առկայությունը ամենակարևոր երաշխիքն է մեր ինքնիշխանության, մեր լինելիության:

Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ առիթ ունեցել է հպարտանալու բանակի մարտունակությամբ։ Այս հայտարարությունից 3,5 ամիս անց սկսվեց 44-օրյա պատերազմը, որի արդյունքում բանակը քանդվեց, Հայաստանն ունեցավ պաշտոնապես 4 հազար զոհ, ոչ պաշտոնապես 5 հազար թիվն է շրջանառվում։ Պատերազմի ընթացքում միլիարդավոր դոլարների սպառազինություն թողնվեց Ադրբեջանին։

Հատկապես պատերազմից հետո «Զինված ուժերի իմիջի» դեմ սկսվեց լայն հարձակում իշխանության ներկայացուցիչների կողմից։ Ընդհուպ՝ վարչապետը հայտարարեց, որ իզուր ենք բանակին հավատացել։ Պատերազմում պարտության մեղքը գցվեց նաև բանակի և զինվորականների վրա, թեև մինչ այդ բանակը համարում էր ամենամարտունակը ողջ տարածաշրջանում։

Զինված ուժերում ծառայության իմիջի խոստումը թե որքանով է կատարված, կարելի է չափել Ազգային ժողովում իշխող ուժի պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ գումարի դիմաց բանակ չգնալու վերաբերյալ օրինագծով։

21052020թ ելույթ Արցախում՝ Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ

Խոստում – Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պետք է բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչման։

Իրական պատկեր – 08122021թ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Պատասխանատու ասում եմ, 2018 թվականին ստացած բանակցային բովանդակությամբ, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չգտնվելու նույնիսկ տեսական հնարավորություն չուներ»։

Փաստացի, ստացվում է, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին գիտեր, որ Արցախը, ըստ իրեն, Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու հնարավորություն չուներ, սակայն 2020թ․ խոստանում էր ինքնորոշման իրավունքի ճանաչում միջազգայնորեն։

Շարունակելի

Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 9–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 10–ը

Անցնել ամբողջ շարքին

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը