Մեկնաբանություն

12.12.2023 14:54


Ինչպես կանխել Երևանի քաղաքապետարանի թալանչիական ծրագիրը

Ինչպես կանխել Երևանի քաղաքապետարանի թալանչիական ծրագիրը

Ինչպես ՔՊԿ-ն քաղաքապետ դարձրեց Ավինյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՔՊԿ-ն, Երևանի ավագանու ընտրության ժամանակ չստացավ երևանցիների մեծամասնության վստահության քվեն, սակայն կցորդ կառույցի՝ Արամ Զավենովնայի գլխավորած «Հանրապետություն» խմբակցության կողմ քվեի ու ավագանու նիստում «Հանրային ձայն» խմբակցության կողմից քվորումի ապահովման միջոցով Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ (ի դեպ, Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է օրենքի խախտումով, քանզի այդ նիստի ժամանակ քվորում չի եղել. «Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկել է Ավինյանի լիազորությունների ստանձնման ոչ օրինական լինելը):

Եթե «Հանրապետություն» խմբակցության մասով ամեն բան պարզ է, ապա «Հանրային ձայնի» վարքագիծը պետք է գնահատականի արժանանա դրան ձայն տված այն քաղաքացիների կողմից, որոնք կարծել են, որ «Հանրային ձայնին» քվե տալով՝ քվեարկում են Տիգրան Ավինյանին քաղաքապետ չդարձնելու օգտին:

«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյկոտել էին քաղաքապետի ընտրության նիստը: «Հանրային ձայնը» քաղաքապետի ընտրության ավագանու նիստին մասնակցելով՝ ապահովել է քվորում ու փաստացի աշխատել Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելու օգտին: Մնացածը դատարկ խոսակցություններ են:

Ճիշտ է, «Հանրային ձայնը» դեմ քվեարկեց Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուն, բայց դա փաստացի կողմ քվեարկություն էր, քանզի քաղաքապետի ընտրության նիստին մասնակցելով ու քվորում ապահովելով՝ «Հանրային ձայնի» դեմ քվեարկելը ոչինչ չէր փոխում, հակառակը՝ օգնում էր Տիգրան Ավինյանին:

Եթե անգամ մյուս խմբակցությունները գային ու կրկին դեմ քվեարկեին Ավինյանին, ապա միևնույն է ավագանիների փաստացի մասնակցության քանակով ավինյանենք ավելի շատ կլինեին: Ավինյանին քվորումն էր պետք, «Հանրային ձայնը» դա ապահովեց: Ասել է թե՝ Ավինյանը, ժողովրդական լեզվով ասած, շան մազից է կախված:

Ինչպես խոչընդոտել ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի հակաժողովրդական քայլերին

Այս պահին խոչընդոտելու մեկ տարբերակ կա: Թույլ չտալ, որպեսզի ավագանու նիստերը կայանան: Դրա հնարավորությունը «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը» և «Հանրային ձայնը» ունեն: Եթե, իհարկե, համատեղ բոյկոտեն ավագանու նիստը:

Հիմա ավելի դետալային ներկայացնենք, թե ինչի մասին է խոսքը և ինչպես կարելի է ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիային իր տեղը դնել:

Երևանի ավագանին ունի 65 անդամ: «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» խմբակցությունը միասին ունեն 32 ավագանի, այսինքն՝ կեսից պակաս:

«Մայր Հայաստանը», Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» կողմից փաստացի ղեկավարվող «Ազգային առաջընթաց» խմբակցությունը և «Հանրային ձայնը» միասին ունեն 33 ավագանի, այսինքն՝ կեսից ավելին: Եթե այս ուժերը միասնաբար քվեարկեն կամ միասնաբար բոյկոտեն, ապա Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ-ն ու «Հանրապետությունը» ոչ միայն չեն կարողանա իրենց ուզած որոշումներն անցկացնել, այլ նաև քաղաքապետ ունենալ: Բայց խնդիրն այն է, որ «Հանրային ձայնի» ցուցակի առաջին երկու մարդիկ չեն մասնակցում ավագանու նիստերին: Մեկը կալանավորված է, մյուսը՝ դրսերում: Նրանք չեն հրաժարվում ավագանու մանդատից, որպեսզի իրենց փոխարեն «Հանրային ձայնի» ավագանու ցուցակի հաջոդ երկու հոգին դառնան ավագանի: Արդյունքում՝ 2 ավագանիով քչանում են ոչ իշխանական ավագանիները: Այսինքն՝ ոչ իշխանական ավագանին նիստերի ժամանակ ունենում է փաստացի 31 մանդատ՝ զիջելով ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիային, որը, կրկնենք, տիրապետում է 32 մանդատի:

Ստացվում է, որ Տիգրան Ավինյանն ու իր կողմնակիցները, չունենալով մեծամասնություն, նիստերի ժամանակ քանակային առավելություն են ստանում ու կարող են ցանկացած որոշում անցկացնել: Միակ տարբերակը, որով հնարավոր է ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի առաջ քաշած որոշումների դեմն առնել, մնում է ավագանու նիստերի քվորում չապահովելը: Որպեսզի նիստը չկայանա, անհրաժեշտ է, որ ոչ իշխանական 3 ուժերը չմասնակցեն նիստին:

Ինչպես թույլ չտալ կարմիր կետագծերով կայանատեղիների կտրուկ թանկացումն ու տեղական տուրքերի դրույքաչափերի ավելացումը

ՔՊԿ-ն նախընտրական փուլում ընտրել էր, «Ասե՛ք, կանե՛նք» կարգախոսը: Իրենց ոչ մեկ չի ասել, որ մայրաքաղաքի կենտրոնում կարմիր կետագծերով կայանատեղիների վճարը թանկացնեն ավելի քան 13 անգամ կամ տեղական տուրքերի ու վճարների չափերը բարձրացնեն, բայց Տիգրան Ավինյանը դա անում է: Այսինքն՝ քաղաքացուն սարքում է թալանի մատերիալ:

Երևանի ավագանու առաջիկա նիստում սպասվում է այդ թանկացումների որոշումների քննարկում: Եթե նիստը կայանա, ապա թանկացումները կլինեն: Նիկոլենք ուզում են Նոր տարվա «նվեր» մատուցել իրենց իսկ կողմից հպարտ որակված քաղաքացիներին՝ թանկացումների, ավելի կոնկրետ՝ թալանի տեսքով:

Միակ տարբերակը, որը հնարավորություն կտա թույլ չտալ այդ թանկացում-թալանը, ոչ իշխանական ուժերի կողմից նիստերի բոյկոտն է՝ քվորում չապահովելը: Եթե նիստը կայանա, ապա վերը նշված մեխանիզմով ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան քանակային առավելություն կստանա, և թանկացման որոշումները կանցնեն:

«Մայր Հայաստանն» արդեն հայտարարել է, որ դեմ է կարմիր կետագծերով կայանատեղիների թանկացմանը: Մնում է «Ազգային առաջընթացը» և «Հանրային ձայնը» հստակեցնեն իրենց դիրքորոշումները՝ մասնակցելո՞ւ են նիստին, թե՞ ոչ: Եթե միայն «Մայր Հայաստանը» բոյկոտի նիստը, ապա դա բավարար չէ նիստը տապալելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի մյուս երկուսն էլ բոյկոտեն: Եթե նիկոլական կոալիցիայից դուրս որևէ ուժ, նույնիսկ դեմ խոսելով կարմիր կետագծերին, մասնակցի նիստին ու դեմ քվեարկի, ապա միևնույն է գործելու է թանկացումների օգտին: ՀՀ քաղաքացիները պետք է լավ իմանան այս մասին ու թույլ չտան, որպեսզի իրենց ականջներից «լապշա» կախեն կեղծ ընդդիմություն խաղացողները: Թե ինչ կունենանք գործնականում, կերևա առաջիկա օրերին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը