Մեկնաբանություն

08.12.2023 18:39


Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին

Երեկ տարածվեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության համատեղ հայտարարությունը: Տեղի ունեցավ գերիների փոխանակում, բայց ոչ թե «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, այլ Հայաստանի կողմից բոլորի հանձմամբ, իսկ Ադրբեջանի կողմից՝ մասնակի հանձնմամբ: Այսինքն՝ Ալիևն ու Նիկոլը համատեղ որոշել են Բաքվի բանտում պահել Արցախի ռազմաքաղաքական նախկին ու ներկա ղեկավարության այն անդամներին, որոնք գերի են վերցվել, ինչպես նաև էլի մի քանի հայ գերիների:

Ակնհայտ է, որ Ալիևի ու Փաշինյանի պայմանավորված խաղի քավորն Արևմուտքն է, որի խնդիրը մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումն է ու Իրանի դեմ պլացդարմ սարքելը: Հայաստանը դրանից ոչինչ չի շահելու, ավելին՝ կորցնելու է: Շահելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որին, ըստ ամենայնի, խոստացվել են անձնական անվտանգության երաշխիքներ «ա լյա» Բելառուսի նախագահի թեկնածու Տիխանովսկայա, և հնարավորության դեպքում (եթե Հայաստանը մնա քարտեզի վրա) աջակցություն նիկոլական իշխանության պահպանմանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիևը բազմիցս է նշել այս պահին իրենց ուզածը, այն է՝

-Արցախի հարցի վերջնական փակում՝ այն դիտարկելով Ադրբեջանի մաս,

-Արցախի հայաթափման լեգիտիմացում,

-Ադրբեջանի արևելյան հատվածի ու Նախիջևանի միջև կապ Հայաստանի տարածքով. այդ ճանապարհի կառուցման ծախսը պետք է հոգա Հայաստանը ու հետագայում այդ ճանապարհը պետք է գործի առանց մաքսային խոչընդոտների (Ալիևը փաստացի միջանցք է պահանջում, բայց այլ բառերով, որպեսզի չխանգարի Նիկոլին՝ Հայաստանում դա այլ կերպ ներկայացնելու և ՀՀ քաղաքացիներին խաբելու համար),

-Հայաստանը պետք է հանձնի, այսպես կոչված, անկլավները,

-Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հրաժարվելով անկախության հռչակագրում Թուրքիային ու Ադրբեջանին դուր չեկող կետերից (ակնհայտորեն խոսքը վերաբում է Արցախին ու Հայոց ցեղասպանությանը):

Ալիևի հրապարակավ հնչեցրած այս պահանջներին Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել՝ «լռությունը համաձայնության նշան է» տարբերակով:

Հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Արևմուտքն ու Թուրքիան շտապում են և փորձում ապահովագրվել (Ուկրաինայում Արևմուտքի գործերը լավ չեն ու ակնհայտ է, որ Ռուսաստանն իր ձեռքերն ազատելուց հետո զբաղվելու է Հարավային Կովկասով): Դա է պատճառը, որ Ալիևը գնում է նախագահական արտահերթ ընտրությունների, իսկ Նիկոլն ապօրինի մեթոդներով փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ իշխանազավթում իրականացնելով այն համայնքներում, որտեղ ժողովրդի քվեով ոչ ՔՊԿ-ական իշխանություն է ձևավորվել:

Թե ինչ կլինի Ալիևի պահանջների բավարարումից հետո, դժվար չէ կռահել: Հաջորդ փուլում արդեն կյանքի կկոչվի «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին հիմիկվանից հրամցնում է որպես «խաղաղության խաչմերուկ»: Բայց դա արդեն հայ ժողովրդին պետք է մտահոգի:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը