Կարծիք

01.11.2011 15:53


«Գործն է անմահ»

«Գործն է անմահ»

Մարդու գործունեության մեջ կան բնագավառներ, որոնցում մնայուն տեղ զբաղեցնելու համար անհատը պետք է ի ծնե որոշակի հատկություններով օժտված լինի։ Օրինակ ո՞վ չգիտի, որ բանաստեղծ չեն դառնում, եթե ձիրքն ի վերուստ չի շնորհվել։ Ըստ էության՝ նման բնագավառների թվին է պատկանում նաև դիվանագիտությունը։

Հայ դիվանագետներից Կամո Ուդումյանը իրոք մնայուն անուն է։ Նա 1927թ. լույս աշխարհ է եկել Հայաստանի հյուսիս–արևելքում ծվարած մի անկրկնելի բնաշխարհում՝ Տավշո երկնքի տակ։ Այնտեղ՝ նրա հայրենի Չորաթան գյուղում ու բնակության վայր Բերդում, «նոր» կյանք էր կառուցվում, նահապետական կենցաղն ու բարքերը տեղի էին տալիս մի անսովոր՝ խորհրդային կարգի առջև, որին հետադարձ հայացք նետելով՝ մարդկությունն այսօր ամենաբացասական գնահատականներն է տալիս։

Նրա սերնդի մարդկանց վիճակված էր հիրավի ծանր, հակասական, ինքնադրսևորվելու համար գրեթե անհնարին ժանամակաշրջան։ Թեև, այդ ժամանակաշրջանն անգամ չէր կարող նսեմացնել «Տաշած քարը գետնին չի մնա» իմաստուն խոսքի արժեքը։ Այստեղ գուցե ավելորդ չէ հիշատակել արդեն 1970–ականների վերջին լեռնաշխարհի մարդկանց Համո Սահյանի ու Խորեն Պալյանի տված գնահատականները։ Մշակութային կյանքով եռացող Երևանից հեռավոր Բերդ գալով՝ նրանք երևի ակնկալել էին հանդիպել թերի կրթությամբ հողագործների, ովքեր անտարբեր դեմքերով ուղղակի ծափահարելու էին իրենց ելույթները։ Մինչդեռ ընդամենը մի փոքրիկ դահլիճում հավաքվածներին նայելով ու լսելով՝ Համո Սահյանը  չէր դադարում ասել՝ ինչ ազնվական ազգ ենք մենք, որ աշխարհից կտրված այս վայրում այսպիսի որակներ ունենք, իսկ Լուսինե Զաքարյանի հետ Բերդի մշակույթի պալատում համերգի ժամանակ Խորեն Պալյանը մի քանի անգամ ոգևորված կրկնեց՝ ես հանդիսատեսի այսպիսի արձագանք միայն Երևանի oպերային թատրոնի դահլիճում եմ տեսել։ Հենց նման որակներն էլ Կամո Ուդումյանի սերնդի կյանքում դարձան այն խթանը, որով նրանք հետպատերազմյան ծանր տարիներին մի կերպ հասնում էին Երևան՝ լրացնելու կրթության ծարավը, ու նաև նրանց ծառայությունն էր, որ 70-80–ականների Շամշադինը մշակույթն այդպես գնահատել գիտեր։

Կրթության այդ ծարավը և ինքնադրսևորվելու մղումը Կամո Ուդումյանին տարան մայր բուհ՝ պատմություն ուսումնասիրելու։ Բազմաթիվ շրջանավարտներ են պետհամալսարանը գերազանց ավարտել, սակայն եզակիներն են հասել նման արդյունքների։ Կամո Ուդումյանի պարագայում արդյունքն արտահայտվեց մենագրություններում ու ուսումնասիրություններում, ինչպես նաև պատմագիտության դոկտորի կոչումով։ Իհարկե, նաև այն բոլոր բնագավառներում, որտեղ աշխատեց որպես ղեկավար՝ դրսևորելով լավ կազմակեպչի ու արդյունավետ ղեկավարի բնածին հատկությունները։ Բավական է միայն թվարկել՝  ԵՊՀ կոմերիտմիության կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի համակարգման խորհրդի, ապա՝ ԳԱ Պատմության ինստիտուտի գիտական քարտուղար, ՀԿԿ Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղար, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀԽՍՀ մշակույթի նախարար, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ դեսպանը Նեպալի Թագավորությունում, ապա՝ Լյուքսեմբուրգի Դքսությունում, ԽՍՀՄ ԱԳՀ տեղեկատվության վարչության պետի տեղակալ: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության խորհրդատուների խմբի ղեկավարի տեղակալ…

Հայը Խորհրդային Միությունում երկու պարագայում կարող էր բարձունքների հասնել ու ղեկավարության վստահությանն արժանանալ՝ կա՛մ պետք է օժտված լիներ անուրանալի ու անփոխարինելի բարեմասնություններով, կա՛մ էլ իր ազգին դավելով՝ ամեն կերպ դեպի վեր ձգտեր։ Ժամանակը ցույց տվեց՝ Կամո Ուդումյանը, անկասկած, առաջինների թվին է պատկանում, ու դրա վկայությունն է սեպտեմբերի երեքին նրա մահվան կապակցությամբ հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներում եղած անդրադարձներից մեջբերված ներքոհիշյալ հատվածը։  «ԱԶԳ»–ը իր #156, 06-09-2011–ի «Երևելի պետական գործիչը, դիվանագետը» հոդվածում գրում է. «1979-87 թթ. նա ԽՍՀՄ դեսպանն էր Լյուքսեմբուրգում: Լյուքսեմբուրգյան «Թագենբլատ» թերթը մի առիթով գրել է. «Մեծ եռանդի տեր մարդ, աշխույժ զրուցակից, պարոն Ուդումյանը շատ է տարբերվում իր նախորդներից: Հակառակ դիվանագիտական միջավայրում ընդունված մենախոսությունների, նա բանավեճ վարել գիտի և ազատորեն շարադրում է իր մտքերը: Իր գործունեության մասշտաբները համաեվրոպական բնույթ են կրում: Պետք է ծնվել դիվանագետ. Կամո Ուդումյանը, իր մասնագիտությանը տիրապետելով կատարելապես, զրույցի ընթացքում հոյակապ օգտագործում է նաև իր անձնական հաղթաթղթերը, իսկ մեկ-մեկ գործի դնում իր ողջ հմայքը»։

Արձակագիր, ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն էլ «Հայոց աշխարհին» տված «Փերեզակների և մազալուների ժամանակը» հարցազրույցում ասում է. «Տեսեք, հաճախ է շեշտվում Կամո Ուդումյանի անունը, որը մշակույթի ներկայացուցիչ չէր, բայց պետական պաշտոնյա էր բառի իսկական իմաստով։ Ժողովրդի ու մտավորականության հիշողությունն այնքան կենդանի է այդ մարդուն գնահատելիս։ Չկա մեկը, որ բացասական բան ասի նրա մասին։ Այդ մարդը, երբ նստել էր նախարարի աթոռին, ասել էր՝ ես այս ոլորտում այս, այս բաներին չեմ տիրապետում և հրավիրել էր մարդկանց, որոնք տիրապետում էին։ Սա արդեն իսկ խելքի նշան է։ Մարդն այնքան կիրթ ու խելացի է, որ հասկանում է՝ ինքն ամենագետ չէ և չի կարող հաղթահարել մշակույթի նման անսահման ծովը, լողալ չի կարող առանց օգնության»։

Կամո Ուդումյանի ազգականներից մեկն ինձ երկու փոքրիկ դրվագ պատմեց, որ լսել է անձամբ իրենից՝ Չորաթանի նրանց տանը հյուրընկալվելիս։ Լյուքսեմբուրգում դեսպան եղած ժամանակ մտնում է մի սրճարան։ Երբ երկրոդ անգամ է գնում, նրան ներս են հրավիրում, պատիվներ տալիս և ուրախությամբ հայտնում, որ ԽՍՀՄ դեսպանի այցը մեծացրել է իրենց այցելուների թիվը։ Մի անգամ էլ նորանշանակ դեսպանին փորձում են խոսքի վրա բռնացնել ու հարց են տալիս, թե ո՞ւմ օղին է ավելի թունդ՝ ռուսների՞, թե՞ ճապոնացիների։ Դիվանագետը չի շփոթվում, վրա է բերում, թե թույլ օղի ունեցողը պատերազմում հաղթել չէր կարող։

Մեր հայրենիքի նորօրյա անկախության տարիներին էլ, թեև արդեն բավական առաջացած տարիք ուներ, նա իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնում էր ազգին՝ Մոսկվայում զբաղվում էր հայկական համայնքի ազգային կյանքի խնդիրներով, Երևանում՝ դասախոսում համալսարաններում։

Կամո Ուդումյանը, որ մեր մոլորակի տարբեր հորիզոնականներում էր եղել ու շատ բան էր տեսել, ցանկացավ իր հետմահու կյանքում հայրենի Տավուշի մասնիկը դառնալ. իր իսկ կամքով նշանավոր գործչի աճյունասափորը դատարկվել է Բերդի տարածքում։ Եվ, իհարկե, նրանից մնացել են երկրային կյանքում արված գործերը, բարի անունը, պայծառ հիշողություններ։ Իսկ գործի շարունակողներ թերևս կդառնան զավակները՝ Արմանն ու Նարինեն, երկուսն էլ գիտությունների թեկնածուներ, որդին՝ տեխնիկական, դուստրը՝ փիլիսոփայության։

Արմենուհի Փալանդուզյան

Այս խորագրի վերջին նյութերը