Մեկնաբանություն

26.11.2023 11:06


5–րդ շարասյունն ամենաբարձրն է գոռում 5–րդ շարասյան մասին

5–րդ շարասյունն ամենաբարձրն է գոռում 5–րդ շարասյան մասին

Նիկոլ Փաշինյանի 8–ժամանոց բեմադրության գլխավոր նպատակը դատարկաբանությունների արանքում իր պարտավորությունները վերահաստատելն ու սեփական հանցագործությունն այլոց վրա բարդելն էր։

Նիկոլի խնդիրը Հայաստանի ինքնիշխանության մասին կոկորդը պատռելով՝ Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելն է։ Նիկոլի քարոզած ինքնիշխանությունն ու անկախությունը թուրքական Հայաստանն է, որը զրկված է դաշնակիցներից։ Նրա քարոզած ինքնիշխանությունը բացառապես Ռուսաստանի ու Իրանի դեմ օգտագործվող Հայաստանն է։

Նիկոլն առաջարկում է թշնամանալ Ռուսաստանի դեմ ու մտնել Թուրքիայի տակ։ Նա Հայաստանի «կադաստրի թուղթն» ուզում է Թուրքիայից ու Ադրբեջանից ստանալ՝ փոխարենը պատրաստակամություն հայտնելով զիջել «անկլավները»՝ շատ լավ իմանալով, որ զիջումներն «անկլավներով» չի ավարտվելու։ Բայց դա չի հետաքրքրում Նիկոլին ու առավելևս իր դրսի տերերին։ Դրսիններին հետաքրքրում է այս տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելն ու Հայաստանը հակաիրանական պլացդարմի վերածելը, իսկ թե ինչ կմնա դրանից հետո մեր երկրից՝ արդեն թքած։

Ինչ մնում է Նիկոլի ակնկալիքներին, ապա նա իր հակառուսական և հակաիրանական քաղաքականության դիմաց ակնկալում է իշխանության պահպանություն ցանկացած հողակտորի վրա, որը կմնա իր զիջումներից հետո։ Իսկ եթե այդ զիջումներից հետո Հայաստանից ոչինչ չմնա, ապա Նիկոլն ակնկալում է սեփական անվտանգության երաշխիքներ։ Սա՛ է նրա «ինքնիշխանության» ապահովման քաղաքականության իրական դեմքը։ Բայց ինչպես բոլոր փորձված հանցագործներն են ամենաբարձրը բղավում հանցագործին բռնելու մասին, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն է բարձր բղավում մեր երկրում 5–րդ շարասյան մասին՝ ինքը լինելով թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչ ու Հայաստանի ինքնիշխանության գերեզմանափոր։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը