Քաղաքական

24.11.2023 13:20


Արցախի անկումն անգրագիտության, քաղաքական անմեղսունակության, դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Արցախի անկումն անգրագիտության, քաղաքական անմեղսունակության, դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը խորհրդրարանական լսումների ժամանակ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի հայաթափումը, արցախահայության բռնի տեղահանումը, որը էթնիկ զտում է և ցեղասպանության տարատեսակ, տեղի ունեցավ ոչ միայն Ալիևի հանցավոր քայլերի, միջազգային հանրության լուռ հայացքի ու ցինիկ հաշվարկի, այլ նաև Հայաստանի իշխանությունների, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հանցավոր քաղաքականության արդյունքում:

Արցախի անկումն անգրագիտության, քաղաքական անմեղսունակության, դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է: Այդ ամենը բերեց հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկին:

Արցախի հայաթափման գործընթացն սկսեց 2018-ի մայիսի 9-ից, երբ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը Ստեփանակերտում հնչեցրած իր հայտարարությամբ դրեց բանակցային գործընթացը փակուղի մտցնելու, տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումները վիժեցնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ պատերազմի դուռը բացելու քաղաքականության հիմքերը: Դրանց հաջորդեցին 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմը, մեր մարդկային ու տարածքային կորուստները:

2020-ի 44-օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այն, բնականաբար, մեր երազանքների փաստաթուղը չէր, բայց տվյալ պահի ռազմաքաղաքական հաշվեկշռի ամրագրումն էր, որը հնարավորություն էր տալիս Արցախի հարցի էջը փակված չհամարել ու դրան անդրադառնալ ավելի բարենպաստ պայմաններում: Այդ բարենպաստ պայմանների ապահովման համար անհրաժեշտ էր համառ ու քրտնաջան աշխատանք: Եթե Փաշինյանին մնար, ապա 2020-ին մենք նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ չէինք ստանա, այսինքն՝ Շուշիի հետ կկորցնեինք նաև Ստեփանակերտը: Հետագա զարգացումներն ապացուցեցին այս թեզը, քանզի 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս՝ Բաքվին հնարավորություն տալով նախ ամիսներով պաշարել Արցախը, ապա՝ իրականացնել արցախահայության բռնի տեղահանում:

Հիմա Հայաստանի քաղաքացիներին ուզում են համոզել, որ Արցախի կորուստը բարեբախտություն է, քանզի Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով զարգանալու հնարավորություն է ստացել: Այսինքն՝ առաջարկում են ուրախանալ հազարավոր զոհերի, 120 հազար տեղահանված արցախցիների, հայկական Արցախի կորստյան առիթով: Իրականում՝ հանուն սեփական անվտանգության՝ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական առևտրի առարկա՝ անվտանգության կեղծ երաշխիքների խոստումներ տալով։

Հարգելի քաղաքացինե՛ր,

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը՝ հակասում է մեր Անկախության հռչակագրին, ՀՀ սահմանադրությանը, Գերագույն խորհրդի կողմից 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ոգուն: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու մեր թշնամիներից Հայաստանի համար կադաստրի թուղթ մուրալը ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ու պարտություն կարող է բերել: Նաև տարածքային ու, ի վերջո, պետականության կորուստ՝ արդեն Հայաստանի՛ համար:

Օրվա իշխանության քաղաքականությունն ու քարոզը հետևյալն է՝ մոռացե՛ք Արցախի մասին, բավարարեք Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները, որ լավ ապրեք: Այսինքն՝ իրենց առաջարկած «ապագա կան» թրքացման թեմայով է: Մենք համոզված ենք, որ Արցախի հարցը փակված չէ: Սպառված չեն Արցախի ու արցախահայության իրավունքների պաշտպանության դիվանագիտական հնարավորությունները: Պարզապես դրա համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ու հայամետ իշխանություն, ինչպիսին որ օրվա իշխանությունը չէ: Հետևաբար՝ միայն իշխանափոխության ու ազգային նոր իշխանության ձևավորման պարագայում է հնարավոր մեր անվտանգային խնդիրների լուծումը, մեր երկրի զարգացման ապահովումը:

Այս խորագրի վերջին նյութերը