Կարծիք

31.10.2011 11:14


Ճամբարավորված Հայաստան

Ճամբարավորված Հայաստան

Ցավալի է, բայց` փաստ. Հայաստանն այսօր բաժանված է երկու անհամաչափ ճամբարի: Մի կողմում ունեզուրկների ու արդարություն որոնողների հոծ զանգվածն է, մյուսում` իշխող քրեաօլիգարխիկ բուրգը` արտոնյալ յուրայինների անհամեմատ սակավաթիվ, բայց հզոր ու կոռումպացված կլանով, ում ձեռքում են կենտրոնացած ուժը, փողը եւ բաշխման լծակները: Մեկը գնալով հուսալքվում, նվաղում ու այդպես էլ չի կարողանում հասնել որոնածին, իսկ մյուսը` հղփանում, բարգավաճում եւ մտմտում է իր սոցիալական խարիսխն ամրացնելու, իր իշխանությանն ու տնտեսական հզորությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նորանոր ելքեր:

 

Ընդ որում` իշխող ճամբարի յուրաքանչյուր առանցքային դեմք կամ միավորում դա անում է յուրովի: Այսինքն` մի իրավիճակ է, որտեղ պետական անվտանգություն, համազգային շահ, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ նմանօրինակ արժեքները ստորադասվում են կառավարող էլիտայի անձնական շահերին ու պատվախնդրություններին, ծառայում ընդամենը իշխանության մեջ նրա դիրքերի ամրապնդմանը: Այս կանոնից շեղվողները կամ վտարվում են ճամբարից, կամ հարկադրված են լինում ինքնակամ կապել ճամպրուկները: Երեւանի քաղաքապետի հրաժարականը, թերեւս, դրա ամենաթարմ օրինակներից է:

Համատարած անվստահության պայմաններում բուրգի նույնիսկ ամենավերինները ստիպված են ժամանակ առ ժամանակ ստուգել բուրգի ներսում եւ նրա մատույցներում գտնվող կարեւոր դերակատարների նվիրվածությունը: Այդ նպատակով գործի են դրվում հավատաքննության զանազան թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներ` հայտարարություններ, հրապարակային խոստումներ ու հակասահմանադրական պայմանավորվածություններ պարտադրելուց մինչեւ, այսպես կոչված, «ղազագրեր», գաղտնալսումներ եւ այլն:

 

Մինչեւ վերջերս մամուլը հեղեղված էր լուրերով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է դուրս գալ կոալիցիայից ու տեղափոխվել ընդդիմադիր դաշտ: Փորձագիտական մակարդակով երեք հիմնական պատճառ էր դիտարկվում. ա/ «Բարգավաճն» ինքնուրույն խաղ է ձեռնարկում, որովհետեւ վստահ է իր ուժերին, բ/ իշխանությունը` հանձին ԲՀԿ-ի, դեսանտ է ուղարկում ընդդիմադիր դաշտ` այնտեղից հնարավորինս շատ ձայներ կորզելու համար, եւ գ/ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է աջակցել ՀՀ երկրորդ նախագահին, ով, կարծես թե, մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել:

Բնականաբար` ՀՀԿ-ի արձագանքը չէր կարող ուշանալ, եւ այն օրերս հնչեցրեց ոչ այլ ոք, քան Տիգրան Սարգսյանը` ընդ որում աննախադեպ բաց տեքստով: Վարչապետը, ըստ էության, «կո´ւժ, քեզ ասեմ, կուլա´, դու լսիր»  ժողովրդական ասացվածքի հանգույն նախազգուշացում հղեց բոլոր նրանց, ովքեր կփորձեն մերժել ՀՀԿ-ի հետ համագործակցությունը եւ գայթակղվել ինքնուրույն խաղերով: Այդպիսիները, նրա խոսքով, վաղ թե ուշ կկանգնեն «կոտրած տաշտակի» առջեւ: Իրավիճակն ավելի լավ հազիվ թե հնարավոր լիներ բյուրեղացնել. ստացվում է, որ Հանրապետականի եւ նրա թիվ մեկ դեմքի շուրջ չհամախմբվողները կամ ՀՀԿ-ի «թրի տակով» չանցնողները ինքնաբերաբար կհայտնվեն հակառակ ճամբարում: Ինչը եւ հարկ էր ապացուցել:

 

Սակայն, չնայած բուրգի` արտաքուստ թվացող ամրությանն ու կամակոր յուրայինների նկատմամբ վերնախավի չհանդուրժող վարքագծին, նրա հիմքերը բավական խախուտ են: Վարչակարգի լեգիտիմության պակասը իշխանական էշելոնի ներկայացուցիչներից ոմանց մղում է նորովի դիրքավորվելու, ավելի հուսալի տերերի ապավինելու կամ, պարզապես, արատավորված շրջանակից դուրս գալու եւ անկախ գործելու անհրաժեշտության: Ոմանք էլ` չունենալով այլ ռեսուրս, արեւի տակ իրենց տեղը պահպանելու համար, որպես կանոն, տուրք են տալիս շողոքորթությանը, խարդավանքներին եւ ծառայամտությանը: Այնպես որ, թյուրիմացություն կլիներ կարծել, թե այս ճամբարի կյանքը քաղցր ու անամպ է: Հայաստանյան վերնախավը հետանկախական շրջանում երբեք ներիշխանական գզվռտոցի պակաս չի զգացել:

Իսկ ներկայում` առավել եւս, որովհետեւ մոտենում են համապետական ընտրությունները, եւ իշխանական ճամբարում իրարանցում է: Վճռական ընտրապայքարի պատրաստվող ՀՀ գործող ու նախկին երկու նախագահների շուրջ հետաքրքիր վերադասավորումներ են ուրվագծվում: Հասարակության մեծամասնությանը հիասթափեցրած երեք նախագահները, ըստ էության, ընտրազանգվածի այդ շերտին պատկերանում են իբրեւ եռագլուխ հիդրա, որն ուզում է գալ` կործանելու այն ամենը, ինչ դեռեւս մնացել է Հայաստանից: Հետեւաբար` վերը նկարագրված ունեզուրկների, արդարության պայքարի դրոշակակիրների ճամբարը դեռ շարունակում է համառորեն ընդդիմանալ` ինչ-որ տեղ հավատալով աստեղային իր ժամին եւ այն լիդերի կամ քաղաքական ուժի ի հայտ գալուն, ով արմատական համակարգափոխության կառաջնորդի հույսի վերջին ծվենները տակավին չսպառած զանգվածներին:

Երկրում միգուցեեւ վիճակն օրհասական չէ, բայց մոտ է դրան: Շատ հոռետեսների տպավորությամբ` փրկվում է նա, ով թողնում-հեռանում է: Արտագաղթը, հնարավոր է, առանձին ընտանիքների փրկության միակ ճանապարհն է, բայց Անկախության երանելի հանգրվանին հասած հայության համար խնդրի լավագույն լուծումը չէ: Ավելին` այն ինչ-որ առումով ազգային շահերի դավաճանություն է, որովհետեւ երկիրն իրական տիրոջ կարիքն ամենաշատը զգում է ծանր պահերին: Երկատված անորոշության եւ ճամբարավորված տագնապի պահերին:

Գևորգ Լալայան

Այս խորագրի վերջին նյութերը