Քաղաքական

16.11.2023 15:06


Եռաբլուրում ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է

Եռաբլուրում ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է

Զոհված զինծառայողների ծնողներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնությամբ բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Տեղեկությունը հայտնում է զոհվածների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը (9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ)»,–գրել է Հովհաննիսյանը։

Որոշման առնչությամբ փաստաբանը մի հանգամանք է ներկայացրել` նշելով, որ Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով, պանթեոն է ուղարկվել 439 ոստիկան (անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին)։

Հովհաննիսյանը շեշտել է, որ քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը հրաձիգներ են, հրաձիգ նռնականետորդներ և հրաձիգ գնդացրորդներ։

Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։

Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։

Այս խորագրի վերջին նյութերը